Գյումրիում նախընտրական կրքերը թեժացել են, ավելին՝ հասել են կուլմինացիոն կետին։ Թեկնածուների առողջ մրցակցությունը վերածվել է անառողջ պայքարի։ Անխնա միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, վարկաբեկում իրար։ Եվ սա այն դեպքում, երբ ոչ ոք դեռ չի առաջադրվել, առաջադրումները դեռ չեն մեկնարկել։
6 թեկնածու արդեն հայտարարել են Գյումրու քաղաքապետի ընտրություններին իրենց մասնակցության մասին։ Գյումրու համայնքապետի համար պայքարելու է Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ական Սարիկ Մինասյանը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ է մասնակցելու, ըստ մեր տեղեկությունների, նա «Հայրենիք» կուսակցությամբ է առաջադրվելու:
Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն ԲՀԿ ավագանու նախկին անդամ Արտյոմ Ղարաղազարյանն է: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ Կոմունիստական կուսակցությամբ է առաջադրվելու:
Իր առաջադրման մասին է հայտարարել նաև հայտնի գործարար Կարեն Սիմոնյանը, որը, մեր տեղեկություններով, Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածուն է:
Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանն Էլ «Իմ հզոր համայնք» կուսակցությունով է որոշել առաջադրվել ։
Մինչ ՔՊ-ականները համացանցային արշավ են ձեռնարկել Ռուբեն Մխիթարյանի դեմ՝ նրան համարելով իրենց հիմնական մրցակիցը, երեկ Գյումրիի թեմայով ասպարեզ իջավ նաեւ «Եվրաքվե» նախաձեռնության մաս կազմող «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իհարկե, եթե Վարդանիկին մեկուսացնելու քաջություն չունես, ապա արտերկրում գտնվող Սամվել Բալասանյանի նկատմամբ պետք է հետախուզում հայտարարես։ Զավեշտն այն աստիճանի է հասել, որ Գյումրիին ամենաշատ վնաս հասցրած նախկին քաղաքապետը՝ սպանություններով, գողություններով, ապօրինություններով ու կեղեքումներով հայտնի Վարդանիկը մասնակցում է առաջիկա ընտրություններին, մինչդեռ Սամվել Բալասանյանը հետախուզվում է։ Եթե Վարդանիկի քրեական անցյալով ու սպանություններով հայտնի որդուն՝ Սպարտակին, դատելու կամք չունես, ապա պետք է կալանավորես Սամվել Բալասանյանի որդուն, ով երբեք որևէ քրեական գործի մեջ ներգրավված չի եղել։ Իսկ Սպարտակն էլ թող զենքը ուսին շարունակի ամենավերջին հայհոյանքները հնչեցնել իր ընտանիքի քաղաքական հակառակորդների հասցեին։ Իշխանությունների անտարբերության, կամազուրկ քայլերի արդյունքում ձևավորված այս ամենաթողության շղթան պետք է կտրել։ Եվ մենք դա կանենք։ Անկասկած։ Հ․Գ․ Տեղեկացնեմ, որ ես ոչ Վարդանիկին եմ ճանաչում, ոչ նրա որդուն, ոչ էլ երբևէ հանդիպել եմ Սամվել Բալասանյանին կամ նրա որդուն։ Պարզապես անազատության մեջ, կալանավայրում, պատմում էին, որ իմ հետ կալանք կրողներից մեկը Սպարտակի կատարած սպանությունն իր վրա վերցրած Սպարտակի ընկերն է»։
Հիշեցնենք, որ երեկ իրավապահները նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել եւ կալանավորելու որոշում կայացրել՝ Սեւ ամրոցի գործով, որը դեռ ամիսներ առաջ էր հարուցվել։ Ընտրությունների ֆոնին, չգիտես՝ ինչու, կրկին նպատակահարմար գտան հիշեցնել, որ նախկին քաղաքապետը «հանցագործ է»։
Անդրադառնալով Արման Բաբաջանյանի գրառմանը՝ նշենք, որ նրա մտահոգությունն ամենևին պատահական չէ։ Ըստ վերջին լուրերի, «Եվրաքվե»-ն ևս պատրաստվում է մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին և այս օրերին քննարկում են իրենց թեկնածուի հարցը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Գյումրու ավագանու նախկին անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին են առաջարկել լինել իրենց թեկնածուն։
Բաց մի թողեք
Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում
Երևանը կոլապսի մեջ է, իշխանությունը պարալիզացվել է, ավտոբուսները կանգնած են․ Տեսանյութեր
Չափազանց պարզ է. Փաշինյանի այդ քայլը պայմանավորված է Ադրբեջանի հայտնի պահանջով