ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել եւ դիմել ռազմական գործողությունների, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրին, որը կերաշխավորի Կիեւի երկարաժամկետ անկախությունը՝ գրում է The Wall Street Journal-ը։
Վենսն ասել է, որ Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը դեռ «մնում է սեղանին», եթե Մոսկվան բարեխղճորեն չվարի բանակցությունները։ «Կան լծակների տնտեսական գործիքներ, կան լծակների ռազմական գործիքներ, որոնք ԱՄՆ-ն կարող է օգտագործել Պուտինի դեմ»,- ասել է Վենսը, բայց նաեւ շեշտել, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է «արդյունավետ բանակցություններ վարել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ:
ԱՄՆ փոխնախագահը The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում ասել է, որ «կարող է բանակցությունների արդյունքում գործարք կնքվել, որը կցնցի շատերին»։ Զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:
– Որոշ փորձագետներ պնդում են, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շուտով կհանգուցալուծվի, կողմերը կգան հաշտության, սակայն ռուսական կողմը հետ չի վերադարձնելու 2022-ից հետո գրաված տարածքները: Չնայած սրան, Վենսը բավականին կոշտ, նույնիսկ սպառնալիքի լեզվով է խոսում Ռուսաստանի Դաշնության մասին: Ի՞նչ եք կարծում` ԱՄՆ նոր վարչակարգն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս հակամարտության վրա:
– ՌԴ-ի մասին Ջեյ Դի Վենսի հայտարարությունները բնական են, քանի որ բանակցություններից առաջ կողմերը հանդես են գալիս կոշտ հռետորաբանությամբ, որպեսզի ավելի ամուր, ուժեղ դիրքերից լինի բանակցությունը: Ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը միայն ռուս-ամերիկյան երկխոսությունից չէ կախված: Այն, որ վաղը, ենթադրաբար, Սաուդյան Արաբիայում ամերիկյան եւ ռուսական պատվիրակությունները բանակցություններ են ունենալու, ամենեւին չի նշանակում, որ ինչ-որ հարցեր են լուծվելու: Դրանք ավելի շատ նախնական բանակցություններ են: Շատ կարեւոր է, թե ինչպիսի ընտրություններ են լինելու Գերմանիայում, քանի որ Գերմանիան ԵՄ շարժիչ ուժն է, ինչպես նաեւ տեղի է ունենալու ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը` Ֆրանսիայի նախագահի առաջնորդությամբ: Շատ կարեւոր է, թե այս հանդիպման ընթացքում ինչ որոշումներ կկայացվեն: Այնպես որ, այստեղ որոշողը միայն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն: Ամեն դեպքում, Միացյալ Նահանգները ցանկանում է դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, քանի որ դա, նախ, Ամերիկային լուրջ դիվիդենտներ կբերի, եւ հետո՝ ասեմ, որ ԱՄՆ-ն այդքան հեշտ զիջող չէ, բանակցությունները լինելու են բավականին կոշտ, սակայն դա չի նշանակում, որ Թրամփին հետաքրքիր է Ուկրաինայի ճակատագիրը: Միացյալ Նահանգներին հետաքրքրում է հետեւյալը` եթե Ռուսաստանը մնում է պատժամիջոցների տակ, ստիպված դառնում է Չինաստանի կրտսեր գործընկերը, որպեսզի դա տեղի չունենա, եւ Չինաստանը չհզորանա, ԱՄՆ-ին պետք է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թուլացնել: Ռուսաստանի կախվածությունը Չինաստանից Ամերիկային ձեռնտու չէ: Այս ամենը սարսափելի է Ուկրաինայի համար, քանի որ ստացվում է` Ուկրաինան այս աշխարհաքաղաքական խաղերում փոքրիկ թնդանոթի միս էր, ոչ ավելին:
– Թրամփի վարչակարգը ռուս-ուկրաինական պատերազմի մեղքը փորձում է բարդել ԵՄ-ի վրա, սակայն գաղտնիք չէ, որ հենց Միացյալ Նահանգներն է մեծ ազդեցություն ունեցել այդ հակամարտության մեջ՝ հովանավորվելով Ուկրաինային, ինչպես նաեւ՝ գործոն դարձնելով Զելենսկուն: Սա արդյո՞ք ազնիվ մոտեցում է:
– Քաղաքականության մեջ արդարացի ու ճիշտ հասկացություններ գոյություն չունեն: Այսօր ԱՄՆ-ն կարծում է, որ ինքը չպետք է լինի Եվրոպայի անվտանգության երաշխիքը, որ Եվրոպան պետք է վճարի իր անվտանգության համար: Եկեք չմոռանանք, որ Թրամփը գործարար է եւ ընդամենը հաշվել է, որ Եվրամիությունը բանակ ստեղծելով՝ կարող է թեթեւացնել ԱՄՆ-ի ֆինանսական բեռը:
– Հայաստանում հատկապես ընդդիմադիր շրջանակները մեծ հիացմունքով ու ակնածանքով են Թրամփին ու նրա վարչակարգին վերաբերվում, երբեմն անգամ լեգենդներ հիշեցնող խոսակցություններ ենք լսում` Թրամփ-Պուտին հարաբերությունների մասին: Ի վերջո` Թրամփին հետաքրքի՞ր է այս տարածաշրջանը, թե՞ Հայաստանում կրկին «անջուր բոբիկացել» են:
– Մեր տարածաշրջանը Թրամփին հետաքրքրում է այնքանով, որքանով հնարավոր կլինի մեզ օգտագործել Իրանի եւ Ռուսաստանի դեմ: Այս փուլում Թրամփին հիմնականում հետաքրքրում է Իրանը: ԱՄՆ-ի վերաբերմունքը տարածաշրջանի նկատմամբ պայմանավորված է նրանով, թե ինչ քաղաքականություն կորդեգրվի Իրանի նկատմամբ` ավելի կո՞շտ սահմանափակումներ կլինեն Իրանի դեմ, թե՞ մինչեւ անգամ ռազմական գործողություններ: Հենց սրանից կախված կլինի, թե Թրամփն ինչպես կընկալի մեր տարածաշրջանը:
– Փաստորեն, Բայդենի ռեժիմը Հայաստանին օգտագործում էր Ռուսաստանի դեմ, իսկ Թրամփի ռեժիմը` Իրանի դեմ:
– Տարբերությունն այն է, որ Միացյալ Նահանգները ոչ միայն հակառակորդ, այլեւ թշնամի համարում է Չինաստանին եւ մեծ հաշվով անգամ պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատել, միայն թե թուլացնի Չինաստանին:
– Ուկրաինայի ճակատագիրը, ըստ Ձեզ` ինչպե՞ս կդասավորվի: Ո՞ր ազդեցության գոտում կարող է հայտնվել Ուկրաինան:
– Եթե Թրամփի վարչակարգի տեսլականը հաշվի առնենք, ապա նրանք գրեթե բաց տեքստով ասում են, որ Ուկրաինան այս պահին չի կարող տարածքային ամբողջականությունը վերականգնել: Այսինքն` նրանք ցանկանում են, որ Ուկրաինան առայժմ մնա կիսված, ազդեցության գոտին լինի բաժանված, իսկ հետագայում՝ արդեն տնտեսական եւ այլ հարցերի արդյունքում հնարավոր կլինի վերամիավորում: Ամեն դեպքում վստահ եմ, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ ԵՄ-ն Դոնբասը եւ Լուգանսկը պաշտոնապես չեն ճանաչելու Ռուսաստանի կազմում, բայց դա մի բան է, խաղաղությունն ու հրադադարն այլ բան են: Իրավիճակն այնտեղ կմնա սառը, բայց ոչ թեժ պատերազմական:
– Հայաստանի Հանրապետությունն այս թոհուբոհի մեջ ի՞նչ անելիք ունի: Օրվա իշխանություններն այժմ ԵՄ-ին անդամակցության հարց են քննարկում ԱԺ-ում: Նիկոլ Փաշինյանը հասկանո՞ւմ է, թե ինչ է տեղի ունենում:
– ԵՄ-ին անդամակցելու հարցը պետք է մոռանանք: Այդ թեման արդիական չէ: Հայաստանի իշխանությունները չպետք է շտապեն ու սխալ խաղադրույքներ կատարեն: ԱՄՆ-ն կարող է Հայաստանը դիտարկել Իրանի դաշնակից եւ պատժամիջոցներ կիրառելու հարթակ: Բավականին երկար ժամանակ Հայաստանին հաջողվում էր համոզել, որ դա ստիպված են անում, այժմ էլ պետք է Հայաստանը փորձի նույն բանն անել, որպեսզի Արեւմուտքն ազդեցություն ունենա Թուրքիայի վրա:
Բաց մի թողեք
Ինչպե՞ս են իշխանությունները մեր «փոքր նավը» ենթարկում ալեկոծության վտանգին
Որ միջոցառման համար է հատկացվել 8 միլիոն դրամ
16։30-ին դադարեցրել են աշխատանքները, որ աշխատակիցները նորմալ տուն հասնեն