31/01/2025

Հայաստանը որևէ կերպ չպետք է հրաժարվի առնվազն խաղաղ միջուկի երկրի իր կարգավիճակից

Իրանի՝ հեղափոխությունների պահապանների կորպուսի գեներալ Ալի Շադմանը հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանից ձեռք է բերել Սու-35 բազմաֆունկցիոնալ կործանիչներ: Կրեմլի խոսնակ Պեսկովն առանց մեկնաբանության է թողել այդ մասին հարցը:

Ռուս-իրանական այդ գործարքի մասին տեղեկություններ հրապարակվում են պարբերաբար, սակայն երկու կողմերը կարծես թե ձեռնպահ են մնում դրա պաշտոնական հաստատումից: Պատճառն այն է, որ գործարքն ամբողջապես համաձայնեցված չէ՞, թե՞ կան այլ նրբերանգներ:

Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են ռազմավարական համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը, որտեղ խոսվում է նաև ռազմատեխնիկական սերտ գործակցությունը խորացնելու մասին, առանց, իհարկե, մանրամասների մեջ խորանալու:

Սու35-ների հարցը, սակայն, ըստ ամենայնի՝ պարզապես ռազմա=տեխնիկական գործակցության հարց չէ, և, ըստ ամենայնի, այդտեղ է թաքնված «շան գլուխը»: Սու 35 բազմաֆունկցիոնալ կործանիչները ի վիճակի են կրել նաև միջուկային մարտագլխիկներ: Արդյո՞ք դա չէ պատճառը, որ Իրանը հետաքրքրված է այդ օդանավերի ձեռքբերմամբ:

Իրանը, իհարկե, պաշտոնապես ոչ միայն չունի միջուկային զենք, այլ նաև իր ռազմական դոկտրինում ունի այդպիսի զենք ունենալու արգելք, այդ թվում նաև պայմանավորված դավանական հանգամանքներով:

Բայց Իրանն ի վերջո պետություն է՝ կայսերական հսկայական պատմությամբ, պետական մեծ ավանդույթներով և մտածողությամբ, պետական ռազմավարությամբ: Հարց է առաջանում, եթե այդ պետության էքզիստենցիալ մարտահրավերները շատ վաղուց նաև միջուկային են, արդյո՞ք Իրանը գործնականում զերծ կմնար այդ մարտահրավերներին համարժեք պատասխանի միջոցներ տնօրինելուց, եթե հատկապես ունենար դրա հնարավորությունը:

Իսկ որ Իրանն ունի այդ հնարավորությունը վաղուց, արձանագրել են ընդհուպ ԱՄՆ պետքարտուղարը, ամերիկյան հետախուզությունը: Այլ հարց է, որ Թեհրանը, տնօրինելով այդ հնարավորությունները, կարող է չհայտարարել այդ մասին, չֆորմալացնել իր միջուկային կարգավիճակը:

Ի վերջո, գլխավորը գուցե դա չէ, այլ պատասխան հարվածի հնարավորությունը, որի մասին անհրաժեշտ սուբյեկտները, իհարկե, կարող են տեղեկանալ կամ տեղեկացվել անգամ առանց հանրային հայտարարությունների:

Միևնույն ժամանակ, մի բան է ունենալ միջուկային մարտագլխիկներ, մեկ այլ բան՝ դրանք տեղափոխելու, այսպես ասած՝ թիրախին հասցնելու հնարավորություններ: Այդտեղ է, որ Սու 35-ները կարող են դիտվել հենց այդպիսին: Եվ դրանով է դրանց վերաբերյալ ռուս-իրանական գործարքի «ճակատագիրը» ուշագրավ:

Որովհետև այն, անշուշտ, կլինի ռեգիոնալ մեծ փոփոխությունների լրացուցիչ ինդիկատոր: Այդ թվում թերևս այն եզրահանգման բերող, որ Հայաստանը որևէ կերպ չպետք է հրաժարվի առնվազն խաղաղ միջուկի երկրի իր կարգավիճակից: