06/02/2025

Հայաստանը մատաղացու գառ չէ, որ խելոք մնա՝ մի քանի ոչխարի ծիծ ուտի

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Ատլանտյան խորհրդում հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը էապես բարձրացրել է իր ինքնիշխանությունն ու անկախությունը՝ միաժամանակ ներկայացնելով դրա՝ թերևս բավականին տարօրինակ բանաձև:

Մասնավորապես նա ասել է, որ անկախությունը և ինքնիշխանությունը բարձրացնելու համար մեկից կախվածության փոխարեն ապահովել են կախվածություն շատերից:

Նիկոլ Փաշինյանի խոսքի տողատակում, իհարկե, անվտանգության միջավայրի կառավարման այն մեխանիզմի տրամաբանությունն է, ինչի մասին ինքս, օրինակ, խոսել եմ դեռ մեկ-երկու տարի առաջ, որ Հայաստանը իր ներկայիս իրադրության պայմաններում, ռեգիոնում և աշխարհում ներկայիս իրավիճակի պայմաններում չունի այլ տարբերակ, քան անվտանգության միջավայրի «խճանկարային», «խճապատկերային» կառավարումը՝ փորձելով առավելագույնն անել տարբեր գործոններ ներգրավելու համար:

Բայց այդ, ըստ էության, արտառոց ռեժիմը լոկ քարոզչական նկատառումով է հնարավոր ներկայացնել իբրև անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացման տրամաբանություն: Որովհետև բուն իմաստով անկախության և ինքնիշխանության մակարդակի ավելացումը կարող է լինել բացառապես ներքին կարողությունների ընդլայնման հիմքով: Այդտեղ, ցավոք սրտի, անցնող տարիներին Հայաստանը չունի շոշափելի հաջողություն որևէ ոլորտում եւ համակարգում:

Ավելին, ներքին կյանքում կառավարման անարդյունավետությանն առնչվող խնդիրները գրեթե ամենուր են և գրեթե ամեն օր: Ավելին, հիմնականում հենց այդ՝ գործնական արդյունքների բացակայությունը ծածկելու նկատառումն է նաև Նիկոլ Փաշինյանի այն տեղեկատվաքարոզչական ակտիվության հիմնական մոտիվը, որ նկատելի է սոցցանցերում և այլ հարթակներում: Մեկից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելու բանաձևը գուցե ճարտասանություն է, բայց ոչ գործնական ճարտարության նշան:

Անկասկած է, որ Հայաստանը պետք է ունենա արտաքին հարաբերությունների բավականին ընդգրկուն արեալ, ինչը աքսիոմատիկ է թերևս ցանկացած պետության համար: Բայց արտաքին հարաբերությունների համակարգի աշխատանքային արդյունավետությունն էլ չափվում է ներքին կյանքում դրանց կապիտալիզացիայի ծավալով, որակով, ինստիտուցիոնալությամբ: Պարամետրեր, որոնք այսօր Հայաստանում, մեղմ ասած, տպավորիչ չեն: