04/02/2025

Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ անվամբ, պահանջոմ է հրապարակել բոլոր փաստաթղթերը, Նիկոլ Փաշինյանը կլսի՞ նրանց կոչը

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանից պահանջում է հրապարակել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդների ներկայացրած բոլոր առաջարկները և դրանց Հայաստանի պաշտոնական պատասխանները:

Ինչպես հայտնի է, ավելի վաղ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացը միշտ էլ եղել է Արցախն Ադրբեջանի կազմ «վերադարձնելու» մասին, բոլոր փաստաթղթերի հրապարակման պահանջով կամ կոչով նրան էր դիմել Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիկոլ Փաշինյանը բանավեճի էր հրավիրել իր տեսակետին անհամաձայնություն հայտնած նախկին երեք նախագահներին: Նրանք մերժել էին, իսկ Տեր-Պետրոսյանն էլ արել էր հայտնի առաջարկը: Այժմ դա անում է ՀՀԿ-ն, այսինքն՝ Սերժ Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը կլսի՞ նրանց կոչը: Բայց կարևոր հարցը, թերևս, դա չէ, այլ այն, թե ի՞նչ կփոխվի այդ կոչը լսելուց հետո փաստաթղթերը հրապարակելուց հետո:

Մտածել, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացը եղել է մաթեմատիկական գործողություն, որտեղ պատկերը ստանալու համար բավարար է հրապարակել բոլոր միջնորդական փաստաթղթերն ու դրանց ստացված պատասխանները, հազիվ թե հնարավոր է համարել խնդրո առարկային համարժեք:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը շատ ավելի համեմատելի է այսբերգի հետ, որի տեսանելի՝ փաստաթղթավորված մասը, եթե ավելի փոքր չէ, քան անտեսանելին՝ չփաստաթղթավորված շերտերը, ապա առնվազն նաև ավելի մեծ չէ:

Եթե, իհարկե, որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն ու ընդհանրապես հայ-ադրբեջանական հարցը ունեցել է և ունի աշխարհաքաղաքական էական նշանակություն:

Որովհետև այդ ընդգրկումը իր հերթին նշանակում է, որ բացի անմիջականորեն կարգավորման գործընթացում առկա ձևաչափերից և իրադարձություններից, գոյություն են ունեցել նաև աշխարհաքաղաքական շահառուների գործունեության առավել ընդգրկուն շերտերն ու շրջանակները, ինչպես նաև ուղղակի, թե անուղղակի ամենատարբեր գործիքները՝ իրադրության զարգացման վրա կամ անմիջականորեն, կամ «շրջանցիկ ազդեցության» աշխատանքի համար:

Հետևաբար, մտածել, թե կարգավորման գործընթացի փաստաթղթերի հրապարակումը թույլ կտա հանրությանը կազմել ամբողջական պատկեր և, ըստ այդմ, ձևավորել ինչ-որ ամբողջական կարծիք կամ մոտեցում, այդպիսով պաշտպանվելով տարբեր մանիպուլյացիաներից, թերևս մոլորություն է:

Ըստ այդմ՝ ներկայումս գլխավոր հարցը այն չէ, թե ինչ է եղել հետագիծը, այլ այն, որ մենք հասել ենք ներկայիս կետին, որտեղ կան ներկայի ու մոտ և հեռու ապագայի մարտահրավերներ, որոնք պահանջում են դրանց վերաբերյալ լուծումներ մշակելու քաղաքական համակարգային մեխանիզմներ, մինչև անգամ խորհրդարանի արտահերթ ընտրության տեսքով:

Անընդհատ «վերադարձը» դեպի անցյալ՝ ներկայիս այդ խնդրին մոտենալո՞ւ, թե՞ դրանից փախչելու և խուսանավելու միջոց է, թե՛ իշխանության, թե՛ մնացյալ քաղաքական դասի համար: