23/02/2025

Մարդիկ ՔՊ անունը լսելիս քաղաքական պսիխոզի մեջ են հայտնվում

Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` քաղաքապետի թեկնածուներից մեկն առաջարկում է ստեղծել ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է՝ քաղաքը վերածել ներդրումային եւ արդյունաբերական կենտրոնի, արդյունքում, ասում են` կստեղծվի 15.000 + նոր աշխատատեղ, կկատարվի 500+ միլիոն դոլարի ներդրում, եւ կխթանվի գիտական ու տեխնոլոգիական զարգացումը։

Ծրագրի նախաձեռնողը գործարար Կարեն Սիմոնյանն է, որն էլ առաջադրվելու է որպես քաղաքապետի թեկնածու, նա «Մայր Հայաստան» դաշինքի կողմից է առաջադրվելու: Կարեն Սիմոնյանի խոսքով՝ ազատ տնտեսական գոտին թույլ կտա Գյումրուն՝ դուրս գալ աղետի գոտու ստվերից եւ դառնալ ժամանակակից ու ինքնաբավ տնտեսական կենտրոն։ Հենց այս խոստումներով է թիմը փորձում հաջողության հասնել առաջիկա ընտրություններում:

Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախաձեռնող խմբի անդամ, TV 5-ի «Հարցազրույց» հաղորդաշարի երկարամյա վարող Դերենիկ Մալխասյանի հետ:

– Մարդիկ այնքան էլ լավ չեն հասկանում, թե ինչ ասել է ազատ տնտեսական գոտի: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչպե՞ս է կյանքի կոչվելու:

– Գյումրիում պետք է ստեղծվի ազատ տնտեսական գոտի, որը ենթադրում է հարկերի նվազեցում, որոշ դեպքերում` հարկերի նվազեցում 50 տոկոսով եւ այլն, որպեսզի գործարարները գան, Գյումրիում նույնպես ներդրումներ անեն, իսկ պայմանն այն է, որ ոչ թե գրանցեն Գյումրիում, ու այլ տեղ աշխատեն, այլ հենց Գյումրիում աշխատեն, աշխատատեղեր ստեղծեն: Ինչո՞ւ ենք մենք այս գաղափարն առաջ տանում, որովհետեւ Գյումրին Երեւանից հետո, գուցե` Երեւանից առաջ, լոգիստիկ հնարավորություններով ամենամեծ շանսերն ունի՝ նման ներդրումներ ապահովելու համար: Օրինակ` կա օդանավակայան, երկաթգիծ, որը սահմանակից է Թուրքիային եւ Վրաստանին: Այդ հնարավորությունները հաշվի առնելով, հաշվի առնելով նաեւ մարդկային ներուժը, կարող ենք արձանագրել, որ Գյումրին կարող է զարգացում ունենալ: Ի վերջո` Գյումրին Հայաստանի արդյունաբերական կենտրոնն է եղել: Կա մեծ պոտենցիալ: Ուղղակի պետք է տալ հարկային արտոնություններ, որպեսզի քաղաքը զարգանա: Ինչու է այն կարեւոր, քանի որ քաղաքը զարգացնող, քաղաքահեն ծրագիր է սա: Եթե պատմական ակնարկ անենք, կհիշենք, որ երբ հիմնադրվեց Ալեքսանդրապոլը, ռուսներն այն օգտագործում էին ռուսական ռազմաբազայի համար: Այստեղ կառուցվեց տարածաշրջանի ամենամեծ ամրոցը, որտեղ տեղակայվում էր 15 հազար զինվոր: Ստեղծվեց քաղաք, որպեսզի սպասարկի զինվորականությանը: Գյումրին ռազմական կենտրոն էր եւ զարգացում ապրեց հենց այդ տրամաբանության մեջ: Հետո արդեն, երբ թուլացավ այդ գործոնը, երկաթգիծը բերվեց առաջին պլան: Հետագայում անգամ սովետական իշխանությունները հասկացան, որ քաղաքի աճն ապահովող գործոններ են անհրաժեշտ: Դրանք կարող են լինել գործարանների տեսքով, եւ տարածաշրջանի ամենամեծ տեքստիլ կոմբինատը հիմնադրվեց, Կովկասի ամենամեծ մսի կոմբինատը եւ այլն: Տասնյակ հազարավոր աշխատատեղեր էին դրանք ապահովում, այդ պատճառով էլ դարասկզբի 50 հազարանոց Գյումրին հետագայում դարձավ 220 հազար: Վերջին տասնամյակներում Գյումրիում չկան զարգացման այդ գործոնները: Ուղղակի յոլա գնալով, Երեւանից օգնություն խնդրելով՝ մարդիկ գոյատեւում են: Արդյունքում ունենք յոլա գնացող Գյումրի, բայց մեզ պետք է հեռանկարային զարգացման ծրագիր, որը կարող է լինել բացառապես ազատ տնտեսական գոտու շնորհիվ: Որպեսզի մարդիկ Հայաստանից, ինչպես նաեւ՝ սփյուռքից, կարողանան գալ եւ ներդրումներ կատարել: Եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, Գյումրին շատ արագ կարող է զարգանալ:

– Բայց լինելով ընդդիմադիր, ումի՞ց պետք է ֆինանսական աջակցություն, ինչպես նաեւ` տնտեսական արտոնություններ ստանաք: Արդյո՞ք իշխանությունները կաջակցեն ընդդիմադիր ուժին, որ իր ծրագիրն իրականացնի:

– Ես լսում եմ կարծիքներ, որ այդ հարցը Գյումրու ավագանուն չի վերաբերում, որ ավելի բարձր մակարդակներով կարող է այդ հարցը լուծվել, որ վերջին 30 տարիներին շատ է խոսվել այս մասին եւ այլն, սակայն ես համաձայն չեմ այդ մտքերի հետ: Ինչ-որ մարդիկ, ինչպես, օրինակ, Վահան Քերոբյանը, ցանկանում էին Գյումրու զարգացման ծրագիր մշակել, որպեսզի քաղաքը զարգանար, բայց այդ մոտեցումն իրականությունից կտրված մոտեցում էր եւ տարբերվում էր մեր ասածից: Մենք գալիս ենք հակառակից` ծրագիրը ներկայացնում ենք գյումրեցիների դատին, հավաքում ենք ստորագրություններ, լեգիտիմություն ենք ձեռք բերում, այն մտցնում ենք ավագանու օրակարգ եւ ներկայացնում ենք որպես ուղերձ կենտրոնական իշխանություններին: Գյումրեցիների ճնշմամբ այդ ծրագիրը կարող է իրականություն դառնալ: Հույս ունեմ, որ նախքան 2026-ը այս իշխանությունները չեն լինի, կլինեն այնպիսի իշխանություններ, որոնք ադեկվատ կարձագանքեն քաղաքների զարգացման ծրագրերին:

– Իսկ եթե իշխանափոխություն չլինի՞:

– Իհարկե, այդ ռիսկերը պետք է հաշվի առնենք, սակայն մենք լավ ենք տրամադրված եւ համոզված ենք, որ 2026-ին այլ իրականության մեջ ենք ապրելու: Այդ սկզբունքով ենք առաջնորդվում:

– Աչքի տակ ունե՞ք ներդրողներ:

– Եթե ասեմ, որ փողերով նստած մարդիկ սպասում են` չէ, այդպես չէ, որովհետեւ չկա ծրագիր: Այսինքն` դեռ չենք հասցրել այն իրականություն դարձնել: Բայց մենք խոսել ենք գործարար շրջանակների հետ, քննարկել տարբեր հարցեր, ինչպես Հայաստանից, այնպես էլ ՀՀ-ից դուրս: Արձագանքը դրական է եղել: Ոչ թե մեր սիրուն աչքերի համար են անելու ներդրումեր, այլ` Գյումրին զարգացնելու համար:

– Գյումրիում տարբեր ուժեր են պատրաստվում մասնակցել ընտրություններին, անգամ սորոսական Լեւոն Բարսեղյանն է որոշել մասնակցել: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պատկեր կունենանք ընտրությունների արդյունքում:

– Ով ուզում է, թող մասնակցի: Ես գյումրեցիների հետ հարյուրավոր հանդիպումներ եմ ունեցել, միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ գյումրեցիները ՔՊ-ի անունը չեն ուզում լսել, պարզապես զզվում են: Մարդիկ այդ անունը լսելիս քաղաքական պսիխոզի մեջ են հայտնվում: