23/02/2025

Պատկերը ոչ միայն դառնում է շատ ավելի համեստ, այլ նույնիսկ՝ մտահոգիչ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Լսարանի հանդեպ հարգանքն ու տարրական պարկեշտությունը պահանջում է 2022 թվականից հետո Հայաստանի տնտեսական ցուցանիշները, վիճակագրությունը չհամեմատել դրանից առաջ եղած տարիների հետ:

Եվ դա այն պարզ պատճառով, որ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո առաջացել են մի քանի խոշոր գործոն, որոնք տվել են տնտեսության թռիչքային վիճակագրական աճի հնարավորություն: Ավելին, դեռ մեծ հարց է, թե Հայաստանը որքան արդյունավետ եւ էֆեկտիվ է կարողացել օգտագործել բացված այդ հնարավորությունները՝ թե պետական բյուջեի եկամտային մասի աճի, թե նաեւ ընդհանրապես տնտեսական վիճակագրության աճի իմաստով:

Այսինքն, արձանագարված X ծավալը արդյո՞ք հնարավոր էր, թե՞ ավելի հմուտ կառավարման դեպքում հնարավոր էր ստանալ ասենք 2X էֆեկտ:

Բայց դա դեռ թողնենք մի կողմ:

Ինչպե՞ս է հնարավոր համեմատել 2022-ից հետո եղած ցուցանիշները դրանից առաջ եղած տարիների հետ: Այդ համեմատությունը կարող է սպառել միայն լսարանը, որը բացարձակապես չունի իրեն մատուցվող նյութի շուրջ մտածելու ցանկություն, կամ, ներեցեք՝ կարողություն:

Որովհետեւ երբ Հայաստանի տնտեսությունից դուրս են բերում 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից առաջացած գործոնները, ապա պատկերը ոչ միայն դառնում է մեղմ ասած շատ ավելի համեստ, այլ նույնիսկ դառնում է մտահոգիչ: Ը

նդ որում, հաշվի առնելով «լսարանային 50 երանգները», թերեւս ավելորդ չէ շեշտել, որ Հայաստանի տնտեսության վիճակագրական աճը ուրախալի է բոլոր դեպքերում, եւ խնդիրը այն չէ, որ տնտեսության մարտահրավերների մասին խոսողները դժգոհ են այդ աճից, կամ՝ ուրախ չեն աճից:

Պարզապես, ինչպես մարդու առողջությունը պետք է չափվի դեղի ազդեցությունից դուրս, այդպես էլ տնտեսության առողջությունը պետք է չափվի այդ ազդեցությունից դուրս:

Համենայն դեպս այդպես պետք է չափեն նրանք, ում իրապես հուզում է Հայաստանի տնտեսական առողջությունը, այլ ոչ թե մարդկանց, որոնք հոգեբանական դեղահաբի տարբերակով կլանում են վիճակագրական թվերը, առանց դրանց տողատակերը շոշափելու: