Էր Ռիյադ են մեկնել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և ՌԴ արտգործնախարար Լավրովի գլխավորած պատվիրակությունները, որոնք Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կանցկացնեն ռուս-ամերիկյան բանակցություններ՝ շատ երկար դադարից հետո:
Կքննարկվի նաև Թրամփ Պուտին հանդիպում կազմակերպելու հարցը, որը տեղի կունենա դարձյալ Սաուդյան Արաբիայում: Ամերիկա-ռուսական բանակցության հնարավոր շեշտադրումներին, շրջանակին և ազդեցությանը վերաբերող ասպեկտները քննարկվել են և դեռ կքննարկվեն:
Պակաս կարևոր չէ ինքնին բանակցության անցկացման վայրի հանգամանքը: Անկասկած, այդ ընտրությունը, վայրի վերաբերյալ որոշումը կայացվում է ոչ թե զբոսաշրջային նպատակահարմարություններից կամ աշխարհագրական ճաշակից, այլ կարևոր, էական քաղաքական դետալներից ելնելով:
Այդօրինակ կարևոր բանակցային հարթակների հանգամանքը ունի քաղաքական նուրբ նշանակություն ոչ միայն բանակցող կողմերի, այլ նաև հենց բանակցային հարթակ դարձող երկրների համար:
Լոկ իմիջի համար չէ, որ երկրները ձգտում են դառնալ գերտերությունների միջև բանակցային գործընթացների հարթակ: Այդ կարգավիճակը ստանալը թույլ է տալիս նաև համալրել սեփական քաղաքական կշիռը, տարբեր հարցեր սպասարկելու համար:
Ամերիկա-ռուսական հնարավոր բանակցային հարթակ լինելու հավակնություն դրսևորում էր անգամ Ադրբեջանը, ինչպես հնարավոր էր նշմարել 2024 թվականի դեկտեմբերին Իլհամ Ալիևի հարցազրույցում, որ նա տալիս էր Դմիտրի Կիսելյովին:
Ալիևը հենց այդ հավակնության ակնառու տողատակով էր շոշափում այն, որ Ադրբեջանը մի քանի անգամ եղել է Ռուսաստանի և ՆԱՏՕ բարձրաստիճան զինվորականների, ՌԴ և ԱՄՆ բարձրաստիճան գեներալակազմի հանդիպումների վայր: Սակայն Ադրբեջանի տարբերակը չի էլ դիտարկվել, իսկ ահա դիտարկվող տարբերակների շարքում Թուրքիայի հանգամանքը՝ եղել է, բայց թերևս մերժվել:
ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում հանդիպելում Կրեմլը դեմ չի եղել, հաշվի առնելով, որ դա ընդունելի է եղել թե ԱՄՆ, թե իրենց համար: Իսկ ինչո՞վ ընդունելի չի եղել Թուրքիան, և ո՞ւմ համար:
Այն, որ Անկարան դիտարկվել է, հայտնի էր միջազգային մամուլի հրապարակումներից: Նաև կասկածից վեր է, որ Անկարան ուկրաինական պատերազմի ընթացքում միշտ է ձգտել լինել ամերիկա-ռուսական երկխոսության «միջնորդական հարթակ»:
Բայց 2023 թվականից հետո, երբ Թուրքիայում նախագահի ընտրությունից առաջ Էրդողանը ակնհայտորեն սկսեց «հակվել» դեպի Արևմուտք, համաձայնության գալով նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ անդամակցության հարցում, ռուս-թուրքական հարաբերությունում առաջացավ ակնհայտ սառնություն:
Պուտինն առ այսօր չի ընդունել Թուրքիա այցելելու Էրդողանի հրավերը, որի վերաբերյալ Թուրքիայի նախագահը հիշեցնում էր պարբերաբար:
Ըստ ամենայնի, հենց ռուսական կողմի համար է անընդունելի եղել թուրքական տարբերակը: Ավելին՝ միջազգային մամուլում եղավ տեղեկություն, որ Սաուդյան Արաբիան կամ Էմիրություններն են եղել Մոսկվայի առաջարկը:
Չի բացառվում, որ նաև Անկարայի «վրեժն» է այն վարքագիծը, որ Բաքուն է այս շրջանում ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ: Բոլոր դեպքերում, ակնառու է, որ Թուրքիանն «մերժվել» է կարևորագույն գործընթացի հարթակ լինելու հարցում, ինչը, իհարկե, դժվար է որակել ճակատագրական, բայց, անշուշտ, որոշակի ազդակ է, որը թույլ կտա հետևել իրադարձությունների զարգացման տրամաբանությանը:
Բաց մի թողեք
Թուրքիայի ռեսուրսները բավարա՞ր են, որպեսզի Թրամփ-Պուտին «գործարքին» միջամտի
Բաքուն մտադիր է լրջորեն ներգրավվել մերձավորարևելյան ռեգիոնում ծավալվող գործընթացներում
Մոսկվան չունի Թուրքիային այդ գործընթացում որպես էական դերակատար կամ հաղորդակից տեսնելու մտադրություն