Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած անվտանգության համաժողովը, հիրավի, դարձավ ցնցող քաղաքական իրադարձություն։ ԱՄՆ փոխնախագահ Վենսի աղմկահարույց ելույթը, Եվրոպային ուղղված կոշտ քննադատությունն ակնհայտ դարձրին աշխարհակարգի փոփոխության ուրվագիծը եւ այն, որ աշխարհն այլեւս սեւ ու սպիտակի չէ բաժանված՝ Ռուսաստանի եւ հավաքական Արեւմուտքի միջեւ չէ այլեւս պայքարը։
Հրապարակ թերթը գրել է․ ԱՄՆ փոխնախագահը քննադատեց եվրոպացի առաջնորդներին՝ ասելով, որ նրանց անվտանգության ամենամեծ սպառնալիքը «ներսից» է, այլ ոչ թե Չինաստանից եւ Ռուսաստանից, եւ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է Եվրոպայի անվտանգությամբ, խոսքի ազատության սահմանափակումներով, ընդդիմության նկատմամբ ճնշումներով, այլ կերպ ասած` ժողովրդավարության նահանջով։ Մյունխենի անվտանգության համաժողովի լսարանն ակնկալում էր լսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրերի մասին, բայց դրա փոխարեն նրան հրամցրին ելույթ, որը փոքրացնում էր «Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից սպառնացող վտանգը մայրցամաքի համար»։
Փաստացի, ԱՄՆ նոր իշխանությունը ԵՄ-ին մեղադրում է ավտորիտար կառավարում հաստատելու, սեփական ընտրողի քվեն արհամարհելու մեջ։ Փորձագետների կանխատեսմամբ՝ առաջիկայում ԵՄ դերը գնալով ավելի է նվազելու, եթե ԵՄ-ն՝ ինքը, չգնա կոշտ ռեֆորմների ճանապարհով։ Շահելու են այն երկրները, որոնք արագ կհասկանան գլոբալ խաղի կանոնները եւ կփոխեն իրենց արտաքին քաղաքականությունը։
Աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունները, անշուշտ, ազդելու են նաեւ Հայաստանի վրա, որի ղեկավարները, ակնհայտորեն, չեն պատրաստվում հետեւություններ անել եւ սրընթաց շարժվում են դեպի ԵՄ, որը կորցնում է իր ազդեցությունը եւ առաջատար դիրքերն անգամ ժողովրդավարական արժեքների հարցում։ Քաղաքագետ Սուրեն Զոլյանի համար` ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի նախընտրական քարոզարշավից եւ հնչեցրած լոզունգներից հետո այլեւս անակնկալ չեն այսօրվա իրադարձությունները. «Թրամփը դեռ այդ ժամանակ էր ասում, որ ռուս-ուկրաինական պատերազմը որեւէ կերպ չի նպաստում ԱՄՆ շահերին, իրենք այնտեղ փող են ծախսում եւ ոչ մի օգուտ չունեն պատերազմից, որ ԱՄՆ հիմնական մրցակիցը ոչ թե Ռուսաստանն է, այլ՝ Չինաստանն ու Իրանը, ուստի պետք է պատրաստվել նրանց հետ հակամարտության, այս առումով ՌԴ-ի հետ այնպես պետք է վարվել, որ չմիանա Չինաստանին ու Իրանին, ինչը նշանակում է ՌԴ-ի դիրքերի ուժեղացում։ Եվ ասում էր՝ եթե Եվրոպայի համար Ուկրաինան կարեւոր է, թող զբաղվեն նրանով։ Եթե Ուկրաինան էլ ուզում է, որ ԱՄՆ-ն իրեն օգնի, դրա համար պետք է վճարի, իսկ եթե բան չունի, ապա իր օգտակար հանածոները պետք է տրամադրի Միացյալ Նահանգներին»։
Քաղաքագետն ասում է, որ չնայած Հարավային Կովկասի վերաբերյալ Թրամփն ուղիղ դիրքորոշում չի հայտնել, սակայն վերլուծաբանները եզրահանգումներ են արել, որ պետք է սպասել Միջին Արեւելքում սրացումների․ «Իրանի հետ կապված խնդիրների դեպքում շատ հավանական կլինի, որ ԱՄՆ-ն դիմի Թուրքիային եւ Ադրբեջանին»։
Եռօրյա այցով Մյունխենում գտնվող Փաշինյանը թերեւս ակնկալում էր, որ Եվրոպան կանդրադառնար Հայաստանի ճակատագրին՝ դեպի Եվրոպա դեմքով շրջվելուն, սակայն, ըստ ամենայնի, մեզ չեն էլ նկատել Մյունխենում, ու համաժողովի ֆիասկոն քողարկելու նպատակով Փաշինյանը Մյունխենից հաղորդեց, թե մի հին «Ռենջ ռովեր» է պետությանը վերադարձվել:
Վերլուծաբանների մի ստվար խումբ մյունխենյան համաժողովից հետո ՀՀ իշխանություններին մտերմաբար խորհուրդ է տալիս՝ առնվազն հրաժարվել ԵՄ-ին անդամակցության հայտից, խորհրդարանում երկրորդ ընթերցումով այն չընդունել եւ վերականգնել ՌԴ-ի հետ հարաբերությունները։
Սուրեն Զոլյանն իշխանությունների «մտավոր ունակությունների» վերաբերյալ այնքան լավ կարծիք չունի, որքան նրանք, որ ակնկալում են, թե ստեղծված իրավիճակից Փաշինյանն ու իր թիմը կփորձեն դասեր քաղել. «Ճիշտ է՝ երբեմն որոշ իրավիճակներում իրենք լուծումներ են առաջարկում, բայց ես վստահ եմ, որ դրանք որոշ տեղերից իջեցված հրահանգներ են, այս դեպքում` ինքը հրահանգ չի ստացել եւ հայտնվել է նման անհեթեթ իրավիճակում՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Դավոսում, թե՛ Մյունխենում։ Բացի վիճահարույց հայտարարություններից, քայլերից, ինքն այլ բան չի կարողանում անել, չունի միջազգային ռազմավարական գործելակերպ։ Օրինակ, Թրամփը ձեռնարկեց ուժեղ հարձակում USAID-ի դեմ, ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ավելի հետաքրքիր բան չէր գտել, քան հրավիրել այդ կառույցի ղեկավարին եւ նրա պատվին միջոցառում կազմակերպել, կամ՝ Հայաստանի ԱԺ-ն գնում է Ուկրաինա եւ համերաշխություն հայտնում ուկրաինական ժողովրդին, կամավորներ առաջարկում, այն դեպքում, երբ չենք մոռացել Ուկրաինայի դիրքորոշումը մեր 44-օրյա պատերազմի մասին։ Ի դեպ, միակը, որը մեզ կամավորական խումբ է առաջարկել, եղել է Դոնեցկի չճանաչված հանրապետությունը, որը մերժվեց Ավինյանի կողմից: Այսինքն, փոխանակ գոնե չեզոքություն պահպանեն, ավելի են հրահրում: Իմ կարծիքով, այդ մարդկանց ուղեղում մի գաղափար է ներմուծված` ինչքան հնարավոր է՝ շատ վատություն անել Ռուսաստանին, առանց մտածելու, թե դա ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա։ Գիտեք, անգամ ծիծաղելի էլ չէ, եվրոպացիները նույնիսկ զարմացած են մեր խորհրդարանի քայլից՝ ԵՄ-ի նախագծի վերաբերյալ: Ասում են՝ մենք ունենք ձեզ հետ համապարփակ պայմանագիր, որի կետերը դուք չեք կատարել, հիմա ո՞ւր եք շտապում։ Այս առումով անհեթեթ իրավիճակի մեջ են դնում եվրոպացիներին, որոնք չգիտեն՝ ինչպես պատասխանել մեր քայլին ու ստիպված՝ վերացական մտքեր են հայտնում, մոտավորապես՝ ինչ ուզում եք, ընդունեք»։
Եթե աշխարհաքաղաքական փոփոխություններին ճկուն չես արձագանքում, ուրեմն, ըստ Զոլյանի, քո հաշվին են նաեւ այդ փոփոխությունն իրականացնելու։
Բաց մի թողեք
Ինչպե՞ս են իշխանությունները մեր «փոքր նավը» ենթարկում ալեկոծության վտանգին
Որ միջոցառման համար է հատկացվել 8 միլիոն դրամ
16։30-ին դադարեցրել են աշխատանքները, որ աշխատակիցները նորմալ տուն հասնեն