Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է մինչև շաբաթ կեսօր ազատ արձակել բոլոր պատանդներին, հակառակ դեպքում Գազայի հատվածում հրադադարը կխախտվի։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«Եթե նրանց չվերադարձնեն մինչև շաբաթ օրը ժամը 12:00-ը, ես կարծում եմ, որ եկել է ժամանակը չեղյալ համարելու բոլոր [բոլոր համաձայնությունները], և դժոխք կլինի․․․ [Այդպես կլինի նույնպես] եթե նրանց չվերադարձնեն միասին, ոչ թե երկու-երկու կամ մեկ-մեկ», – ասել է նա:
Նա խուսափել է պատասխանել այն հարցերին, թե ինչ կանի ԱՄՆ-ը, եթե ՀԱՄԱՍ-ը չկատարի սա։ «Կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Թրամփը։
Երկուշաբթի օրը ՀԱՄԱՍ-ի ռազմական խոսնակ Աբու Ուբայդան հայտարարել էր, որ շարժումը հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակումը, որոնք պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին։ «Համաս»-ը կարծում է, որ Իսրայելը խախտել է գործարքի պայմանները, երբ «հետաձգել է տեղահանվածների վերադարձը անկլավի հարավից հյուսիս, կրակ բացել Գազայի բնակիչների վրա և չի ապահովել անհրաժեշտ քանակությամբ մարդասիրական օգնության բոլոր տեսակները»։
Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։ Համաձայն պայմանավորվածությունների՝ համաձայնագրի առաջին փուլի իրականացումը կտևի 42 օր։ Այս ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի առնվազն 33 պատանդի՝ Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Պատանդների ազատ արձակման վերջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 8-ին, երբ երեք իսրայելցիներ Գազայից վերադարձել են հայրենիք։ Դրա դիմաց Իսրայելն ազատ է արձակել 183 պաղեստինցի բանտարկյալների։

Բաց մի թողեք
Առանց Գերագույն առաջնորդի հավանության ոչ մի որոշում չի ընդունվում. Իրանի նախագահ
Վե՛րջ տվեք այս սպանդին․ Կաննում հաղթած ռուս ռեժիսորը՝ Պուտինին. Լուսանկար
Առաջիկա ժամերին լավ լուրեր կարող ենք լսել Իրանի հարցով․ Ռուբիո