Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 29-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե Yandex քարտեզով հասանելի է Երևանի ավտոբուսային ամբողջական ցանցի դինամիկ քարտեզը:
«Մենք այս պահի դրությամբ Yandex քարտեզով ունենք ամբողջական ցանցի դինամիկ քարտեզը: Մարդը, երբ որ այդ Yandex քարտեզով որոշում է Ա կետից Բ կետ տեղափոխվել, տրանսպորտային այդ հավելվածով ինքը կարող է տեսնել ո՛ր տրանսպորտը ո՛ր րոպեին կլինի այդ կանգառում և կամ տեղփոխով որ ամենաարդյունավետ տրանսպորտով հասնել»,— նշել է Ավինյանը:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Yandex քարտեզ հավելվածով հասանելի Երևանի հանրային տրանսպորտի ցանցը և պարզել, որ Տիգրան Ավինյանի պնդումը սխալ է:
Բանն այն է, որ տվյալ հավելվածով մի շարք տրանսպորտային միջոցների առումով հասանելի է միայն երթուղին, իսկ տվյալներ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի և շարժի մասին հասանելի չեն:
Այսպես, օրինակ, 22 համարի HIGER մակնիշի ավտոբուսի վերաբերյալ Yandex քարտեզով հասանելի է միայն երթուղին, իսկ տրանսպորտային միջոցի շարժը հասանելի չէ: Այսինքն՝ 22 համարի ավտոբուսից օգտվող քաղաքացին եթե հետևի Ավինյանի խոսքին ու բացի Yandex հավելվածը՝ ստուգելու՝ որտեղ է հասել իր ավտոբուսը, չի կարող տեսնել դրա շարժը։
HIGER մակնիշի մյուս համարների ավտոբուսների (6, 10, 12, 14, 17) շարժի տվյալները նույնպես հասանելի չեն:
Շարժի տվյալները հասանելի չեն նաև ԳԱԶԵԼ ՍԻԹԻ մակնիշի տրանսպորտային միջոցների (օրինակ՝ 21, 26, 62, 64) և տրոլեյբուսների (օրինակ՝ 2,10) համար:


Yandex քարտեզով տրանսպորտային միջոցների շարժի և ժամանման ժամանակի մասին տվյալները հասանելի են միայն ՄԱՆ և ԺՈՆԳԹՈՆԳ մակնիշի ավտոբուսների համար:


Այսպիսով, քաղաքապետ Տիգրան Ավինյանի պնդումը, թե այս պահի դրությամբ Yandex քարտեզով հասանելի է Երևանի ավտոբուսային ամբողջական ցանցի դինամիկ քարտեզը, սխալ է, չի համապատասխանում իրականությանը:
Ի դեպ, Երևանի ավտոբուսներում GPS սարքերի ձեռքբերման ու տեղադրման մասին «Փաստերի ստուգման հարթակը»/FIP.am ավելի վաղ հրապարակում ունեցել է։ Դեռևս 2024 թվականի ամռանը գրել էինք, որ 448 GPS սարքերի ձեռքբերման համար Երևանի քաղաքային բյուջեից վճարվել էր մոտ 65 մլն դրամ, այսինքն՝ մեկ սարքն արժեցել էր 145 հազար դրամ՝ շուկայականից զգալի թանկ։ Գնումը կատարվել էր Երևանի ավագանու ընտրություններից առաջ՝ 2023-ի ամռանը։
Նման սարքեր ձեռք բերելու մասին խոսակցություն եղել է նաև 2024-ի հոկտեմբերին, երբ գործակարգավարական նիստերից մեկում քաղաքային իշխանությունների կողմից խոստում էր հնչել մինչև տարվա վերջ (2024-ի վերջ) մայրաքաղաքը սպասարկող ամբողջ տրանսպորտային համակարգի համար ձեռք բերել GPS տեղորոշման սարքեր։
Քաղաքային իշխանություններն այս սարքերով ավտոբուսները զինելու մասին խոստումներ տալիս են հասարակական տրանսպորտի բարեփոխումների մեկնարկից` 2021 թվականից։ Տարիներ են անցել, սակայն, մայրաքաղաքի ավտոբուսային համակարգը դեռ ամբողջապես չունի GPS տեղորոշման սարքեր։
Սյուզաննա Համբարձումյան
Բաց մի թողեք
Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը. Տխուր լուսանկարներ
Փարաքարը՝ քաղաքական եւ քրեական հորձանուտում
Անհայտ անձը կամ անձինք կոտրել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները