2024 թվականին Հայաստանի բյուջեի հարկային մուտքերը 2023 թվականի համեմատ աճել են երեք անգամ ավելի պակաս ցուցանիշով: Եթե 2023-ին բյուջեի հարկային մուտքերն ավելացել են 15,4 տոկոսով, ապա 2024-ին աճը կազմել է 5,1 տոկոս:
Դա վկայում է, որ նվազել է տնտեսության պոտենցիալը, եթե անգամ թվաբանական առումով տնտեսությունն աճել է: Այլ կերպ ասած, դա վկայում է տնտեսության աճի դանդաղելու մասին:
Եթե տնտեսությունն աճում է դանդաղ, եթե հարկային մուտքերի աճը մեկ տարվա ընթացքում նվազում է երեք անգամ, ապա դա նշանակում է, որ այդպիսի «դինամիկայով» նվազում է երկրի կենսունակությունը, քանի որ պետության կենսունակության հիմքը տնտեսությունն է, իր որակով, ցուցանիշով, դինամիկայով: Ինչպե՞ս է արձագանքում այդ ամենին կառավարությունը, տնտեսական քաղաքականության ի՞նչ դրսևորումներով:
Առայժմ բացի, ըստ էության, վարչահրամայական մամլիչի կիրառումից՝ հարկերի ավելացում, քաղաքացիների հանդեպ ֆինանսավարկային վարչական մեխանիզմների կիրառում՝ համընդհանուր հայտարարագրերի տեսքով, կառավարությունը, կարծես թե, չի մատուցում տնտեսական քաղաքականության որևէ հիմնարար խրախուսման առաջարկ:
Ավելին, եղած համեստ, ըստ էության լոկալ ոլորտային բնույթի առաջարկների զգալի մասը ենթադրում են այս կամ այն կերպ պետական սուբսիդավորման տրամաբանություն:
Եթե պետությունն ունենար շատ փող, հարկային շատ մուտքեր, ապա այդ մոդելը կրող էր լինել ընդունելի՝ կա շատ փող, այդ փողը պետությունը ծախսում է տնտեսական ակտիվությունն ավելի խթանելու և խրախուսելու, այսպես ասած մուլտիպլիկատիվ էֆեկտը բազմապատկելու համար:
Բայց, տեսնում ենք, որ այդ փողը չկա, այլապես կառավարությունը չէր փորձի ավելացնել հարկային բեռն ու, ըստ էության, հարկման վարչական մեխանիզմները: Հետևաբար, տնտեսական կենսունակության խրախուսումը պետք է պարունակի ոչ թե ֆինանսական բաղադրիչ, այդպիսով ավելացնելով ֆինանսական բեռը հենց պետության համար, բյուջեի, այլ կեպ ասած հարկատուների «մյուս գրպանի» համար, այլ պարունակի տնտեսական որոշումների կրեատիվություն, ինչպես նաև թե՛ Հայաստանի ներսում եղած ներդրումային պոտենցիալի խթանում, թե՛ արտաքին ներդրումային ներուժի ներգրավման ուղղությամբ ջանքի ու հմտության բազմապատկում: Հայաստանում ներդրումային պատկերի մտահոգիչ լինելու մասին օրեր արտահայտվել էր նաև Համաշխարհային բանկը, որը կայացրել է Հայաստանին առաջիկա հնգամյակում 1,7 միլիարդ դոլար հատկացնելու որոշում՝ նոր հնգամյա ռազմավարության շրջանակում:
ՀԲ փորձագետները նշում են, որ Հայաստանի տնտեսությունում խիստ ցածր է ներդրումների ծավալը: Սրանք պարամետրեր են, որոնք կանխորոշում են ոչ միայն տնտեսության, հետևաբար պետության կենսունակություն, այլ նաև վկայում կառավարման անարդյունավետության մասին, որը ծածկելու խնդիրն էլ, ըստ էության, դրվում է տնտեսական բավարար սնուցում չստացող պետական բյուջեի վրա, այսինքն` հարկատուների «գրպանի» վրա:
Բաց մի թողեք
Անկում տարադրամի շուկայում․ փետրվարի 4-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասերի գործունեությունը. Լուսանկար
Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փետրվարի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են