23/02/2025

Ումի՞ց է «թաքցվում» տեղեկատվությունը, ով է եղել Հայաստանի դեսպանի զրուցակիցը

«Հիանալի հանդիպում ունեցա Պենտագոնում: Խոսեցինք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի մասին։ Հայաստանը գնահատում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը և ակնկալում է շարունակել մեր գործընկերությունը»,- գրառում է արել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի Լիլիթ Մակունցը:

Սակայն թե՛ նա, թե՛ հանդիպման մասին հաղորդագրություն տարածած ՀՀ դեսպանատունը չեն մանրամասնել, թե ո՞ւմ հետ է Պենտագոնում հանդիպել Հայաստանի դեսպանը: Ինչո՞վ է պայմանավորված այդ «գաղտնիությունը», ումի՞ց է «թաքցվում» տեղեկատվությունը, թե ով է եղել Հայաստանի դեսպանի զրուցակիցը: Այդ հարցը լոկ հետաքրքրասիրության խնդիր չէ: Զրուցակցի կարգավիճակը թույլ կտա հանրությանը ունենալ հանդիպման վերաբերյալ որոշակիորեն ավելի ընդգրկուն պատկերացում:

Մյուս էական հարցն այն է, թե ո՞ւմ նախաձեռնությամբ է եղել հանդիպումը: Օրինակ՝ Հայաստանի դեսպանն ի՞նքն է նախաձեռնել Պենտագոնում հանդիպում, թե՞ Պենտագոնից են հրավիրել դեսպանին հանդիպման: Սրանք թվում են մանրուք, սակայն այդ մանրուքները այնքան էլ երկրորդական չեն, այլ գուցե էական ցուցիչներ:

Մասնավորապես, ցուցիչ առ այն, թե ինչ մակարդակում է հայ-ամերիկյան գործակցությունը պաշտպանական գերատեսչությունների մակարդակով, ինչպիսին է դրա բովանդակությունը, առարկայականությունը:

Թե՞ պարզապես քաղաքական նկատառումներով կարող է ստեղծվել տեղեկատվական պատկեր, որը, սակայն, չունի էական պարունակություն: Հիշեցնեմ, որ նախորդ տարեվերջին Վաշինգտոն աշխատանքային այց էր կատարել Հայաստանի պաշտպանության նախարարը, որը նաև ընդունելության էր արժանացել Պենտագոնում՝ հանդիպելով պաշտպանության նախարար Օսթինի հետ, որը, սակայն, հեռացող նախարար էր:

Եվ այդ հանդիպման առնչությամբ դեռ այդ ժամանակ հարց շոշափեցի, թե որքանո՞վ է հաջողվելու Օսթինի հետ բանակցության բովանդակությունը նրա պաշտոնավարման համար մնացած գրեթե մեկուկես ամիսների ընթացքում «ինստիտուցիոնալացնել»՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ամերիկյան պետական համակարգը այդ շրջանում, ըստ էության, նաև իր վրա անխուսափելիորեն կրելու էր ադմինիստրացիաների անցումային փուլի ազդեցությունը:

Ավելին՝ տվյալ փուլում նաև առաջացել էր պետական համակարգի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունը դեմոկրատների և հանրապետականների միջև, ինչը առաջացնում էր լոքդաունի վտանգ:

Հայ-ամերիկյան հարաբերության զարգացման և առարկայացման անհրաժեշտության մասին խոսելը, թերևս, ավելորդ է, բայց բոլորովին ավելորդ չէ անընդհատ չափել, թե այդ ուղղությամբ խոսակցությունից զատ, ինչ էական և գործնական աշխատանք է կատարվում՝ հաշվի առնելով նաև այն տրանսֆորմացիաները, որ միջազգային հարաբերությունների մակարդակում կատարվում են ԱՄՆ նոր ադմինիստրացիայի գալուստով: