Եթե առանձին, մեկուսացված վերցնենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, որտեղ նա խիստ գնահատականներ է տալիս Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, ապա, իմ կարծիքով, ոչ մի պետության ղեկավար այդպիսի խոսքերով չպիտի արտահայտվի մեկ այլ պետության ղեկավարի մասին՝ դա հակասում է միջպետական հարաբերությունների էթիկական նորմերին:
Բացի դրանից, բերված տվյալների մի մասը առնվազն կասկածներ է առաջացնում: Մասնավորապես, Զելենսկու վարկանիշը, ըստ Թրամփի, 4 տոկոս է, բայց մեզ հայտնի վերջին հարցման համաձայն, որն անցկացրել է Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, Ուկրաինայի նախագայի վարկանիշն անցած տարվա դեկտեմբերին 52 տոկոս էր, իսկ այս տարվա փետրվարին` 57 տոկոս: Բացառված չէ, որ այդ տոկոսներն ուռճացված են, բայց ԱՄՆ նախագահն իր ասած 4 տոկոսի համար ոչ մի աղբյուր չի վկայակոչում:
Ըստ Թրամփի, պատերազմի երեք տարիների ընթացքում ԱՄՆ -ի օգնությունը Ուկրաինային կազմել է 360 միլիարդ դոլար: Մինչդեռ նույն ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ՝ գեներալ Քիթ Քելագը հնչեցրել է այլ թիվ՝ 174 միլիարդ: Իհարկե, չի կարելի ասել, որ դա փոքր գումար է: Համեմատության համար նշեմ, որ այս տարվա Հայաստանի բյուջեի ծախսերը կազմում են մոտ 8.71 միլիարդ դոլար:
Բայց բացի զուտ փաստական (թերեւս՝ հաճախ սխալ) արձանագրումներից’ պետք է ուշադրություն դարձնել ընդհանուր քաղաքական համատեքստին՝ ուղերձներին, որոնք սկզբից ուղղել է Վենսը Մյունխենում, իսկ այնուհետեւ’ Թրամփը: Իսկ հիմնական ուղերձն այն է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը մտադիր չէ ծախսել իր հարկատուների գումարներն այն նախագծերի վրա, որոնք, իր կարծիքով, չեն առնչվում երկրի ազգային շահերին:
Թե ինչն է առնչվում, ինչը՝ ոչ, դրա հետ մենք՝ այլ պետությունների քաղաքացիներս, կարող ենք մեր կարծիքն ունենալ: Բայց առաջնահերթությունները ձեւակերպում է Թրամփի թիմը: Ուկրաինայի դիմադրությունը Ռուսաստանի ագրեսիային այդ առաջնահերթությունների մեջ չի մտնում: «Մենք դրանից բաժանված ենք մեծ, հրաշալի օվկիանոսով», – ասում է Թրամփը:
Բայց եթե Ուկրաինային աջակցելը պետք է եվրոպական երկրներին, ապա նա այստեղ որեւէ խնդիր չի տեսնում՝ թող իրենք էլ անեն համապատասխան ծախսերը: Եվրոպան, վստահ եմ, իրենից կախված ամեն ինչ կանի, որ Ուկրաինան շարունակի զսպել Պուտինի հարձակումը: Որքան ժամանակ, մինչեւ երբ եւ ինչպես է այդ խնդիրը հանգուցալուծվելու՝ կտեսնենք մոտակա ամիսներին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում հարուցելն անօրինական է․ Փաստաբան
Իմ ազատ կամքով մասնակցել եմ գրեթե բոլոր հասարակացունց հանրահավաքներին ու ցույցերին. Հայր Ասողիկ
Միայն մեր միասնական անարդարության դեմ պայքարելու կամքն է, որ կարող է կասեցնել բռնшճնշnւմների այս ալիքը