19/03/2025

Մի բան էլ պաշտոնի են առաջ քաշում նման մարդկանց. Ծաղրանկար

Տարվա սկզբում իր ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ներկայիս Հայաստանը «ֆաշիստական պետություն է»: Ճիշտ է, մեր այդ համընդհանուր խավարի մեջ Ռամիլ Սաֆարովին հերոսացրած ղեկավարը լույսի որոշակի շող տեսնում է՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների, որոնք, հույս կա, որ կկատարեն «դենացիֆիկացիայի» աշխատանքը:

Փաշինյանը, նրա թիմը եւ ենթակաները հուսախաբ չեն անում Ալիեւին եւ ակտիվորեն լծված են «ֆաշիստական դրսեւորումները» մեր երկրում քոքահան անելու գործին: Այդ սուրբ առաքելության մեջ նրանց օգնում են իշխանության բոլոր տեսակի քարոզիչները, բայց առաջին հերթին՝ «առաջադեմ-արեւմտամետները»:

Նրանց մեծ մասը կատարյալ ցինիկ է եւ «գրանտի» դիմաց պատրաստ կլինի պաշտպանել նաեւ նացիստական կամ, ասենք, ռուսական կայսրապաշտական գաղափարները: Բայց կան, իհարկե, մարդիկ, որոնք իրենց գավառական սահմանափակության պատճառով անկեղծորեն հավատում են, որ ժամանակակից գերմանացու կամ ֆրանսիացու համար ազգային արժանապատվությունը կամ ինքնությունը դատարկ խոսքեր են:

Հատկապես վերջին տասնամյակի զարգացումները ցույց են տալիս, թե որքան հեռու են նրանց պատկերացումներն իրականությունից: Պետք է ասել, որ քարոզիչների «պոլիտկոռեկտությունը» խիստ ընտրողական է: Պնդել, որ Հայոց ցեղասպանությունը հորինել է կամ, համենայնդեպս, ուռճացրել է Սովետը՝ իր կայսրական հավակնությունների պատճառով, գուցե «կոռեկտ է» թուրքերի նկատմամբ:

Բայց դա չափազանց ոչ կոռեկտ է այն հայերի նկատմամբ, որոնց նախնիները դարձել էին ցեղասպանության զոհը:

Երբ ադրբեջանցիների հասցեին հնչում են էմոցիոնալ արտահայտություններ, դա Հայաստանում կարող է դառնալ քրեական հետապնդման առարկա: Երբ շատ ավելի թունդ՝ թշնամանք եւ ատելություն հրահրող արտահայտություններ հնչում են հայերի (հատկապես արցախցիների) հասցեին, դա մեր երկրում համարվում է միանգամայն նորմալ:

Մի բան էլ պաշտոնի են առաջ քաշում նման մարդկանց:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am