Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին:
Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղելով ռուսական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրությանը, ըստ որի՝ քննարկվել է էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությունը՝ ներառյալ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Իրան գազատարի նախագիծը:
Այդ մասին առաջին անգամ հայտարարվել է Ռուսաստանի և Իրանի նախագահների բանակցություններից հետո, երբ Սերգեյ Ցիվիլևը հայտարարել է, որ գազատարի երթուղին համաձայնեցված է, մնում է քննարկել «կոմերցիոն հարցերը»:
Այդ առթիվ ադրբեջանական կողմը որևէ մեկնաբանության չի արել: Ընդ որում՝ Ցիվիլև-Մուստաֆաև հանդիպման մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս տեղեկություն չի տարածել:
Ռուսաստանից Իրան գազի արտահանման ծավալների մասին տեղեկությունները գրեթե ֆանտաստիկ են՝ տարեկան մոտ հարյուր միլիարդ խորանարդ մետր: Փորձագետների գնահատմամբ՝ այդ նպատակն իրականացնելու համար Ռուսաստանը մտադիր է գործարկել երկու՝ Ղազախստան-Թուրքմենստան-Իրան և Ադրբեջան-Իրան խողովակաշար:
Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան մի խողովակաշար կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին, բայց այն մեծ թողունակություն չունի: Ըստ ռուսաստանյան մամուլի՝ նախնական փուլում Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Իրան կարտահանի տարեկան երկուսից մինչև հինգ միլիարդ խորանարդ մետր գազ:
Բայց այս դեպքում խնդիրը ոչ այնքան տեխնիկական կամ նույնիսկ կոմերցիոն, որքան քաղաքական է: Մոտ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին ռուս-ադրբեջանական միջգերատեսչական համաձայնագիրը: Խոսքն իրականում Ռուսաստան-Իրան ապրանքաշրջանառության տրանզիտի ապահովման մասին է:
Այժմ Մոսկվան հրապարակայնացնում է, որ Ռուսաստան-Իրան գազատարի երթուղին Բաքվի հետ լիովին համաձայնեցված է: Այս դեպքում էական չէ՝ այն կգործի արդեն այս տարի՞, կօգտագործվի խորհրդային շրջանի ենթակառուցվածքը, թե՞ կկառուցվի նորը: Հիմնորոշիչ է այն, որ Ռուսաստանը, ինչպես էներգետիկայի նախարար Ցիվիլևն է ասել՝ «թանկ է գնահատում Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները»:
Դիվանագիտական ոճից, եթե ասվածը փոխադրենք «առօրյա-խոսակցականի», ապա կստացվի, որ Ռուսաստանն Ադրբեջանին ստիպում է մնալ 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրով ստանձնած պարտավորությունների սահմաններում:
Ամենևին էլ պատահական չէ, որ ՌԴ էներգետիկայի նախարար Ցիվիլևն Ադրբեջանի դեսպանին ընդունել է Պուտին-Ալիև ռազմավարական-դաշնակցային գործընկերության մասին հռչակագրի ստորագրման երրորդ տարեդարձի օրը՝ փետրվարի 22-ին:
Ալիևի համար ստեղծվում է շատ անհարմար վիճակ: Մարդատար օդանավի աղետից հետո նա Ռուսաստանի հասցեին մի քանի շատ կոշտ հայտարարություն է արել, «Ռոսոտրուդնիչեստվո» գործակալությանը մեղադրել Բաքվում լրտեսությամբ զբաղվելու մեջ:
Այդ կեցվածքը և քարոզչությունը բացահայտել են Ռուսաստանի նկատմամբ ադրբեջանական հանրության իրական վերաբերմունքը, որ ամենևին էլ «դարավոր բարեկամության» մասին չէ:
Քաղաքական ի՞նչ հաշվարկով է դա տեղի ունեցել: Եթե Ալիևը «ձիով քայլ է կատարել«, որպեսզի Ռուսաստանից հավելյալ շահ քաղի, ապա Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը գոնե Ցիվիլև-Մուստաֆաև հանդիպման առումով տրամագծորեն հակառակն է. դեսպանին պարզապես կանչել են էներգետիկայի նախարարություն և իրազեկել, որ Ադրբեջանի տարածքով Իրան գազի արտահանման ծրագիրը վերջնական և անփոփոխելի է:
Ալիևը կհակադարձի՞ Պուտինի թելադրանքին: Արտաքին քաղաքական հարցերով նրա օգնական Հաջիևը մի քանի օր առաջ Երուսաղեմում ընդունելության է եղել Իսրայելի վարչապետի մոտ: Փորձագիտական գնահատմամբ՝ Ալիևը փորձում է Նաթանյահուի և ԱՄՆ-ում հրեական լոբբիստական կառույցների օգնությամբ Դոնալդ Թրամփի «աչքը մտնել»:
Իսրայելի թիվ մեկ թիրախն Իրանն է: Եթե Ալիևն ապահովում է ռուս-իրանական ռազմավարական համագործակցության տրանզիտը, ապա Նաթանյահուն հանուն ինչի՞ պիտի ԱՄՆ նախագահի մոտ նրա բարեխոսը լինի:
Բաց մի թողեք
Ինչու է Թրամփն անընդմեջ զիջում Պուտինին ու հոխորտում Ուկրաինայի հասցեին
Քրդստան պետության հիմնումը կփոխի Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների որակը
Ո՞վ է ում «քցել» կամ դավաճանել՝ Հայաստանը Ռուսաստանի՞ն, թե՞ հակառակը. Fip