14/03/2025

Մոսկվան Ալիևին տալիս է «դեմքը պահելու» հնարավորություն, որքան սրտներդ քաշի՝ քննադատեք

Ադրբեջանի «գրոհը» Ռուսաստանի դեմ թափ է հավաքում: Բայց ուշագրավն այն է, որ ադրբեջանական օդանավի աղետի քննության, դրա վերաբերյալ մեդիաարտահոսքերի ֆոնին, գրոհը թափ է հավաքում ոչ թե օդանավի հարցում, այլ Ռոսսոտրուդնիչեստվոյի: Տպավորություն է, որ Իլհամ Ալիևը այդ հարցը բացել է, օդանավի հարցում մանևրի համար:

Իսկ օդանավի հարցում Ալիևն ակնհայտորեն թե՛ հասարակական ճնշման տակ է լուռ, բայց ճնշման, թե՛ ճնշման տակ է, ըստ ամենայնի, Բրիտանիայից, որի «ոտքի տակ» է Իլհամ Ալիևի և նրա կլանի ֆինանսատնտեսական «պոչը»: Օդանավի աղետը և Ռոսոտրուդնիչեստվոն տարբեր կատեգորիաներ են:

Հարցն այն չէ, որ մի տեղ մարդկային ողբերգություն է, մեկ այլ տեղ բոլորովին այլ պատմություն: Քաղաքական իմաստով, օդանավի աղետը միջազգային իրավական գործընթացի հիմք է, այլ կերպ ասած՝ միջազգային կիրառության խաղաքարտ ՌԴ հանդեպ:

Իսկ ահա Ռոսսոտրուդնիչեստվոն, այո, ռուսական փափուկ ուժի միջոց է, որի սահմանափակումը կարող է լինել խնդիր Մոսկվայի համար, բայց, ըստ էության, թեման չի կարող լինել Մոսկվայի հանդեպ միջազգային ճնշման առարկա: Մինչդեռ Բրիտանիային հետաքրքրողը դա է, որովհետև Լոնդոնի համար անհանգստացնող է Թրամփ-Պուտին հնարավոր գործարքը:

Դրան խանգարելու համար պետք է ուժգնացնել ՌԴ հանդեպ միջազգային ֆոնը: Թվում է, թե էլ ո՞ւր այսքանից ավելի, բայց, այդուհանդերձ, Լոնդոնը, ըստ ամենայնի, համարում է, որ միջազգային հանրությունը, միջազգային միջավայրը այսպես ասած ադապտացվել է այդ ֆոնին, առավել ևս՝ հոգնելով ուկրաինական թեմայից:

Ըստ այդմ, պետք է այսպես ասած թարմ «ավյուն»՝ ֆոնը գրգռելու համար, այդ կերպ թերևս անուղղակի ճնշում բանեցնելով նաև Թրամփի հանդեպ:

Ի վերջո, Թրամփի համար հարցը լոկ ցանկության դաշտում չէ, նա հետևողականորեն նախապատրաստել է հանրային կարծիքը Պուտինի հետ շփումներին, ըստ այդմ դրան ընդդիմացող բրիտանացիները հենց հանրային կարծիքի մակարդակում էլ պետք է փորձեն խաթարել Թրամփի մոտեցումները:

Ադրբեջանական օդանավի աղետը Բրիտանիայի համար այդ հարցում «գտնված թեմա» է, ու հատկանշական է, որ Լոնդոնն անմիջապես հայտարարեց քննություն իրականացնող ադրբեջանական ու ղազախական կառույցների հետ մշտական կապ պահող ներկայացուցիչների մասին:

Բայց, Ալիևը կարող է կսմթել Ռուսաստանին, սակայն «տանել Պուտինին» այսպես ասած «տրիբունալ», թեկուզ հարաբերական իմաստով, նա պատկերացնում է, որ կնշանակի արդեն բոլորովին այլ կատեգորիայի դիմակայություն:

Կհաջողվի՞ Ռոսսոտրուդնիչեստվոյի գործով բավարարել ադրբեջանական հանրությանը և այդ կերպ նաև թուլացնել բրիտնական ճնշումը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարել է, որ համաձայն են ռոսսոտրուդնիչեստվոյի մասով Ադրբեջանի պահանջներին և կառույցի գործունեությունը կհամապատասխանեցնեն դրան:

Մոսկվան ըստ երևույթին Ալիևին տալիս է «դեմքը պահելու» հնարավորություն, ակնկալիքով, նա էլ կպահի 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային հռչակագրի «ոգին»: