«Փափուկ ուժը», որը Միացյալ Նահանգները կիրառում էր ամբողջ աշխարհում եւ այդ նպատակով ծախսում էր միլիարդավոր դոլարներ, այլեւս նույն մասշտաբով չի կիրառվի:
Խոսքը, մասնավորապես, աշխարհով մեկ սփռված այն հ/կ-ների եւ լրատվամիջոցների մասին է, որոնք նախորդ վարչակազմերի օրոք առաջ էին տանում ԱՄՆ-ի շահերը՝ հակադրվելով «ոչ բարեկամական» ռեժիմներին եւ պաշտպանելով այն ռեժիմները, որոնք Միացյալ Նահանգներին ձեռնտու էին:
Երբեմն դա օգտակար էր «փափուկ ուժի» տակ հայտնված երկրներին, երբեմն՝ ոչ: Հաճախ ակնհայտ էին «յուրային» եւ «ոչ յուրային» ռեժիմների նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտները: Ամենեւին այնպես չէ, որ արժեքները (ճիշտ, կարեւոր արժեքները, այդ թվում՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը) միշտ վճռորոշ նշանակություն ունեին:
Բայց այդ ամենը քննարկելն այսօր առանձնապես իմաստալից չէ: Որովհետեւ պարզ է մի բան. այսուհետ այդպես չի լինի: Գործը հասել է նույնիսկ «Ազատություն» ռադիոկայանին: Չեմ կարող դատել ամերիկյան այդ լրատվամիջոցի ամբողջ աշխարհասփյուռ գործունեության մասին:
Ինչ վերաբերվում է հայկական խմբագրությանը, ապա 2018-ին՝ նախահեղափոխական շրջանում, հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո էլ՝ տեւական ժամանակ, այն, իմ կարծիքով, դրսեւորում էր ակնհայտ նիկոլականություն:
Հիմա շատ ավելի չեզոք է եւ անաչառ: Այնպես որ՝ անձամբ ես ցավ կապրեմ, եթե այդ խմբագրությունը փակվի:
Սակայն կարեւոր է գլոբալ առումով հասկանալ, թե ինչու է ԱՄՆ քաղաքականության մեջ նման կտրուկ փոփոխություն տեղի ունեցել: Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասքը բիզնեսմեններ են, իսկ բիզնեսմենը նախեւառաջ մտածում է ծախսերն օպտիմալացնելու մասին:
Նրանք կարծում են, որ ԱՄՆ նպատակներին հասնելու համար «փափուկ ուժի» վրա ծախսվող տասնյակ միլիարդներն անհրաժեշտ չեն: Եթե, ենթադրենք, Պանամայում պետք է վերահսկողություն հաստատել, նրանք չեն ֆինանսավորի պանամական հ/կ-ները, որպեսզի դրանք այս կամ այն առիթով միտինգներ անեն կամ, անհրաժեշտության դեպքում, բախումներ հրահրեն:
Նրանք կդիմեն շատ ավելի կոշտ տնտեսական կամ նույնիսկ ուժային միջոցների: Առնվազն 4 տարի այդպես է լինելու: Ենթադրում եմ, որ Հարավային Կովկասի հանդեպ ԱՄՆ ներկայիս վարչակազմը չունի այն հետաքրքրությունը, որն ունի Պանամայի, Կանադայի կամ Գրենլանդիայի հանդեպ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան