Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը զեկուցեց, որ Ամիրյան, Քոչինյան և Զաքյան փողոցներն անցած տարի ամբողջությամբ ասֆալտապատվել էին, նաև միջին նորոգման աշխատանքներ էին կատարել, բայց նախորդ ամիս պարզվել է, որ տարածքում չարտոնված ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ են կատարվել, հավանաբար՝ գիշերային ժամերին:
Չարտոնված լինելուց բացի՝ նաև անորակ աշխատանք է կատարվել. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գործընկերներին խնդրեցի, որպեսզի իրականացնեն քանդման աշխատանքներ»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այսուհետ նման դեպքեր արձանագրվելիս դիմելու են ոստիկանություն՝ պարզելու, թե ովքեր են համայնքային ունեցվածքը փչացնում:
Հովհաննիսյանը նաև նշեց, որ նման դեպք արձանագրվել է նաև Կոմիտասի պողոտայում, երբ գազի խողովակի միացման աշխատանքներից հետո անորակ ասֆալտապատում է արվել։ Նույնը նաև Պարոնյան փողոցում, որտեղ ՀԷՑ-ն աշխատանքներ է իրականացրել, ապա քաղաքապետարանի դիտողություններից հետո ասֆալտապատել է չափանիշներին համապատասխան։
Ըստ փոխքաղաքապետի՝ Երևանի քաղաքապետարանն այսուհետ թվային հարթակներում կներկայացնի, թե որ փողոցներում է նախատեսում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել և ինչ ժամկետներում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համաձայնեց փոխքաղաքապետի գնահատականներին․ «Ե՛վ Զաքյան, և՛ Ամիրյան փողոցներում միջին նորոգման աշխատանքներ են արվել, և անթույլատրելի է դառնում որևէ տեսակի միջամտությունն այդտեղ, նամանավանդ՝ առանց թույլտվության, նամանավանդ՝ գիշերով, գողեգող, և այդտեղ, այո՛, համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկենք»։

Բաց մի թողեք
«Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»․ Կոռնիձորի վարչական ղեկավար
Գերմանիայի արևելքում ընտրատեղամասերի բացման հետ մեկտեղ ծայրահեղ աջակողմյան AfD-ն առաջատար դիրք է գրավում
Ալեն Սիմոնյանն ու Անելիա Գուբրյանը պսակադրող քահանան ևս միացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավին