Փակ դռների հետեւում ՔՊ-ի սրտի դատաիրավական համակարգը որոշում է՝ որ հանցագործին դատապարտել ազատազրկման, որին` բաց թողնել։ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի օրոք ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարվեցին, եւ ներդրվեց «գործուն զղջալու ինստիտուտը», որը 2023-ից արդեն կիրառելի է նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց դեպքում։
Հրապարակ թերթը գրել է․ Քրեական օրենսգիրքը գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար սահմանում է մի շարք նախապայմաններ. անձը հանցանքը կատարել է առաջին անգամ, արարքը դասվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների շարքը, անձը համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, հատուցում է իր պատճառած վնասը: Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացվեց հետեւյալ բովանդակությամբ. «1.1 Եթե անձի առաջին անգամ կատարած հանցանքը դասվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի եւ այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը»։
Օրենքն ընդունելուց մոտ մեկ տարի անց՝ 2024 թ․ հունվարի 30-ի դրությամբ, ըստ դատախազության, գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած 184 անձ ազատվել է քրեական պատասխանատվությունից։ Ովքե՞ր են նրանք, ի՞նչ տիպի հանցանք են կատարել, դատախազությունը չի մեկնաբանում, պատճառաբանում է, թե դրանք հրապարակման ոչ ենթակա տվյալներ են։ Ինչպե՞ս են հասկանում, թե որ անձի դեպքում պետք է գործուն զղջալու ինստիտուտը կիրառել։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասում է․ իր մասնակցությամբ գործերից միայն մի դեպքում է այս նորմը կիրառվել` էկոնոմիկայի նախարարության եւ «Սիներջի» ընկերության քրեական գործով՝ Լիլի Մկրյանի դեպքում։ «Հաշվի առնելով այն, որ գործնականում այդ օրենքի եւ փոփոխված դրույթի կիրառումից մենք առանձնապես լուր չունենք, տրամաբանությունը հուշում է, որ այն յուրայինների դեպքում է միայն կիրառվում»,- ասաց նա։ «Արդեն սահմանել են, որ ծանր հանցանքի դեպքում գործուն զղջալու ինստիտուտը կարող է գործել։ Այս դրույթը նախատեսել են, որ այդ դասի հանցագործություն արած անձին, որոշակի գործոններով պայմանավորված, ազատեն պատասխանատվությունից»,- նշեց նա։
Քանի որ հստակեցված չէ, թե նույն հանցանքը կատարած անձանցից ում դեպքում կարելի է գործուն զղջալու հիմքով հետապնդումը դադարեցնել, ըստ Ալեքսանյանի, դա խարխլում է իրավունքի հիմքերը։ «Եթե խտրական մոտեցում է ցուցաբերվում, խախտվում են իրավունքի հիմքերը։ Շատ են դեպքերը, երբ մարդն ունի երեխա, հանցանքն առաջին անգամ է կատարում, դատապարտված է, սակայն այս մարդկանց դեպքում օրենքը չի կիրառվում։ Խտրական մոտեցումն այս մասին է»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ գործուն զղջալու ինստիտուտը գործում է նախաքննության եւ դատաքննության փուլում, բայց մինչեւ դատավճռի կայացումը` դատապարտված անձանց դեպքում այս նորմը չի գործում։
Բաց մի թողեք
Վաղարշապատի համայնքապետի սկեսրայրի գազալցակայանում հրազենով մարդ է սպանվել
«Իրենք երեք օր է մեր վրա աշխատում են, պուլիմյոտից կրակում են մեր վրա, սակայն մենք գոնե մի կրակոց ի պատասխան չենք արձակել»
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է