Վաշինգտոնյան այցի ավարտին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի հետ ոտքի վրա «կպցրած» «հանդիպման» լուսանկարը եւ Նիկոլ Փաշինյանի գրառումը, թե` «Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ», արդեն քանի օր է՝ արժանացել է բուռն քննարկումների, քննադատությունների։ Իշխանության քննադատներն իրար հերթ չտալով հիշեցնում են, որ միջպետական հարաբերություններում «ճանաչողական այց» հասկացություն առհասարակ գոյություն չունի, եւ որ Փաշինյանն այդ տերմինը հորինել է Վենսի հետ ոտքի վրա արված լուսանկարից հետո` ԱՄՆ կատարած այցի ֆիասկոն թաքցնելու համար:
Հրապարակ թերթը գրել է․ Գրում են, որ ՀՀ վարչապետն անցանկալի անձ է արտաքին դերակատարների համար, որոնք նրան ընդամենը գործիք են դարձրել՝ իրենց պետությունների շահերը մեր տարածաշրջանում առաջ մղելու համար։
Իսկապես` իրականում «ճանաչողական այց» հասկացություն գոյություն չունի միջպետական հարաբերություններում, եւ այդ մասին են վկայում նաեւ դիվանագիտական աղբյուրներն ու տարբեր փաստաթղթեր։ «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2018 թվականի ապրիլին, երբ Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանականի։ Այս օրենքը կարգավորում է տարատեսակ այցերի, հյուրընկալության, բյուջետային ծախսերի, ավագության եւ այլնի մասին հարցերը։ Բարձրաստիճան պատվիրակությունների այցերի տարբեր ձեւաչափեր կան՝ պետական, պաշտոնական, աշխատանքային, մասնավոր, անձնական հյուրի կարգավիճակով, տարանցիկ այցեր, բայց ո՛չ ճանաչողական։ Պետական այցն օտարերկրյա պետությունների ղեկավարների՝ քաղաքական բովանդակությամբ բացառիկ նշանակություն ունեցող այցելությունն է, որին տրվում է ընդգծված հանդիսավորություն։
Ի դեպ, այս այցերի ժամանակ պետության ղեկավարը մինչեւ 10 ուղեկցողի՝ գերատեսչության ներկայացուցիչների կարող է ընդգրկել պատվիրակության կազմում, ինչպես նաեւ՝ իր կնոջը։ Սա միջպետական հարաբերությունների ամենաբարձր մակարդակն է: Երկրորդ մակարդակը պաշտոնական այցն է, որն օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների եւ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների այցելությունն է՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Պետական այցից պաշտոնականը տարբերվում է քաղաքական բովանդակությամբ, մասնակցության ձեւաչափով եւ արարողակարգային միջոցառումների մակարդակով: Մասնավոր այցն օտարերկրյա պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է՝ հանգստյան, բուժման, ինչպես նաեւ տվյալ պետության դեսպանի հրավերով կամ զբոսաշրջության նպատակով: Տարանցիկ այցը պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի կարճատեւ այցելությունն է՝ երրորդ երկիր մեկնելու նպատակով:
Չնայած 2018 թվականին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը ներքին լսարանին ներկայանում է որպես նորանկախ Հայաստանի պատմության ամենաժողովրդավար, ամենաինքնիշխան ու լեգիտիմ իշխանություն, որի հետ իբր հաշվի են նստում աշխարհի գերկենտրոնները, որովհետեւ չի դառնում այս կամ այն պետության «սապոգը լիզող», սակայն ուշագրավ է, որ իր պաշտոնավարման մոտ յոթ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը գեթ մեկ պետական այց չի իրականացրել` վարչապետի պաշտոնական կայքում, համենայնդեպս, նման այցի մասին որեւէ տեղեկություն չկա։
Ի դեպ, Փաշինյանի ընտանեկան թերթը տարիներ առաջ՝ 2000-ականների մի հրապարակման մեջ պետական այցի մասին ուշագրավ դիտարկումներ է արել, որը ներկայացնում ենք բառացի․ «Պետական այցը դիվանագիտական հարաբերությունների, երկու երկրների հարաբերությունների ամենաբարձր մակարդակն է խորհրդանշում, ինչը ենթադրում է բացառիկ հարգանք հյուրընկալող երկրի պետականության նկատմամբ»: Եվ չնայած Փաշինյանը քաղաքական մեկուսացման մեջ չէ, անցած յոթ տարիներին տարբեր այցեր է ունեցել, սակայն դրանցից ոչ մեկը չի եղել պետական, ուստի կարող ենք ասել, որ աշխարհի գերտերությունների եւ հզորների` Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքի մասին լեգենդները ոչ մի իրական հող չունեն իրենց տակ։
Փոխարենը Փաշինյանի կողմից «մերժվածները»` նախկին նախագահները, իրենց պաշտոնավարման շրջանում առնվազն մի քանի պետական այց են կատարել։ Ըստ նախագահականի կայքի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում պետական այցով 9 երկրում է եղել՝ Չինաստան, Ռուսաստան, Սինգապուր, Չեխիա, Կիպրոս, Հունաստան, Քուվեյթ, Ուրուգվայ, Հունգարիա։
ՀՀ երկրորդ նախագահի այցերի մասին կոնկրետ տվյալներ չենք կարող ներկայացնել, որքան էլ տարօրինակ է՝ նախագահականի կայքում Քոչարյանի այցերի մասին տեղեկատվությունը բացակայում է, նրա գրասենյակի ղեկավարն էլ անպատասխան թողեց մեր զանգերը, սակայն բաց աղբյուրներից «որոնողական» աշխատանքների արդյունքում գտանք մի քանի այցի մասին հիշատակում՝ Ուրուգվայ, Բրազիլիա, Հնդկաստան, Հունաստան։ Թեեւ լավատեղյակ աղբյուրն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը տարեկան առնվազն 1-2 պետական այց ունենում էր: Սա՝ այն դեպքում, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թմբկահարում էր նախկինների ոչ լեգիտիմության, աշխարհի կողմից մերժված լինելու, կեղծված ընտրություններով անցնելու, Մարտի 1-ի արդյունքում տարբեր սանկցիաների տակ գտնվելու մասին։ Փաստերը հակառակի մասին են վկայում:
Բաց մի թողեք
Ընտրությունը փակ է լինելու, սակայն կան շատ լավ թեկնածուներ․ Բաբայան
Ռուբեն Վարդանյանին նույնացնում եմ Լևոն Հայրապետյանի հետ․.. մեր առաջին թշնшմին մեր անտարբերությունն է. Լուսանկարներ
Համախմբվածությունը ոչ թե իշխանությանը հեռացնելու հարցում պետք է լինի, այլ, թե ինչ ենք ուզում. Մանուկյան