Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մի քանի օր առաջ ահազանգել էր, որ Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով։ Բլոգերը հայտնի է «У Беллы» օգտանունով։ Լապշինը հայտնել էր, թե չորս օր առաջ՝ վերջին եթերներից մեկի ընթացքում, բլոգերն ասել է, որ ադրբեջանցիներից սպառնալիքներ է ստացել, որ ամեն ինչ «գնված է» Բելառուսում, եւ նրան շուտով կձերբակալեն՝ հանձնելով Ադրբեջանին, սակայն աղջիկը նշել է, թե այդ սպառնալիքներին լուրջ չի վերաբերվում։
Լապշինն արձանագրել էր, որ իրավիճակը բարդանում է, քանի որ Բելառուսն Ադրբեջանի դաշնակից երկիր է, որտեղ չկան իրավունքներ, եւ, բացի այդ, Մինսկում չկա ՀՀ դեսպան, որին հետ են կանչել կես տարի առաջ՝ Լուկաշենկոյի հակահայ հայտարարությունների համար։
Հայ բլոգերը ձերբակալվել է 15 օրով: Ըստ հրապարակումների՝ այդ ընթացքում էլ ձերբակալվածին ցանկանում են հանձնել այլ պետության: Շաբաթ օրը «Հրապարակը» զրուցել էր հայազգի բլոգերի ընկերուհու` Ռոզա Բաղդասարյանի հետ: Վերջինս ասել էր, որ Լապշինն ապատեղեկատվություն է տարածել, ինչը կարող է Բելառուսի իշխանությունների զայրույթը հարուցել, եւ արդյունքում հայ բլոգերը կհայտնվի ճաղերի ետեւում: Նա մասնավորապես ասել էր. «Նրան ոչ ոք չի պատրաստվում հանձնել Ադրբեջանին: Լապշինը թուրքի ասածներն է կրկնում, չգիտեմ՝ ով է նման բան ասել, Բելառուսից վառվածներն էլ կրկնում են, ուղղակի ուզում են Բելառուսի դեմ խոսել: Ես հարյուր տոկոսով գիտեմ, որ այս ստերի ետեւում հայ է կանգնած: Ուղղակի խնդիրն այն է, որ այս ամենից հետո ձերբակալված բլոգերի վրա կարող են նոր գործ սարքել: Քանի որ թուրքերը գիտեն, որ նա բանտարկված է, իրենց ձեռքերը կարող են երկարացնել: Բայց դեռ ոչ մի նորություն չկա, եթե լինի նոր բան, փաստաբանը կտեղեկացնի մեզ: Եթե Լուկաշենկոյի ականջին հասնի, թե հայերն ինչեր են խոսում, հայ բլոգերի համար վատ կլինի»:
Մենք երեկ կրկին կապվեցինք Ռոզա Բաղդասարյանի հետ:
– 4 օր է անցել Բելլա Բաբախանյանի ձերբակալությունից: Կա՞ նորություն: Որտե՞ղ է հայ բլոգերը:
– Դեռ նորություն չկա, այսօր փաստաբանը գնացել է տեսակցության, ուզում են ինչ-որ բաներ գտնել իմ ընկերուհու դեմ, բայց ոչինչ չեն կարողանում: Լապշինը սխալ ինֆորմացիա է տարածել, ինչից հետո հայերն անպատիվ բաներ են սկսել գրել Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին, այդ ամենը հասել է Բելառուսի իշխանությունների ականջին:
– Այդ ամենն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել գործի վրա:
– Թեպետ չեն նեղացնում նրան, բայց փաստաբանն ասում է, որ ինչ-որ մի բան ուզում են գտնել: Բայց գործ չեն բացել:
– Նշում եք, որ Լապշինը ստում է, իսկ որտեղի՞ց եւ ի՞նչ նպատակով են նման խոսակցություններ տարածվել, որ հայ բլոգերին ցանկանում են հանձնել Ադրբեջանին:
– Ավելի վաղ ադրբեջանցիները գրառումներ են արել, որ հայ բլոգերին ձերբակալել են Բելառուսում եւ ցանկանում են Ադրբեջան ուղարկել: Դա եղել է լրիվ սուտ, դեռ փետրվարի սկզբին: Այդ ամենը տարածում են ադրբեջանցիները:
– Քանի՞ տարի է հայ բլոգերն ապրում Բելառուսում:
– Վաղուց է, սակայն Բելառուսի քաղաքացի չէ: Նա ՀՀ քաղաքացի է:
– Այդ դեպքում Հայաստանն ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում:
– Քանի դեռ քրեական գործ չկա, Հայաստանը ոչինչ չի կարող անել, տեսնենք, թե առաջիկայում ինչ կարող է տեղի ունենալ: Բելառուսում Հայաստանի դեսպանություն չկա: Ի դեպ` նա երկու երեխա ունի:
Բաց մի թողեք
Ինչպե՞ս են իշխանությունները մեր «փոքր նավը» ենթարկում ալեկոծության վտանգին
Որ միջոցառման համար է հատկացվել 8 միլիոն դրամ
16։30-ին դադարեցրել են աշխատանքները, որ աշխատակիցները նորմալ տուն հասնեն