04/02/2025

ՔՊ-ականները ինքնապաշտպանության համար դատի են տալիս մամուլին. Լուսանկար

«Անցած 10 օրում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու մի ՔՊ-ական պատգամավոր դատի են տվել «Ժողովուրդ» օրաթերթին ու շտապում են բացատրել, թե այլընտրանք չունեն, պիտի թիմի ներսում իրենց «ճիշտը ապացուցելու համար» դատական հայց ներկայացնեն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը դատական հայցեր են ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, սակայն ծանուցումը դեռ չենք ստացել եւ չգիտենք՝ որ հրապարակումների համար:

Դատական հայց ներկայացնելու հրապարակային սպառնալիք է ներկայացրել նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրա համար, որ նյութ էինք հրապարակել, թե ինչպես է նա բալթյան երկրների խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ սուր քննադատել ՌԴ-ին, ինչը դարձել է մեր ու ՌԴ-ի հարաբերությունների սրման եւս մեկ առիթ: Անգամ լուրեր հրապարակվեցին, որ ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններից հետո հրաժարվում է Հայաստան գալուց ու Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելուց: Այս գործով նույնպես դեռ ծանուցում չենք ստացել:

ՔՊ-ականները ինքնապաշտպանության համար դատի են տալիս մամուլին. «Ժողովուրդ»

Երեկ ստացանք ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի դատական հայցը, որը դատապարտված է պարտության ի սկզբանե, քանի որ անգամ հայցի մեջ Հայկ Սարգսյանն ու իր իրավաբանը խուսափել են օգտագործել «ՔՊ» կամ «Նիկոլ Փաշինյան» անունները:

Այսպիսով՝ Հայկ Սարգսյանը նյութը կտրել է կոնտեքստից եւ մի քանի նախադասություններ, կիսատ վերցրած, զրպարտություն է համարում:

Օրինակ՝ հոդվածում գրված է, որ «Կուսակցության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին արտահոսք ապահովեցին այն մասին, որ Հայկ Սարգսյանը, որ երեք նիստի ժամանակ է՝ խոսում է անտառների ոչնչացման թեմայից, իրականում փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձեւավորել»: Սակայն Հայկ Սարգսյանը հայցի մեջ նախադասության սկիզբը ջնջել է՝ հեռացնելով հետեւյալ մասը՝ «Կուսակցության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին արտահոսք ապահովեցին այն մասին…»:

Մյուս նախադասությունը հոդվածի սկսվում է այսպես. «Հիշեցնենք, որ հունվարի 9-ի երեկոյան ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դարձյալ ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին՝ Տավուշի անտառները ոչնչացնելու համար:

Սա դարձել էր փոխադարձ վիրավորանքների ու քաշքշուկի պատճառ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն անգամ իրար հարվածել էին հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, եւ վերջինս էլ թողել ու հեռացել էր»: Բայց Հայկ Սարգսյանը զրպարտություն է համարում այս նախադասության միայն մեջտեղի հատվածն այն դեպքում, երբ հստակ գրված է, որ սա հիշեցում է 4 օր առաջ հրապարակված մի հոդվածի մասին, որը որեւէ մեկը չի հերքել: Ի դեպ, պատգամավորը զրպարտություն չի համարում, որ Նիկոլ Փաշինյանը թողել հեռացել է քաշքշուկի ժամանակ:

Մյուս նախադասությունը սկսվում է այսպես. «միջադեպից հետո ՔՊ որոշ շրջանակներ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանը ոչ թե անտառների ճակատագրով է մտահոգված, այլ փայտանյութ ներկրող քրեական աշխարհի որոշ ներկայացուցիչների հետ որոշակի հարաբերություններ է կառուցել»:

Թերեւս այս նախադասության համար է փորձում ինքնապաշտպանվել Հայկ Սարգսյանը, որը 2 անգամ ՔՊ ակտիվի ժողովների ժամանակ տեսանյութեր է ցուցադրել եւ խոսել անտառահատումների մասին: Բայց սա էլ է կիսատ վերցրել. մեր ինֆորմացիայի աղբյուրի հղումը հանել է, ուր գրված էր, որ այն ՔՊ ներսից ենք ստացել: Սարգսյանը միայն զրպարտություն է համարում այն, թե ինքը փայտանյութի բիզնես հետաքրքրություն չունի եւ քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ չունի առնչություն: Կարճ ասած, մամուլին դատի տալով՝ փորձում են ինքնապաշտպանվել, բայց չի ստացվի:

Հիշեցնենք, որ խոսքը նույն Հայկ Սարգսյանի մասին է, ում մամուլը հիշատակել է որպես «Նիկոլի շիշ բռնող»»: