Հարավաֆրիկյան հանրապետությունում տեղի է ունեցել Թուրքիայի ու ՌԴ արտգործնախարարների հանդիպումը՝ G20-ի արտգործնախարարների հավաքի շրջանակում:
Ըստ տեղեկատվության, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններ, Մերձավոր Արևելքին առնչվող թեմաներ, շեշտադրվել է Սիրիայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ աշխատանքի կարեւորությունը, ինչպես նաև՝ ՌԴ արտգործնախարարը Ֆիդանին իրազեկել է Էր Ռիյադում ռուս-ամերիկյան բանակցության մասին:
Ի դեպ հայտնի է, որ այդ բանակցության մասնակից պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մեկնել Յոհանեսբուրգ և չի մասնակցի G20-ի արտգործնախարարների հավաքին: Պատճառը թերևս այն է, որ Հարաաֆրիկյան հանրապետությունը Գազայի վերաբերյալ կոնֆլիկտում ունեցել է խիստ հակաիսրայելական դիրքորոշում և հենց Յոհանեսբուրգը Հաագայի միջազգային դատարան ներկայացրեց հայց Նաթանյահուի դեմ, որով հետագայում կայացվել է նաև նրան ձերբակալելու որոշում:
Մարկո Ռուբիոն Ֆիդանի հետ հանդիպում էր ունեցել Մյունխենի անվտանգության վեհաժողովում՝ Էր Ռիյադում կայանալիք հանդիպումից առաջ: Ռուս-ամերիկյան բանակցության ընթացքում շոշափվե՞լ է Թուրքիային ուղիղ առնչվող որևէ հարց, և ընդհանրապես Անկարայի դերը հարցերի և օրակարգի այն շրջանակում, որ կարող էին քննարկել Մոսկվան ու Վաշինգտոնը, կամ՝ պատրաստվում են քննարկել:
Այն օրը, երբ Ռիյադում կայանում էր ամերիկա-ռուսական բանակցությունը և թերևս սակարկության լայն գործընթացի մեկնարկը, Թուրքիայի նախագահ Էրդողանը Անկարայում ընդունում էր Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, ինչպես նաև նույն օրը հեռախոսազրույց ունենում ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ:
Հետաքրքիր է, որ, Լավրովն օրինակ Ֆիդանի հետ հանդիպմանը նրան տեղեկացնում է Ռիյադի հանդիպմանն առնչվող հարցերի մասին, սակայն տարածված հաղորդագրություններում խոսք չկա այն մասին, որ Ֆիդանն էլ Լավրովին հայտնել է Անկարայում Զելենսկու բանակցությունների հետ կապված տեղեկություններ:
Իհարկե Ֆիդանն ինքը չի բանակցել Զելենսկու հետ, ի տարբերություն Ռիյադում Լավրով-Ռուբիո բանակցության, բայց բոլոր դեպքերում նա, իհարկե, կարող էր լինել որոշակիորեն տեղեկացված: Դա վկայու՞մ է, որ ռուսական կողմին, օրինակ` այնքան էլ չի հետաքրքրել, թե ինչ է քննարկվել Կիև-Անկարա մակարդակում, քանի որ Մոսկվան չունի Թուրքիային այդ գործընթացում որպես էական դերակատար կամ հաղորդակից տեսնելու մտադրություն:
Ի վերջո հարկ է հիշել, որ միջազգային մամուլում տեղեկությունների համաձայն, Թուրքիան եւս դիտարկվում էր ռուս-ամերիկյան բանակցության անցկացման վայր, սակայն ռուսական կողմը առաջարկել է կամ Էմիրությունների կամ Սաուդյան Արաբիայի տարբերակը: Թուրքիայի միջազգային դերի վերանայումը՝ ռուս-ամերիկյան բանակցության գործընթացի արդյունքում, թերևս լինելու է անխուսափելի:
Ընդ որում, այդ վերանայումը ավելի շուտ կլինի դեպի վար, այլ ոչ թե դեպի վեր: Այսինքն, «բարձրագույն խմբում» լինելու Էրդողանի հավակնություններն ըստ ամենայնի չեն բավարարվի և Թուրքիան ստիպված կլինի բավարարվել ռեգիոնալ դերակատարումներով: Ռեգիոններն իհարկե կլինեն մի քանիսը, սակայն Անկարային ըստ ամենայնի թույլ չեն տա գործնական հաջողության հասնել դրանց «միավորման» հարցում:
Բաց մի թողեք
ՔՊ-ական Էմմա Պալյանի եղբայրը փոշմանել է. Լուսանկար
Թուրքիայի ռեսուրսները բավարա՞ր են, որպեսզի Թրամփ-Պուտին «գործարքին» միջամտի
Բաքուն մտադիր է լրջորեն ներգրավվել մերձավորարևելյան ռեգիոնում ծավալվող գործընթացներում