Հենց որ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակեց ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերը, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակի» վերաբերյալ, պաշտոնական քարոզչությունը ցնծաց՝ տեսա՞ք, թե ինչ էր ուզում աներ Քոչարյանը:
Մինչ այդ, ի դեպ, երբ նույն լրատվամիջոցը նմանատիպ փաստաթղթեր հրապարակեց 1997 թվականի «փաթեթային» տարբերակի մասին, նիկոլականները դժգոհեցին, որ «Ազատություն» ռադիոկայանը սերտաճել է ՀԱԿ-ի հետ: Այդ ամենը բնական է՝ իշխանությունն այլ կերպ չէր կարող արձագանքել: Իսկ մնացած ընդդիմադիրնե՞րը:
Եթե, «ընդդիմություն» ասելով, հասկանանք բոլոր այն ուժերին, որոնք հավակնում են իշխանությանը, ապա դրանք, ինձ թվում է, պետք է մարտավարական խնդիր լուծեն: «Մեղրիի տարբերակն», իմ կարծիքով, վատն էր՝ այն լուրջ վտանգներ էր պարունակում Հայաստանի ինքնիշխանության համար:
Բայց դա կարող եմ ասել ես, որովհետեւ ընդդիմություն չեմ՝ չեմ պատկանում իշխանության համար պայքարող որեւէ խմբի: Իսկ այդ խմբերը պետք է, կարծում եմ, հասկանան, որ այժմ այն պահը չէ, երբ պետք է ինքնահաստատվել՝ այլ ընդդիմադիրների հաշվին: Եթե բոլոր ընդդիմադիրների մեջ կա կոնսենսուս մեկ հարցի շուրջ, այն է՝ որ հնարավոր չէ երկիր ղեկավարել Փաշինյանից ավելի վատ, ապա դա միանգամայն բավարար է խաղի որոշակի կանոնների շուրջ պայմանավորվելու համար:
Եվ դրանցից մեկը գուցե լինի հետեւյալը՝ մինչեւ հաջորդ տարվա ընտրությունները կենտրոնանալ իշխանության, ոչ թե իրար քննադատելու վրա: Կարող է լինել եւս մեկը՝ ժամանակավորապես մոռանալ, թե ով ինչ է արել 2018 թվականից առաջ, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել 2018-ից հետո, իր աղետալի բնույթով չի համեմատվի անցյալի ոչ մի տապալման հետ: Մասնավորապես, ղարաբաղյան կարգավորման ոչ մի ծրագիր կամ նախագիծ հնարավոր չէ համեմատել այն փաստի հետ, որ Արցախն այլեւս գոյություն չունի:
Հնարավոր չէ պատկերացնել նաեւ, որ մեկ տարում ինչ-որ Ալֆա-Ցենտավրա մոլորակից Հայաստան կժամանի հրեշտակներից կազմված ինչ-որ ընդդիմություն եւ կհաղթի Փաշինյանին:
Քաղաքական գործընթացներին մասնակցելու է այն ընդդիմությունը, որն այսօր կա: Եվ այդ իմաստով պարզապես խելամիտ չէր լինի չօգտագործել այն ընդդիմադիր ուժերի հնարավորությունները, որոնք ունեն փորձ, կառույցներ եւ շարքեր:
Խոսքս նախեւառաջ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին է՝ անկախ նրանից, թե ով ինչպես է այդ կուսակցություններին վերաբերվում: Մինչեւ հերթական խորհրդարանական ընտրությունները մնացել է 1,5 տարուց պակաս ժամանակ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները