«Ռուսաստանի հետ լուրջ քննարկումների մեջ ենք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ չբացելով այլ մանրամասներ, թե ինչ մակարդակով են այդ քննարկումները և արդյո՞ք դրանք ենթադրել են նաև իր և Պուտինի շփում:
Օրեր առաջ, երբ Վաշինգտոնում տեղի ունեցավ ուղևորատար օդանավի աղետը, որի հետևանքով զոհվել են նաև ՌԴ քաղաքացիներ, Պուտինի հետ այդ թեման քննարկած լինելու վերաբերյալ հարցին տալով բացասական պատասխան, Թրամփը արել էր բազմիմաստ ձևակերպում:
Նա ասել էր, թե այդ թեմայով Պուտինի հետ չի խոսել: Ստեղծվել էր տպավորություն, որ Պուտինի հետ խոսել է, բայց ոչ այդ թեմայով: Խոսելով Ռուսաստանի հետ լուրջ քննարկումների մեջ լինելու մասին, Դոնալդ Թրամփը թերևս ավելի է խորացրել այդ ենթադրությունը, որ հնարավոր է տեղի է ունեցել չհանրայնացված շփում նրա և ՌԴ նախագահ Պուտինի միջև:
Մյուս կողմից, Թրամփը վաղուց է հայտարարել, որ հանձնարարել է իր թիմին աշխատել Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Դա նշանակում է, որ պետք է լինեն շփումներ, որովհետև հնարավոր չէ կազմակերպել հանդիպում առանց շփումների:
Բոլոր դեպքերում, Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպումը, անշուշտ, լինելով ինտրիգային, այդուհանդերձ զուտ այսպես ասած մթնոլորտի իմաստով անակնկալ չի լինի վաղուց, քանի որ Դոնալդ Թրամփն ու նրա թիմը այդ ընթացքում բավարար չափով աշխատել են հանրային կարծիքն այդ հանդիպման հնարավորությանը ադապտացնելու համար:
Այսօր գլխավոր հարցը, թերևս, այն է, թե արդյո՞ք ներկայումս ծավալվում է գործընթաց, որի նպատակը նույն հանրային կարծիքը արդեն Թրամփ-Պուտին հանդիպման որևէ կոնկրետ արդյունքի ադապտացնելն է:
Անկասկած է, որ նրանց «սեղանին» լինելու է ոչ թե Ուկրաինայի, այլ Եվրոպայի այսպես ասած ճակատագիրը: Մեզ, իհարկե, ավելի շատ հետաքրքրում է այն, թե այդ ամենը ինչ ազդեցություն կարող է ունենալ Կովկասի համար: Պետք է ենթադրել, որ օրինակ հենց այդ հարցն էր նախորդ շաբաթ Երևանում հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպման առանցքային հարցը:
Հաշվի առնելով այն, որ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն Երևանում հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունը «կենսական նշանակություն» ունի, պետք է ենթադրել, որ Բաքուն հրաժարվել է եռակողմ ձևաչափով որոշակի պայմանավորվածությունների միջոցով Կովկասի հարցում Թրամփ-Պուտին սակարկության առնչությամբ այսպես ասած «ապահովագրական» թեկուզ բարակ «գոտի» ստեղծելու առաջարկն ընդունելուց, որ արել էր Կոբախիձեն Բաքու այցի ընթացքում:
Ակնառու է, որ Բաքուն խաղադրույք է կատարում այդ սակարկության շնորհիվ Կովկասում ազդեցություն ավելացնելու տարբերակի վրա: Երևանն ու Թբիլիսին կկարողանա՞ն համատեղ ուժերով ձևավորել այդ հաշվարկի գործուն հակահաշվարկ:
Բաց մի թողեք
Ալիևը մի օր էլ հանկարծ կհայտարարի, որ Արցախի «երկաթյա բռունցքը» ոչ թե իրենն է եղել, այլ՝ Էրդողանինը
Էրդողանը սեր է փնտրում ռուս – ամերիկյան ձնհալում
Զախարովան դեռ կարծում է, որ պետք է խորհուրդ տա Հայաստանին ու ․․․ տալիս է