23/02/2025

Թանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին

Հայաստանյան թանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին։

Մասնավորապես, փետրվարի 15-ին, ժամը 13։00 10 հաջողակ զույգեր կայցելեն Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ամենասիրված զույգերից մեկը` դերասան Ներսես Ավետիսյանը և լուսանկարիչ Լիլիթ Յունի Ղազարյանը հատուկ շրջայց կանցկացնեն «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային բացառիկ ցուցադրության սրահում։

Փետրվարի 15-ին, ժամը 14:00 Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ևս կնշեն Սուրբ Սարգսի տոնը սիրո և արվեստի մթնոլորտում։ Միջոցառման ընթացքում կներկայացվի Մարտիրոս Սարյանի և նրա կնոջ՝ Լուսիկի, ջերմ ու հուզիչ սիրո պատմությունը, կընթերցվեն նրանց սիրային նամակները։

Փետրվարի 15-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի «Սուրբ Սարգսի պատկերները հայ միջնադարյան արվեստում» թեմայով դասախոսությանը։ Բանախոսն արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանն է։ Բացի այդ, մինչև փետրվարի 16-ը Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը: Կտավում պատկերված են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը` Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը, որոնք 14 զինվորների հետ նահատակվել են հանուն քրիստոնեության: Նկարը Ազգային պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց, որտեղ պահպանվել է նաև Սուրբ Սարգսին պատկերող 7-րդ դարի որմնանկար:

Բացի այդ, Հայաստանի փայտարվեստի թանգարանում նույնպես կանցկացվեն միջոցառումներ՝ վարպետաց դասեր՝ թելից ճակատնոցի կամ թևնոցի պատրաստման թեմատիկայով։ Կգործի նաև սիրային ֆոտոզոնա։

Փետրվարի 15-ին Գրականության և արվեստի թանգարանն ի նշանավորումն մեծանուն քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակի՝ գեղեցիկ անակնկալ է պատրաստել սիրահարների համար։ Թանգարանում դրված տուփից հանելով բացիկը՝ այցելուները հնարավորություն կունենան տերյանական բառերով սիրային խոստովանություն կարդալու ձեր սիրելիի համար։

Նախատեսված են միջոցառումներ նաև այլ մշակութային հաստատություններում։

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրը հայ եկեղեցու տոներից է: Այն ընդունված է նշել թե’ եկեղեցական ծիսակարգով ու աղոթքներով, թե’ աշխարհիկ ավանդույթների համաձայն: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց ապագա ընտրյալի հայտնությունը երազում: Սովորույթներից է նաև փոխինձով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին:

Ըստ ավանդույթի` եթե Սուրբ Սարգիսը հրեշտակների ուղեկցությամբ անցնում է և ալյուրի կամ փոխինձի վրա թողնում ձիու պայտի հետքը, ապա այդ տարի իրականանում են երազանքները: Երիտասարդներն այս օրը միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի առթիվ Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ և կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: