Փետրվարի 4-ին ընկերներով եկել էին, որ նշեն ծնունդը, էդ դեպքը եղավ: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմել է Մերձավանի բնակչուհիներից մեկը՝ նշելով, որ դեպքի պահին ահավոր ձայներ են լսվել տարածքում:
«Շատ ուժեղ ձայներ էին, ահավոր ձայներ էր գալիս, կրակոցի ձայներ: Երբ մենք դուրս եկանք, եկանք՝ արդեն հանդարտվել էին: Երբ ես եկել եմ, արդեն երեխան մահացած էր, ասֆալտին ընկած էր»,- ասել է նա:
Թե ինչի՞ պատճառով կարող էր դեպքը տեղի ունենալ, կինը չի իմանում. «Ես տեղեկություն չունեմ դրանցից, ինքը բացարձակապես նման խնդիրների մեջ չի մտել (նկատի ունի քաղաքական խնդիրներ-խմբ.): Այո, համայնքի ղեկավարի ազգական էր»:
Գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում: Միջադեպի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
Սպանվածը, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը:
Մերձավանում լրագրողների հետ զրույցում վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը հաստատել է լուրը, որ հարձակումը տեղի է ունեցել իրենց տան վրա․ «Սա իմ տունն է, ես Ախտոյանի ախպերն եմ։ Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, մի բան կարող եմ ասել՝ սա իմ բնակարանն է, իմ ախպոր բնակարանը, նախաքննությունը կավարտվի, ամեն ինչ պարզ կլինի»։
Մերձավանում սպանված երիտասարդի անունը Գոքոր էր, նա 29 տարեկան էր։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է Մերձավանի բնակիչներից մեկը․ «Վիրավորին չեմ ճանաչում, զոհված տղան ապրում էր եղբոր հետ։ 4 տարեկանից հորից է զրկվել, 18 տարեկանում ինքը բանակում էր, մայրը մահացավ: Իրենց տանը էս պահին նշանածն էր, մորաքույրը, երկու հարևանները։ Աշխատում էր, բայց չգիտեմ, թե ինչ էր աշխատում։ Փետրվարի երեքին իր ծնունդն էր, գիշերը սպանել են»։ Նրա խոսքով՝ կատարվածի մասին ոչ ոք ոչինչ չի խոսել։
Մերձավանի բնակիչները լրագրողներին պատմել են, որ կրակոցների հետևանքով սպանված երիտասարդը 30 տարեկան Գրիգոր Օհանյանն էր, որը վերջերս էր նշանադրվել: Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արյան հետքեր, կրակոցների հետքեր, մի քանի ժամ է՝ աշխատում է քննչական խումբը:
Ըստ տեղեկությունների՝ համայնքում խուզարկություն է: Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը), 333 հոդվածով (Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք շորթելը), 297 հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով):
Բաց մի թողեք
ՄԻԵԴ վճիռը․ Հովհաննես Իշխանյանը Էլեկտրի Երևանի ժամանակ զանգվածային ձերբակալության զոհ է դարձել
Ոմն Լիաննային համբուրելու շուրջ կատակը դարձել է վիճաբանության և բահով հարվածի պատճառ
Կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել կնոջ հետ, հարվածներ հասցրել նրան