13/02/2025

Հայտնի է` Հրապարակի տեսանյութը տարածելու համար ձերբակալվածի անունը․ Լուսանկար

Հրապարակի տեսանյութը տարածելու համար ձերբակալված Ղարիբ Բաբայանն Արցախից է: Այս մասին հայտնել է փաստաբան Աբգար Պողոսյանը: Փաստաբանը տեղեկացրել է, որ քննչական կոմիտեն դիմել է դատարան Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդության համար:

Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

«Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։

Նշված արարքը կատարելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երեկ՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 23/1 հասցեի մոտ մի քաղաքացի կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ քաղաքային ավտոբուսում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ այդ արարքը կատարել է Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի, ում երբ թիվ 10 երթուղու ավտոբուսում նախազգուշացրել են, որպեսզի դադարեցնի անհարգալից վերաբերմունքը հասարակության նկատմամբ, նա չի դադարեցրել արարքը և շարունակել է արհամարական վերաբերմունքը, այդ թվում՝ տրանսպորտում հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների հասցեին։

Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այդ անձը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Միլարդ Վահիդն, ում նաև մի քանի քաղաքացիներ փորձել են կարգի հրավիրել, սակայն նա վիճաբանել է, ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն նկատողություն արած Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Յուրի Բ․-ին և Երևանի բնակիչ 21-ամյա Գագիկ Ա․-ին՝ վերջիններին պատճառելով ֆիզիկական ցավ։ Էրեբունու ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերում են Մ․ Վահիդին, ձերբակալում ու տեղափոխում ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրանցին ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը իրանցի այն քաղաքացիներից մեկն է, ով օրեր առաջ, իր համերկրացիների հետ Հանրապետության հրապարակում վայնասուն էին հնչեցրել ու ադրբեջանական երգեր երգել։

Աջափնյակի դատարանի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու Ղարիբ Բաբայանին։ Արցախցի գիտնականին  ձերբակալել են Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողների տեսանյութը հրապարակելու համար։