Ի՞նչ պատասխանատվություն պետք է ենթադրի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքը քրեական ոստիկանության աշխատակիցների համար։
Հարցին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին։
«Կանխարգելման բաղադրիչը կարևոր է, բայց եթե խոսում ենք կանխարգելման մասին, պետք է նկատենք, որ ոստիկանության բոլոր ուղղությունները պատասխանատվություն ունեն այս հարցում, որովհետև տարածքի հետ աշխատող հիմնական օղակները հանդիսանում են համայնքային ոստիկանությունը, պարեկային ծառայությունն ու մնացյալ ստորաբաժանումները, օպերատիվ տվյալների կուտակման տրամաբանության մեջ կարևոր է, թե ինչպիսի շփում կա հանրության հետ, որպեսզի այս տեղեկատվությունը լինի շատ ավելի հասանելի ոստիկանությանը»,- ասաց նա։
Նախարարը նաև նկատեց․ «Մինչ դեպքի վրա հասնելը երկու կողմերի մասով էլ որոշակի քայլեր օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման տրամաբանության մեջ են եղել, ընդհուպ կան հարուցված քրեական վարույթներ, բայց քանի որ տվյալ գործի շրջանակներում արդեն կա նախաձեռնված քրեական վարույթ, կխուսափեմ դեպքի մանրամասներին գնահատական տալուց»:
Ըստ նախարարի՝ հանցավորության կանխարգելման մեթոդաբանության փոփոխության առումով խնդիր կա, ու այս տարի նոր ռազմավարություն են փոխելու, որպեսզի ոստիկանության ամբողջ համակարգը միտված լինի կանխարգելիչ աշխատանքներին։
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին հայտնել ենք, որ այդ գիշեր հարձակում է եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվեց Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվեց ընտանիքի ընկերը:
Ըստ իրավապահ կառույցների՝ դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 2-ամսյա կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Բաց մի թողեք
Կրակոցներ՝ Սյունիքի մարզում. կասկածյալը Դավիթ Բեկ բնակավայրի նախկին գյուղապետն է. կան վիրավորներ
Վեճի ժամանակ հեռախոսը պատուհանից նետել է․ Երևանի «Կանտար» հյուրանոցից ձերբակալվել են Իրանի և ՌԴ-ի քաղաքացիներ
Թիվ 142 մանկապարտեզում տղամարդը ծեծել է նախկին հարսին, քաշել մազերը