12/03/2025

Երևանն ինչո՞ւ չի հայտարարում, որ նոյեմբերի 9-ի իր ստորագրությունն այլևս վավեր չէ

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի վարչապետի հոդվածին՝ այն որակելով իրականության խեղաթյուրում: Արձագանքը եղել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի մակարդակով: Ադրբեջանի արձագանքի մեջ, սակայն, ուշադրության արժանին դա չէ, որովհետև որևէ կերպ սպասելի չէր, որ Բաքուն խոստովանելու էր Հայաստանի նկատմամբ էսկալացիայի մտադրությունները:

Բնական է, որ Բաքուն պետք է հերքեր, թե ունի ագրեսիվ որևէ մտադրություն: Բայց Ադրբեջանի մոտ չի ստացվել նաև դա հերքելը: Ապաշնորհությո՞ւն է, թե՞ պարզապես հանդգնություն, բարդ է ասել, սակայն Ադրբեջանը ասելով, թե Փաշինյանի հոդվածը «իրականության խեղաթյուրում» է, այդուհանդերձ, գործնականում հավաստել է, որ ունի ագրեսիվ նկրտումներ:

Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասում է, թե պարտավորությունների կատարման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կոմունիկացիոն կապերի բացման ոլորտում, Հայաստանը ուշադրությունը շեղում է այդ գործընթացից: Ինչ է դա, եթե ոչ հենց «իրականության խեղաթյուրում» Բաքվի կատարմամբ: Ընդ որում, ոչ միայն պարզապես խեղաթյուրում, այլ շատ կոնկրետ նպատակ ունեցող:

Ստեղծել մտայնություն և միջազգային համոզում, որ Հայաստանն ունի պարտավորություններ, որոնք չի կատարում: Իսկ չկատարված պարտավորություններն Ադրբեջանը հաջորդիվ կարող է դարձնել պարզապես դրանք ուժով պարտադրելու կամ կատարելու «լեգիտիմ» հիմք:

Ընդ որում՝ Ադրբեջանը փաստորեն նաև մերժել է ճանապարհների ապաշրջափակման հարցում Երևանի արած այն առաջարկները, որոնց մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը իր հոդվածում, որոնց մասին հայտարարել էր նաև ավելի վաղ:

«Հայաստանի կողմից գործնական նշանակություն չունեցող առաջարկները հանգեցնում են թյուրիմացությունների»,- հայտարարել է Բաքվի ԱԳՆ խոսնակը, փաստացի ակնարկելով, որ Ադրբեջանը Երևանի առաջարկները չի համարում գործնական, այսինքն՝ կիրառելի:

Փաստացի, Ադրբեջանի արձագանքը խորքային, տողատակային առումով ոչ թե հերքում է էսկալացիայի ռիսկի մասին Փաշինյանի բարձրաձայնումը, այլ փորձում «մատուցել» այդ ռիսկի այսպես ասած «լեգիտիմ» հիմքեր՝ Հայաստանին վերագրելով պարտավորություններ:

Այստեղ, սակայն, վերստին առաջ է գալիս հարցը, թե Երևանն ինչո՞ւ չի հայտարարում, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և դրա հիման վրա հետագա եռակողմ պայմանավորվածությունների ներքո իր ստորագրությունը այլևս վավեր չէ կամ հետ է կանչվում, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մնացյալ բոլոր կետերը խախտվել են, ընդ որում՝ ագրեսիայի կիրառմամբ: