10/02/2025

Երևանի քաղաքապետը Հանրայինի եթերում սխալ է ներկայացրել առաջարկվող փաթեթի էությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հունվարի 29-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացնելով ուղետոմսերի փաթեթներում կատարված նոր փոփոխությունը, սխալ է ներկայացրել դրանց էությունը, արդյունքում սխալ են ստացվել նրա եզրահանգումները։

Երևանի քաղաքապետը, մասնավորապես, ասել է․ «Բացի մեկ ուղղության համար ուղետոմսը 150 դրամ դարձնելուց, ավելի կարևոր փոփոխություն ենք անում՝ գալիք արտահերթ նիստով քննարկելու ենք միասնական տոմսային անսահմանափակ փաթեթներին հավելյալ մեկ ամսվա ժամկետ տրամադրելը։ Այսինքն՝ մասնավորապես, եթե մարդը մեկ ամսվա փաթեթ է գնում անսահմանափակ երթևեկությունների հավելյալ ևս մեկ ամիս․․․ այդ փաթեթը գնելով մարդը ստանում է ևս մեկ ամիս հավելյալ ժամկետ, այսինքն՝ ընդհանուր առմամբ ստանում է երկու ամիս»։

Այս հայտարարությունից հետո Ավինյանը սկսում է հաշվարկ անել, թե որքան օգտակար է 9000 («Թելսելից» գնելու դեպքում՝ 8800 դրամ) դրամով երկամսյա (60 օր) փաթեթ գնելը․ «Եթե դա վերածեմ էն թվերին, որին մենք սովոր ենք․ եթե միջինում, նու միջին չասեմ, նվազագույնը եթե մարդը գնում է աշխատանքի ու վերադառնում է տուն, շաբաթ կիրակի տնից դուրս չի գալիս առհասարակ, 44 ուղևորափոխադրություն է կատարում 2 ամսվա ընթացքում, այս տարբերակով մոտավորապես 100 դրամին համարժեք է լինելու մի ուղևորափոխադրումը։ Իսկ միջինացված, որը 52 ուղևորափոխադրումն է մեկ մարդու համար, ստացվում է, որ 100 դրամից էլ նվազ թիվ է լինելու»։

Այս հաշվարկից հարցազրույցը վարող Պետրոս Ղազարյանի մոտ դրական տպավորություն է ստեղծվում, և նա էլ իր հաշվարկն է անում՝ ասելով, որ մեկ ամսվա փաթեթի դեպքում ուղետոմսի վարձը ստացվում է գրեթե 100 դրամ։

Այս դեպքում Ավինյանը արձագանքում է․ «Դա ակցիայի դեպքում, Պետրոս։ Ես նկարագրում էի մեր ակցիայի գները, որի դեպքում, վստահաբար, շատ են լինելու դեպքեր, երբ 100 դրամից էլ պակաս է լինելու»։  Այնուհետև, նա չի թաքցնում, ասում է՝ այդ ակցիայով փորձարկում են, որ մարդիկ օգտվեն փաթեթներից, քանի որ դրանք օգտակար են և ֆինանսական առումով և ժամանակային։

Բանն այն է, որ քաղաքային ամենաբարձր պաշտոնյայի ներկայացրած այս փաթեթը ժամանակավոր է, գործելու է միայն հունվար-փետրվար ամիսների համար, հետևաբար մարտ ամսից այն այլևս ուժի մեջ չի լինելու։ Ավելին, այդ մասին որոշում Երևանի ավագանին դեռ չի ընդունել, իսկ արտահերթ նիստը նախատեսված է հունվարի 31-ին։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված ավագանու նիստի որոշման նախագծի համաձայն, 2025 թ․ հունվարի 1-ից 2025 թվականի փետրվարի 28-ը 30 օրյա ֆիզիկական քարտ-տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 60 օրվա ընթացքում։

Այսպիսով, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում դիմում է մանիպուլյացիայի, հարցազրույցը սկսում է՝ ներկայացնելով ուղետոմսերի ժամանակավոր փաթեթը, այդ ընթացքում որևէ պահ չի ասում՝ դրա ժամանակավոր լինելու մասին, ներկայացնում ակցիան որպես հիմնական տոմսային համակարգի հիմնավորում։ Արդյունքում, հեռուստադիտողի մոտ (դրա վկայությունն է նաև Պետրոս Ղազարյանի արձագանքը-հեղ․) տպավորություն է ստեղծվում, թե առաջարկվող փաթեթը լավագույնն է, մի բան էլ՝ «100 դրամից պակաս»։

Հասմիկ Համբարձումյան