Արմավիրցի Հայկ Սարգսյանի մասին չէի գրի, եթե վերջին օրերին մամուլը չգրեր Դոնբասի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, «Արբատ» հայկական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի ոդիսականի ու մահվան հանգամանքների մասին։
Հայկն էլ, Արմենի նման, ծնվել է Հայաստանում, բայց ապրել եւ աշխատանքային կարիերա է արել Ուկրաինայում: Ամուսնացել է ուկրաինուհու հետ, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել։ Եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը, Հայկը չէր լքի կնոջն ու երեխաներին եւ Հայաստան չէր վերադառնա։
Այստեղ վարձակալած տանն էր ապրում՝ տարեց ծնողների հետ։ Դժվար էին ապրում: Հետո մի օր անհետացավ։ Երկար բացակայությունից հետո մի օր փողոցում պատահական հանդիպեցիք։ Բարձր տրամադրություն ուներ։ Ասաց՝ պատերազմից է վերադարձել՝ ողջ ու առողջ։ Պարզվեց՝ պատերազմ է մեկնել՝ մեծ գումարի դիմաց, ընդգրկվել է ռուսական մի զորախմբում, որում, իրենից բացի, օտարազգի այլ կամավորներ էլ են եղել, եւ գնացել է կռիվ՝ ընդդեմ Ուկրաինայի։ Այսինքն, ընդդեմ այն երկրի, որտեղ ապրել է, որի զավակին կնության է առել եւ նրանից երեխաներ ունեցել։
«Գիտակցում եմ, որ ստոր քայլ եմ արել կնոջս ու երեխաներիս դեմ, բայց հնարավորությունը ձեռքիցս բաց թողնել չէի կարող։ Պայմանագիրս վեց ամսով էր։ Իմ բաժին կռիվը տալուց-վերջացնելուց հետո բանկային քարտիս կլորիկ գումար նստեց։ Այնքան կլորիկ, որ մեքենա գնեցի ու դրանով եկա Հայաստան․ պարտքերս տվեցի, բազմաթիվ կարեւոր հարցեր լուծեցի, որոնք ֆինանսի պատճառով անկատար էին մնացել, ծնողներիս առողջական խնդիրները հոգացի, մի բան էլ հետ գցեցի՝ ապագայի համար»,- հանգիստ պատմում էր Հայկը` հպարտանալով, որ նման հաջող գործարք է իրականացրել։
Նրա բնորոշմամբ՝ պատերազմն էլ է խոպան, որը «գայթակղում է» ոչ միայն այլազգիներին, այլեւ հենց իրենց՝ տեղացիներին։ «Ձեզ թվում է՝ նրանք հայրենասիրությունից դրդվա՞ծ են իրենց կյանքը վտանգի ենթարկում։ Չեմ բացառում, որ այդպիսիք էլ կան, բայց շատերը փողի համար են կռվում։ Եթե մի բանի մեջ փող կա, էն էլ՝ չտեսնված շատ, ինչո՞ւ ռիսկի չդիմել։ Ճիշտ է՝ նժարին կյանքդ է դրվում, բայց ստացածդ գումարն արժե այդ ռիսկը»,- ասում է Հայկը։
Արցախյան որեւէ պատերազմի Հայկը չի մասնակցել։ 44-օրյայի օրերին նույնիսկ Հայաստան չի վերադարձել, որ գոնե բարոյապես հայրենակիցների կողքին լիներ։ Մտածել է՝ գա ու չմեկնի ռազմաճակատ՝ ճիշտ չեն հասկանա, իսկ եթե մեկնի, մեջն ի՞նչ կա, հաստատ` չի կարող փող աշխատել։ «Հեռվից եմ հետեւել, թե ոնց են հրամանատարները զորքն անտեր թողնում ու փախչում։ Էդ կռվում էլ են լիքը փողեր ֆռֆռացել, բայց դրանք կամավորներին ու շարքայիններին չեն հասել։ Իսկ Ռուսաստանն այդ հարցում ազնիվ է․ կռվեցիր, կենդանի մնացիր՝ փողդ կստանաս, զոհվեցիր՝ ընտանիքդ կստանա»,- ասում է Հայկը, ի պատասխան հարցին՝ բա ո՞ւր մնացին գաղափարներն ու հանուն դրանց ապրել-մեռնելը։
Արմեն Սարգսյանն էլ, Հայկի նման, Ուկրաինայում էր կայացել ու ինքնահաստատվել։ Սակայն դա չխանգարեց ահռելի կապեր ունեցող ու հսկայական միջոցների տիրապետող հային, որ արցախյան գոյամարտերին հեռվից հետեւի, բայց Ռուսաստանի համար վարձկաններ հավաքագրի եւ զենք ուղղի իրեն ոտքի կանգնեցրած երկրի դեմ։ Վերջում էլ իր մահկանացուն կնքի:
Արեգ Մարգարյան
Բաց մի թողեք
Էրդողանը փորձում է ՀԱՄԱՍ-ը վերցնել իր հսկողության ներքո, ընդունակ է նույնիսկ գերտերությունների հաշվարկները խառնել
Անորակ ասֆալտ, թաքնված կապեր. Տեսանյութ
Եվրոպական էլիտաներին ավելի շատ դուր էր գալիս Բայդենը, քան Թրամփը. Պուտին