ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրերս հայտարարել է, որ ցանկանում է Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնել և այն վերակառուցել՝ վերաբնակեցնելով պաղեստինցիներին այլ երկրներում:
Սպիտակ տան ղեկավարը չի ներկայացրել բոլոր մանրամասները, թե ԱՄՆ-ն ինչպես է կառավարելու ոլորտը, սակայն իր գաղափարը ներկայացրել է հետևյալ կերպ.
«Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, մենք այնտեղ կկատարենք աշխատանք: Մենք կտիրապետենք Գազային և պատասխանատու կլինենք այդ տարածքում բոլոր վտանգավոր չպայթած ռումբերն ու այլ զենքերը հեռացնելու համար»,- ասել է Թրամփը լրագրողներին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Վաշինգտոնում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կաշխատի ոլորտի տնտեսական զարգացման վրա այն բանից հետո, երբ այն մաքրվի ավերված շենքերից։
Վաշինգտոնում Նեթանյահուի հետ Թրամփի հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ, և, ինչպես նշում են իրենք՝ երկու երկրի ղեկավարները, շատ հաջող է անցել։
«Ուկրաինայում և Գազայում պատերազմ չէր լինի, եթե ես լինեի իշխանության»,- չի մոռացել նշել ԱՄՆ նախագահը։
Նեթանյահուն հավանել է Թրամփի պլանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լայնորեն քննադատված ծրագիրը և ասել, որ Իսրայելը պատրաստ է «իրագործել այն»։
Ավարտելով իր այցը Վաշինգտոն՝ Նեթանյահուն շաբաթ օրը Fox News-ին տված հարցազրույցում պաշտպանել է Թրամփի առաջարկը՝ պատերազմից տուժած Գազայի հատվածից պաղեստինցիներին տեղափոխելու մասին:
«Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփի առաջարկը երկար տարիների ընթացքում առաջին թարմ գաղափարն է, և այն ունի ներուժ ամբողջությամբ փոխելու Գազայի հատվածը»,- ասել է Նեթանյահուն՝ այդ մոտեցումն անվանելով «ճիշտ» տարածաշրջանի ապագայի համար։
Նա ասել է, որ Թրամփը պարզապես առաջարկում էր պաղեստինցիներին հնարավորություն տալ ժամանակավորապես տեղափոխվել այլ տեղ՝ մինչև Գազայի հատվածը վերակառուցվի:
«Թրամփը երբեք չի ասել, որ ամերիկյան զորքերը պետք է դա անեն։ Մենք դա կանենք»,- ընդգծել է Նեթանյահուն։
Նա նշել է, որ Թրամփի ծրագիրը շեղում է նախկին մոտեցումից, քանի որ տարիներ շարունակ ամեն ինչ արվել է նույն սցենարով:
«Ամեն ինչ կրկնվում է: Հենց որ մենք հեռանում ենք, ահաբեկիչները Գազայում իշխանության են գալիս և այն օգտագործում են որպես հենակետ Իսրայելի վրա հարձակվելու համար: Դա ոչնչի չի հանգեցնում»,- ասել է Իսրայելի վարչապետը՝ հավելելով, որ «գլխավոր խնդիրը» երկիր գտնելն է, որը կհամաձայնի ընդունել Գազայի բնակիչներին:
Նեթանյահուն նաև ընդգծել է, որ Գազա վերադառնալու համար տեղահանված պաղեստինցիները պետք է «հրաժարվեն ահաբեկչությունից»։
Թրամփն իր հերթին ասել է, որ պատերազմի ավարտից հետո Իսրայելը Գազայի հատվածը կհանձնի ԱՄՆ-ին։ Նա սոցիալական ցանցերում գրել է, որ այդ ժամանակ պաղեստինցիներն արդեն վերաբնակեցված կլինեն, և պլանի իրականացման համար ամերիկացի զինվորականների մասնակցությունը չի պահանջվի։ Նա հավելել է, որ հիմա անհնար է ապրել Գազայում և մեկ այլ վայր է պետք:
Ինչու հնարավոր չէ վերաբնակեցում
Թրամփը և նրա խորհրդականները կարծում են, որ ժամանակավոր զինադադարի համաձայնագրով սահմանված՝ պատերազմից տուժած տարածքների վերականգնման համար 3-5 տարի ժամկետը կենսունակ չէ:
«Նայեք, Գազայում տասնամյակներ շարունակ մահ է եղել: Այդ ամենը մահ է: Եթե մենք կարողանանք մարդկանց մշտապես վերաբնակեցնելու համար գեղեցիկ տարածք ստանալ, որտեղ նրանք երջանիկ կլինեն, նրանց վրա չեն կրակի, նրանց չեն սպանի, որտեղ նրանց չեն դանակահարի, ինչպես Գազայում է լինում, ուրեմն հնարավոր կլինի վերաբնակեցում»,- ասել է Թրամփը:
Իսրայելում վարչապետ Նեթանյահուն մշտապես հանդիպում է ճնշման է իր աջակողմյան կոալիցիայի կողմից Գազայում ՀԱՄԱՍ-ի հետ ժամանակավոր զինադադարը դադարեցնելու, ինչպես նաև պատերազմից հոգնած իսրայելցիների կողմից, ովքեր ցանկանում են տուն բերել մնացած պատանդներին և վերջ տալ 15-ամսյա հակամարտությունը:
Միևնույն ժամանակ, Թրամփը զգուշավոր է մնում զինադադարի երկարաժամկետ հեռանկարների վերաբերյալ ենթադրություններից, թեև նա իր վրա է վերցնում Իսրայելի ճնշման ներքո ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքելը, որն ուժի մեջ է մտել անցյալ ամիս՝ Թրամփի վերադարձից ընդամենը մեկ օր առաջ:
«Ես երաշխիք չունեմ, որ խաղաղությունը կշարունակվի», -լրագրողներին ասել է Թրամփը։
Եգիպտոսն ու Հորդանանը հրաժարվում են ընդունել պաղեստինցիներին, Թրամփը՝ փորձում լեզու գտնել
Պաշտոնին վերադառնալուց հետո Թրամփը կոչ է արել Գազայից պաղեստինցիներին վերաբնակեցնել հարևան Եգիպտոսում և Հորդանանում, թեև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը մերժել են առաջարկը:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Պաղեստինի Ինքնավարությունը և Արաբական Լիգան միացել են Եգիպտոսին և Հորդանանին՝ մերժելով պաղեստինցիներին Գազայի հատվածից և գրավյալ Արևմտյան ափի իրենց տարածքներից տեղափոխելու ծրագրերը:
Սակայն Թրամփը պնդում է, որ կարող է համոզել Եգիպտոսին և Հորդանանին ընդունել տեղահանված պաղեստինցիներին՝ շնորհիվ այն զգալի օգնության, որը ԱՄՆ-ը տրամադրում է Կահիրեին և Ամմանին: Նեթանյահուի կառավարության կոշտ աջակողմյան անդամները պաշտպանել են Գազայից տեղահանված պաղեստինցիներին հեռացնելու կոչերը:
Եգիպտոսն ու Հորդանանը, ինչպես նաև արաբական այլ երկրներ կտրականապես մերժել են 2,3 միլիոն պաղեստինցիներին վերաբնակեցնելու Թրամփի կոչերը։ Այնուամենայնիվ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են պնդել, որ դա պետք է արվի «մարդասիրական նկատառումներից ելնելով»:
«Ես անարդար եմ համարում պաղեստինցիներին ասել, որ նրանք կարող են վերադառնալ հայրենիք հինգ տարի հետո միայն: Դա ուղղակի անհեթեթ է»,- լրագրողներին ասել է Թրամփի մերձավորարևելյան բանագնաց Սթիվ Վիտկոֆը:
Սպիտակ տունը կենտրոնացել է Գազայի վերակառուցման վրա այն ժամանակ, երբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև սկսված զինադադարը չափազանց փխրուն է և անհավասարակշիռ:
Բացի այդ, այս ամբողջ պատմության մեջ կա մեկ կարևոր կետ ևս՝ միջազգային իրավունքի համաձայն՝ մարդկանց տեղահանում հայրենիքից հնարավոր չէ, դա համարվում է մարդկության դեմ հանցագործություն, ցեղասպանություն։
Ինչու է Նեթանյահուն «խելոք» համաձայնել Թրամփի պլանին և ուղևորվել Վաշինգտոն
Նեթանյահուի ժամանումը Վաշինգտոն՝ որպես Թրամփի երկրորդ ժամկետում կառավարման առաջին օտարերկրյա առաջնորդի այց, տեղի է ունենում այն ժամանակ, երբ վարչապետի ժողովրդական աջակցությունը օրեցօր նվազում է:
Նեթանյահուն արդեն շաբաթներ շարունակ ցուցմունք է տալիս իր դեմ շարունակվող կոռուպցիայի գործով դատավարության ընթացքում: Իսրայելի կառավարության ղեկավարին մեղադրանք է առաջադրվել խարդախության, վստահությունը խախտելու և կաշառակերության, ինչպես նաև տարբեր բարեհաճությունների դիմաց հարուստ նվերներ ստանալու համար։ Նեթանյահուն հերքում է մեղադրանքները և ասում, որ ինքը «վհուկների որսի» զոհ է դարձել։
Իսրայելում հեղինակություն ունեցող Թրամփի հետ հանդիպումը կարող է օգնել շեղել հասարակության ուշադրությունը դատավարությունից և ամրապնդել Նեթանյահուի հեղինակությունը:
«Մենք Իսրայելում ունենք ճիշտ առաջնորդ, ով մեծ աշխատանք է կատարել»,- ասել է Թրամփը նրա մասին։
Սա Բենյամին Նեթանյահուի առաջին ուղևորությունն է հրեական պետությունից այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը նոյեմբերին Իսրայելի վարչապետի և նրա պաշտպանության նախկին նախարարի ձերբակալության օրդեր արձակեց՝ նրանց մեղադրելով Գազայի պատերազմի ժամանակ մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Միացյալ Նահանգները չի ճանաչում ՄՔԴ-ի իշխանությունն իր քաղաքացիների կամ տարածքի նկատմամբ, բացի այդ, Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի դեմ հետաքննության համար։
ենթադրվում է, որ Նեթանյահուն այցը օգտագործել է նաև Թրամփի վրա Իրանի դեմ վճռական քայլեր ձեռնարկելու համար ճնշում գործադրելու համար: Թեհրանը կրել է մի շարք ռազմական անհաջողություններ, այդ թվում՝ իսրայելական ուժերը զգալիորեն թուլացրել են ՀԱՄԱՍ-ին Գազայում և «Հըզբոլլահ»-ի զինյալներին Լիբանանում, իրականացրել իրանական հակաօդային պաշտպանությունը ոչնչացնելու գործողություն: Եկել է պահը, երբ Նեթանյահուն կարծում է, որ պատուհան է ստեղծել Թեհրանի միջուկային ծրագրի խնդրի վճռական լուծման համար։
Իսրայելի վարչապետի հետ հանդիպումից առաջ Թրամփը հրաման է ստորագրել, որը, ըստ նրա, կուժեղացնի տնտեսական ճնշումն Իրանի վրա։
Բաց մի թողեք
Հայաստանի և թերևս հայության հավաքական խնդիրը պետք է լինի …
Ոսկյա ժամացույց, ադամանդե մատանի, հնաոճ իրեր, միլիոնավոր դրամներ․ Գյումրիի «հարուստ» և «աղքատ» թեկնածուները
Փաշինյանի հյուրընկալած թուրք լրագրողը Երևանում անցկացրած մեդիատուրի մասին իր ռեպորտաժում «պատմական թուրքական» է որակել