04/02/2025

Անորակ ասֆալտ, թաքնված կապեր. Տեսանյութ

Հայաստանում ամեն տարի հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ են նորոգվում, որոնք ամիսներ կամ մեկ-երկու տարի անց կրկին նորոգման կարիք ունեն։ Անորակ ճանապարհներ կառուցելով՝ տարիներ շարունակ վատնվում են միլիարդավոր դրամներ պետական և համայնքային բյուջեներից։

«Հետք»-ն ուսումնասիրել է 2018 թ.-ից հետո նորոգված մեկ տասնյակից ավել ճանապարհահատված, որտեղ կրկին փոսեր և ճաքեր են առաջացել, որոշ հատվածներում կարկատաններ են արվել, որոնք նույնպես քանդվել են։ Դիտարկումների և հետազոտությունների արդյունքում պարզել ենք անորակ աշխատանքների պատճառներից մեկը, եթե ոչ գլխավորը։

Ճանապարհները նորոգելու գործընթացը բազմափուլ է։ Նորոգման ենթակա ճանապարհի ընտրությունից հետո հայտարարվում է նախագծողի մրցույթ, ապա՝ շինարարի։ Ընտրվում են նախագծողն ու շինարարը, նրանց հետ կնքվում են պայմանագրեր։ Զուգահեռ ընտրվում է նաև տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություն։ Ողջ գործընթացը վերահսկվում է պետական մարմինների կողմից։ Ճանապարհի նորոգման տարբեր փուլերում իրականացվում են լաբորատոր փորձարկումներ, ստուգումներ։ Հենց այդ ժամանակ պետք է պարզվեն շինարարության մեջ օգտագործված նյութերի՝ ասֆալտի, խճաքարի, բնահողի ու ճանապարհի հիմքի որակը և համապատասխանությունը նախագծային պահանջներին։ Տրամաբանորեն ու սկզբունքորեն լաբորատորիան պետք է կապ չունենա շինարարի հետ, բայց օրենսդրական արգելք էլ սահմանված չէ (անկախությունը սկզբունք է): Օրենքի բացի պատճառով շինարարներից ոմանք իրենց հետ փոխկապակցված ընկերություններին են պատվիրում լաբորատոր ստուգումները։

«Հետքը» պարզել է, որ նախ լաբորատոր ստուգումն իրականացվում է կապալառուի (շինարարի) պատվերով, իսկ լաբորատոր ստուգում իրականացնող ընկերությունները որոշ դեպքերում փոխկապակցված են հենց այդ շինարարական ընկերությունների հետ։ Ավելին, կան նաև լաբորատորիաներ, որոնք հավատարմագրված չեն (հավատարմագրումը նշանակում է, որ տվյալ լաբորատորիան համապատասխանում է ներդաշնակեցված ստանդարտներով սահմանված պահանջներին)։ Կառուցված բազմաթիվ ճանապարհների որակի եզրակացություն տվել են չհավատարմագրված լաբորատորիաները։ Մեր դիտարկած ճանապարհները, որոնք նորոգումից 1-2 տարի, երբեմն մի քանի ամիս անց քանդվել են, կառուցվել են վերը նշված սխեմայով։

Կառավարության 2015 թ․-ի 596-Ն որոշման 6-րդ կետը սահմանում է․ «․․․շինարարության որակի տեխնիկական հսկողությունը կարող են կատարել միայն համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք»։

Տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություններն էլ պարտավոր են ստուգել շինարարությունում օգտագործված նյութերի լաբորատոր փորձարկումների արդյունքների գոյությունը։

Ճանապարհների կառուցման, նորոգման ժամանակ կապալառու կազմակերպությունների պատվերով 2022 և 2023 թթ․-երին որակի լաբորատոր ստուգումներ իրականացրած լաբորատորիաներն են՝

  • «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (լաբորատորիա)
  • «Ա և Լ լաբորատորիա» ՍՊԸ
  • «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ
  • «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ
  • «Հորիզոն-95» ՍՊԸ
  • «Պռոլաբ» ՍՊԸ
  • «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ
  • «Փ․ Աբաջյան» ՍՊԸ

Լաբորատորիաների ցանկը ստացել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Նշված լաբորատորիաներից 3-ը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիան, «Ա և Լ լաբորատորիա» ՍՊԸ-ն, «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ-ն հավատարմագրված չեն։ Այս տեղեկությունը մեզ գրավոր հայտնել է Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրային ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը։ Նրա ղեկավարած ՊՈԱԿ-ը միակ մարմինն է, որ հավատարմագրում է համապատասխանության գնահատում իրականացնողներին (այս դեպքում՝ լաբորատորիաներին)։ Հավատարմագրման նպատակն է պաշտոնապես հավաստել համապատասխանության գնահատում իրականացնելու իրավասությունը։ Այսպիսով, ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի և ապրանքների (գրունտ, խիճ, ասֆալտ, բիտում և այլն) որակը պարզող լաբորատորիաներից 3-ը նման իրավասություն չունեն (միևնույն ժամանակ պարտադիր հավատարմագրված լաբորատորիաներից օգտվելու օրենսդրական պահանջ էլ չկա)։ 

Հավատարմագրումից բացի, լաբորատորիաների համար գոյություն ունի նաև «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման» վկայագրման գործընթաց։ Էկոնոմիկայի նախարարությունը նման վկայագիր տվել է վերը ներկայացված ցանկից ընդամենը երկու լաբորատորիայի՝ «Շինսերտիֆիկատ» և «Փիրուզա Աբաջյան» ՍՊԸ-ների փորձարկման լաբորատորիաներին։

Նորոգված ճանապարհների ուսումնասիրության ժամանակ դիտարկել ենք հետևյալ ճանապարհահատվածները՝

Երևան-Երասխ-Գորիս

Արտաշատ-Արարատ

Վանաձոր-Դիլիջան

Արմավիր-Մյասնիկյան

Գյումրի-Իսահակյան

Գյումրի-Կապս

Գյումրի համայնքի օղակային փողոց

Ապարան-Քուչակ

Դիլիջանի ոլորաններ

Սպիտակի մայրուղի-Սարամեջ գյուղ

Ջրառատ գյուղի ճանապարհը

Արմավիր-Մյասնիկյան

Արմավիր քաղաքից Մյասնիկյան գյուղ տանող ճանապարհի վթարավտանգ հատվածում 2023 թ.-ին իրականացվել են բարելավման աշխատանքներ։ Համաշխարհային բանկի և Կառավարության ֆինանսավորմամբ նշված հատվածում ասֆալտապատում է արվել, ճանապարհային նշաններ են տեղադրվել, և գծանշում է կատարվել։ Նորոգումից ամիսներ անց ասֆալտի շերտում ճաքեր են առաջացել, որը վերացնելու նպատակով փոսալցրել են։ Փոսալցված հատվածները կարճ ժամանակում քանդվել են։

«Հետք»-ը, արձանագրելով նորոգված ճանապարհին ի հայտ եկած ճաքերն ու փոսերը, գրավոր դիմեց Ճանապարհային դեպարտամենտ, որպեսզի պարզաբանեն, թե ո՞րն է անորակ նորոգման պատճառը։ Ըստ Դեպարտամենտի՝ նորոգված հատվածը շահագործման է հանձնվել 2023 թ․-ի ապրիլին, այդ ժամանակ թերություններ չեն հայտնաբերվել։ Մեկ տարվա երաշխիքային ժամկետում ստուգումներ են կատարվել։ Որոշ տեղամասերում ասֆալտբետոնի լայնական, երկայնական և ցանցաձեւ ճաքեր, ինչպես նաև նստվածքներ են հայտնաբերվել (նաև նշագծման մասնակի մաշվածություն)։ Դեպարտամենտը կապալառուին հանձնարարել է վերացնել թերությունները, սակայն դրանք դեռևս ամբողջապես չեն վերացվել։ Թե որն է թերությունների առաջացման պատճառը, Դեպարտամենտից խուսափում են ասել՝ պատճառաբանելով, որ նման եզրահանգում անելու համար մի շարք միջոցառումներ պետք է կատարվեն (գործիքային ստուգում, ակնադիտական ուսումնասիրություն և այլն)։ Դեպարտամենտի հետ «Հետքի» նամակագրությունը եղել է 2024 թ․-ի մարտին, որից 5 ամիս անց կրկին այցելել ենք նույն ճանապարհահատված։ Հուլիսի 6-ի դրությամբ իրավիճակն ավելի էր վատթարացել։ Հավանաբար շոգ եղանակով պայմանավորված՝ ասֆալտի շերտի վրա ալիքներ էին առաջացել, առկա փոսերը՝ խորացել, իսկ ճաքերը՝ լայնացել։ Այս հոդվածը հրապարկելուց առաջ կրկին այցելեցինք նորոգված հատված. որևէ դրական տեղաշարժ չկար(ճաքերն ու փոսերը առկա էին)։

Նշված հատվածը նորոգել է «Արհովշին» ՍՊԸ-ն, որը այս և մի քանի այլ վթարավտանգ հատվածներ նորոգելու համար 312 միլիոն դրամ է ստացել։ Ճանապարհաշինական այդ ընկերությունը հիմնադրվել է 2012 թ.-ին, որի 100% բաժնետերը Միքայել Գրիգորյանն է։ Ճանապարհի նորոգման ժամանակ կապալառուի պատվերով օգտագործված նյութերի որակը ստուգել է «Ա և Լ լաբորատորիա» ՍՊԸ-ն, որը ստուգումներ իրականացնելու հավատարմագիր չունի։ «Ա և Լ լաբորատորիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թ․-ին, որի միակ բաժնետերը 28-ամյա Ալեն Հովիկի Արշակյանն է։ Նրա հայրը՝ Հովիկ Արշակյանը, «Էմ ջի բետրոն» ՍՊ ընկերության տնօրենն է։ «Էմ ջի բետրոն» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Մարիամ Գրիգորյանն է՝ «Արհովշին» ՍՊԸ-ի բաժնետեր Միքայել Գրիգորյանի դուստրը։ Ստացվում է, որ նորոգված ճանապարհի որակը ստուգել է շինարարի դստերը պատկանող ընկերության տնօրենի որդու ընկերությունը։  Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ նշված ճանապարհի նորոգման բոլոր փուլերում ամենօրյա վերահսկողություն է իրականացվել։

«Ա և Լ լաբորատորիայի» փորձաքննած և քանդված ճանապարհները

Հավատարմագրային ազգային մարմնի կողմից չհավատարմագրված և ճանապարհաշինական «Արհովշին» ՍՊԸ-ի հետ փոխկապակցված «Ա և Լ լաբորատորիա» ՍՊԸ-ն նորոգված և նորոգվող այլ ճանապարհների որակ է ստուգել և խնդիր չի հայտնաբերել։ Դրանք են՝ Վանաձոր-Դիլիջան, Անիպեմզա- Իսահակյան և Ջրառատ-Մեծամոր հատվածները։

Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 6.5 կմ հատվածը նորոգելու համար ՏԿԵՆ-ը 2020 թ.-ի մայիսի 6-ին 648 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Արհովշին» ՍՊԸ-ի հետ։ Շինարարության մեջ օգտագործված նյութերի որակը ստուգել է «Ա և Լ լաբորատորիան»։ Արդեն նշեցինք, որ այս լաբորատորիան փոխկապակցված է կապալառուի հետ և փորձաքննություն իրականացնելու համար հավատարամագիր չունի։ Նորոգված ճանապարհի մի մասն այս տարի՝ 2024 թ․-ին, կրկին նորոգվում է։

«Ա և Լ լաբորատորիան» է ստուգել նաև Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի ճանապարհի նորոգման ժամանակ օգտագործված նյութերը և որակի անհամապատասխանության խնդիր չի գտել։ «Հետքը» 2022 թ․-ին էր գրել, որ նոր ասֆալտապատված ճանապարհը շահագործման հանձնելուց ամիսներ անց մի քանի անգամ կարկատաններով նորոգվել էր։ 114 միլիոն դրամ արժեցած սուբվենցիոն այս ծրագրի վերջնարդյունքում նորոգված ճանապարհը պատվել է կարկատաններով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբեր ամսին ազդարարեց, որ ավարտվել է Գյումրի-Իսահակյան ճանապարհի հիմնանորոգումը։ 3.8 միլիարդ դրամ արժեցած Գյումրի-Իսահակյան ճանապարհի հիմնանորոգման ժամանակ կրկին նույն ընկերությունն է լաբորատոր ստուգումներ կատարում՝ «Ա և Լ լաբորատորիան»։ 2024 թ․-ի մարտին «Հետքի» նկարահանող խումբը արձանագրել է, որ հիմնանորոգվող ճանապարհի ասֆալտի առաջին շերտը սկսել է քանդվել, փոսեր են առաջացել։ Կապալառու կազմակերպությունը «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն է, որտեղ ժամանակին տնօրեն է աշխատել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը։ Հավանաբար կապալառուն գիտի, թե ինչու է այս թանկարժեք նորոգման աշխատանքի որակի ստուգումը պատվիրվել չհավատարմագրված լաբորատորիային։

Սարամեջ

Լոռու մարզի Սարամեջ գյուղի ճանապարհի նորոգմանը «Հետքը» անդրադարձել է այս տարի։ 2023 թ․-ին՝ նորոգման ժամանակ, Սարամեջի բնակիչներն են անորակ ասֆալտապատումն արձանագրել և բողոքներից հետո հասել նրան, որ կապալառուն թերությունները վերացնի։ 4.3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը 517 միլիոն դրամով իրականացրել է Վանաձորի նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանի հետ փոխկապակցված «Ռ․ Ղազարյան» ՍՊԸ-ն, որակի լաբորատոր ստուգումներն էլ պատվիրվել է «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ-ին։ Փորձարկման այս լաբորատորիայի հավատարմագրի ժամկետը լրացել է 2017 թ․-ին։ «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ-ն փոխկապակցված է նախագծում, հեղինակային հսկողություն իրականացնող «Արցախճան» ՍՊԸ-ի և ճանապարհաշինական գործունեությամբ զբաղվող «Ճանապարհ» ՍՊԸ-ի հետ։ «Ճանապարհ» ՍՊԸ-ն պատկանում է «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրերի իրականացման գրասենյակի նախկին տնօրեն Էդուարդ Բեզոյանին, իսկ «Արցախճան» ՍՊԸ-ն՝ նրա կնոջը և «Արցախճան իստիտուտ» ՓԲԸ-ին, որի տնօրենը Բեզոյանի աներորդին է։

Արտաշատ-Արարատ

Արարատի մարզի Շահումյան գյուղից մինչև Տափերական գյուղն ընկած ճանապարհի ձախ գոտին հիմնանորոգվել է 2023 թ․-ին (աջ գոտին նորոգել է «Եվրոբուդ պլյուս ՍՊԸ»-ն զուգահեռ)։ Այս ճանապարհը սկսվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի բետոնապատ հատվածից (Արտաշատից դեպի Արարատ)։ ՏԿԵՆ-ը գնման պայմանագիր է կնքել «Արհովշին» և «Գրիգորյան Շին» ՍՊԸ-ների հետ, որոնք հանդես են եկել կոնսորցիումով (աշխատանքը համատեղ կատարելու նպատակով)։ Ճանապարհի նորոգման գինը, ըստ 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին կնքված պայմանագրի, 612 միլիոն դրամ է։ Ճանապարհաշինարարները ամբողջ 11․1 երկարությամբ հատվածը ֆրեզել են, ասֆալտապատել, ջրահեռացման առուները խորացրել, նորոգել են, որոշ հատվածներում փոսալցումներ են կատարել։ Նորոգումից ամիսներ անց՝ 2024 թ․-ի գարնանը, ճանապարհի բազմաթիվ հատվածներ կրկին ասֆալտապատվել են, որն արձանագրել է «Հետքի» նկարահանող խումբը։ Ճանապարհային դեպարտամենտից գրավոր հայտնել են, որ միջպետական ճանապարհի միջին նորոգման աշխատանքների ավարտից հետո ընդունող հանձնաժողովը թերություններ է հայտնաբերել, որը կապալառուի միջոցներով է վերացվում։ 2024 թ.-ի հուլիսի 25-ին ՏԿԵ նախարարությունը կապալառուի հետ համաձայնագիր է ստորագրել, որով ընկերությանը վճարվել է 30 մլն դրամ: Պայմանագրի և համաձայնագրի վերլուծությունից պարզ է դառնում, որ  612 միլիոն դրամ արժեքով պայմանագրի գումարի 5 %-ը պատվիրատուն չի վճարում մինչև թերությունները չեն շտկվում։ Կապալառուն գնման պայմանագրով պարտավոր է հանձնման-ընդունման ակտի ստորագրումից հետո 2 տարի երաշխիքային սպասարկում իրականացնել։ Ճանապարհի միջին նորոգման ժամանակ տեխնիկական հսկողությունն իրականացրել է Ճանապարհային դեպարտամենտը (միջին նորոգման դեպքում տեխհսկողությունը դեպարտամենտն է իրականացնում)։

Այս ճանապարհահատվածի նորոգման ժամանակ կապալառուի պատվերով որակի ստուգման լաբորատոր փորձարկումներ է իրականացրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիան։ Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող «Հավատարմագրային ազգային մարմին» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիան հավատարմագրված չէ։

Կապալառուն չի վճարվել

Մեր ուսումնասիրությանը զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստերից մեկում հայտարարեց, որ միլիարդավոր դրամների ճանապարհաշինական ծրագրեր կան, որոնք անորակ են արվել, ինչի պատճառով շինարարները չեն վճարվել։ Գրավոր հարցմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պարզեցինք, որ ընդամենը 3 ճանապարհահատված է, որի նորոգումից հետո թերությունների պատճառով կապալառուները չեն վճարվել։ Այսինքն՝ մեծ մասամբ պետական կառույցներն ընդունել են նորոգման աշխատանքները, որոնց մի մասը հետագայում քանդվել է, և կրկին նորոգման կարիք է առաջացել։

Չընդունված 3 ճանապարհներից մեկը Դիլիջանի ոլորանների 8 կիլոմետր երկարությամբ հատվածն է, որի նորոգումն արժեցել է 985 միլիոն դրամ։ Կապալառուն «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն է, իսկ լաբորատոր փորձարկումներն իրականացրել է «Պռոլաբ» ՍՊԸ-ն։ «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ի բաժնետոմսերը մինչև 2022 թ․-ը պատկանել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին։ ՍՊԸ-ում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո 2022 թ.-ին կարճ ժամանակով տնօրեն է աշխատել Սմբատ Միրզոյանը, որը 2020 թ.-ին հիմնադրել է «Պռոլաբ» փորձաքննություների լաբորատորիան և մինչ օրս ՍՊԸ-ի միակ բաժնետերն է։ Կապալառու «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն այժմ պատկանում է Բադալյանների հետ փոխկապակցված Մարինե Խշտոյանին։ Այդ դեպքում ևս կապալառուի և լաբորատոր ստուգում իրականացնողի միջև գոյություն ունի շահերի բախում։ Ի դեպ, նույն Արմեն Բադալյանին է պատկանում նաև ճանապարհաշինական խոշոր «Ա․Ա․Բ․ պրոեկտ» ՍՊԸ-ն, որն այժմ կառուցում է նաև Հյուսիս-hարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի մի մասը։

«Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն դատական կարգով վիճարկում է ՏԿԵՆ-ի՝ կապալի պայմանագիրը միակողմանի լուծելու որոշումը։ Դատաքննության ժամանակ նախարարությունը նշել է, որ ճանապարհի որոշ հատվածներում անորակ ասֆալտապատում է արվել, որի հետևանքով ճաքեր են առաջացել։ Շինարարին ժամանակ է տրվել թերությունները վերացնելու համար, որից հետո կրկին թերություններ են հայտնաբերվել, որն էլ պայմանագիրը միակողմանի լուծելու պատճառ է դարձել։ Հայտնաբերվել են հետևյալ թերությունները՝ երթևեկելի մասում տեղ-տեղ առկա են եղել երկայնական ճաքեր, առկա են եղել ասֆալտբետոնի մնացորդներ, թերմոպլաստով գծանշված որոշ հատվածներում ներկը պոկվել է, կողային առուները լցված են եղել, մայթերի որոշ հատվածներում նստվածք է առաջացել և այլն։ Առաջին ատյանի դատարանի վճռով կապալառուի հայցը մերժվել է, որից հետո «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն վճիռը բողոքարկել է։ Նոյեմբեր ամսին՝ մեր նկարահանումների ժամանակ, թերությունները վերացված չէին։

Երկրորդ ճանապարհահատվածը, որը նորոգվել է, սակայն ՏԿԵՆ-ի կողմից չի ընդունվել, Արենի-Եղեգնաձոր ճանապարհահատվածն է (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ108+400 – կմ126+100 հատվածը)։ Կապալառուն Բադալյաններին պատկանող «Ա․Ա․Բ․ պրոեկտ» ՍՊԸ-ն է։ 2.9 միլիարդ դրամ արժեցած նորոգման աշխատանքները պետության կողմից չընդունելու որոշումը ՍՊԸ-ն վիճարկում է դատարանում։

Բագրատ Բադալյանի ընկերությունը լաբորատոր ստուգումներ է անում

Մյուս անորակ կառուցված ճանապարհը Ապարան քաղաքով անցնող Մ-3 ճանապարհի 3.5 կմ հատվածն է։ Այն կառուցվել է 2022 թ.-ին, սակայն թերություններ են արձանագրվել։ 471 միլիոն դրամի նորոգումը կատարել է «Շինպլյուս» ընկերությունը, իսկ լաբորատոր ստուգումներ իրականացրել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս ճանապարհը ևս չի ընդունել թերությունների պատճառով։ Լաբորատոր փորձարկումներ կատարած «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի մեծ մասը՝ 88.1%-ը, մինչև 2024 թ.-ի հուլիս ամիսը պատկանել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Բագրատ Բադալյանին։ Բադալյանի ընկերությունը ՔՊ-ի իշխանության գալուց հետո պետական գնումների ակտիվ մասնակից է դարձել։

Հավատարմագրումը կամավոր է

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը «Հետք»-ին տված հարցազրույցում նշեց, որ հավատարմագրումը տարբերվում է լիցենզավորումից։ Հավատարմագրումը կամավոր է, որը սահմանված է օրենքով։ «Հավատարմագրումը օրենքի համաձայն կամավոր է, մեր օրենքով սահմանված սկզբունքներից է կամավորությունը, սակայն որեւէ իրավական ակտով, որեւէ ոլորտում պարտադիր պահանջ սահմանելու դեպքում այն դառնում է պարտադիր»,- նշեց Անի Օբոսյանը։

Դիտարկմանը,թե հավատարմագրված լաբորատորիաները, փաստորեն, կարող էին նաև չհավատարմագրվել, ՊՈԱԿ-ի տնօրենն արձագանքեց․ «Էլի եմ ասում, դա, քանի որ կամավոր է, կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ,  բիզնես հետաքրքրություն է ներկայացնում իրենից, եւ տվյալ մարդիկ, հավանաբար, ունեն որեւէ գերատեսչության հավատարմագրված լինելը ներկայացնելու ապացույց։ Այսինքն, հավանաբար, կա պահանջ, որ ենթադրենք իրենք պետք է լինեն հավատարմագրված, օրինակ՝ տենդերների մասնակցելու համար։ Չեմ կարող ասել, համենայն դեպս, քանի որ դա կամավոր դաշտ է, եւ մեզ դիմում են էն ոլորտով, որ իրենք ուզում են այդ մասով գնահատում իրականացնել, մենք ուղղակի համապատասխանությունը գնահատում ենք իրենց ներկայացրած ոլորտով»։

Հավատարմագրման ազգային մարմնի տնօրենը համակարծիք է, որ լաբորատոր ստուգման արդյունքների արժանահավատությունը կարող է կասկածի տակ դրվել, երբ պատվիրատուն կապված է լաբորատորիայի հետ։

«․․․տրամաբանորեն հավատարմագրման իրենց արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ իրենց արտադրանքը շուկա հանելու դեպքում փաստաթուղթ, կոնկրետ հայտարարագիր գրանցելու համար, որովհետեւ պարտադիր է 3-րդ անկողմնակալ կողմի լաբորատորիայի տված փաստաթուղթը, այսինքն՝ միջազգային ստանդարտները, որոնցով որ կոնկրետ լաբորատորիաները հավատարմագրվում են 17025 ԻՍՕ ստանդարտին համապատասխան, պահանջել, որ գնահատումը իրականացվի 3-րդ անկողմնակալ կողմից, որպեսզի հետագայում տրվի համապատասխան փաստաթուղթ»,- նկատեց Անի Օբոսյանը։

Եթե իմանան, իրավական գնահատական կտան

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը կարծում է, որ ճանապարհաշինության տարբեր փուլերում վերահսկողության առկա գործիքակազմը բավարար է՝ անորակ աշխատանքը բացահայտելու և բացառելու համար։ «Շինարարական աշխատանքների որակի ապահովման պատասխանատուն կապալառու ընկերություններն են, եւ որակի ապահովման շրջանակներում նաեւ շինարարները ներկայացնում են եւ ապահովում  թե՛ լաբորատոր փորձարկումների արդյունքները, թե՛ նյութերի համապատասխանության արդյունքները։ Միեւնույն ժամանակ տեխնիկական հսկողության կազմակերպությունները ստուգում են նյութերի, կոնստրուկցիաների, ինժեներական սարքավորումների, առհասարակ շինարարության մեջ օգտագործվող նյութերի լաբորատոր փորձարկումների արդյունքները։ Ըստ անհրաժեշտության նաեւ կարող են պահանջել կապալառուներից լրացուցիչ փորձարկման արդյունքներ։ Ինքնին տեխհսկողության շրջանակներում եւս նախատեսվում է փորձարկման գործառույթ, որը կարող է իրականացվել նաեւլաբորատոր փորձարկումների միջոցով։ Պետք է վկայակոչեմ նաեւ Մաքսային միության Ավտոբիլային ճանապարհների անվտանգության տեխկանոնակարգը, որի շրջանակներում եւս պատվիրատուն իրավասու է ընտրանքային կերպով իրականացնելու լաբորատոր փորձարկումներ»,- նշում է փոխնախարարը՝ ընդգծելով, որ այդ ամենը պետք է երաշխավորեն որակը։

Պաշտոնյային տեղեկացրինք մեր ուսումնասիրության արդյունքների մասին և հարցրինք՝արդյոք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը երբեւէ ուսումնասիրե՞լ է լաբորատորիաների և շինարարների կապը։ «Ըստ էության, լաբորատորիաները պատասխանատու են իրենց կողմից տրամադրվող թերի կամ ոչ պատշաճ լաբորատոր արդյունքների համար, այդուհանդերձ, նախարարությունը եւ Ճանապարհային դեպարտամենտը չունեն արձանագրված եւ փաստագրված կապակցության դեպքեր, դրանք լինելուն պես համապատասխան իրավական գնահատական կստանան, որովհետեւ լաբորատոր փորձարկումների արդյունքները եւ դրանց արժանահավատությունը կարեւոր երաշխիք են եւ կարեւոր նշանակություն ունեն պատվիրատուի համար՝ աշխատանքի արդյունքների ընդունման առումով եւ օբյեկտը շահագործող ընդունելու տեսանկյունից»,- հայտարարեց ՏԿԵ նախարարի՝ ճանապարհաշինության ոլորտը համակարգող տեղակալը։ Նախարարությունում նախատեսել են, որ առաջիկայում հավատարմագրման ներկայացնեն նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիան։