Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը ժամանել է Թուրքիա, որտեղ, բացի իր գործընկեր Ֆիդանի հետ հանդիպումից, նախատեսված է նաև հանդիպում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:
Սա, իհարկե, վկայում է այցի նշանակալիության, ինչպես նաև քննարկվող օրակարգի առարկայականության մասին: Լավրովը Թուրքիա է ժամանում Էր Ռիյադում ամերիկյան կողմի հետ բանակցությունից հետո, իսկ Թուրքիա այցից հետո՝ վաղը, նա կլինի Իրանում:
Ռուսաստանը, ըստ ամենայնի, Անկարային ու Թուրքիային կներկայացնի ամերիկյան կողմի հետ բանակցային գործընթացի մեկնարկի վերաբերյալ, և, ըստ էության, մեկնարկից բխող հանգամանքներ ու մոտեցումներ:
Մի կողմից սա, իհարկե, համահունչ է այն հարաբերությունների մեխանիկային, որ ունեն Անկարան, Մոսկվան ու Թեհրանը Կովկասի և Մերձավոր Արևելքի ռեգիոնների առնչությամբ, մյուս կողմից, եթե փոխվում են ռուս-ամերիկյան հարաբերության միջավայրն ու տրամաբանությունը, ապա կասկածից վեր է, որ դրանք բերելու են նաև Ռուսաստանի վարքագծի և դերի որոշակի փոփոխության:
Սա նշանակո՞ւմ է, որ Մոսկվան սկսելու է իր անմիջական հետաքրքրությունների և շահերի արեալում ներկայացնել նոր մոտեցումներ և շեշտադրումներ: Իհարկե, դա բոլորովին չի նշանակում, թե Ռուսաստանը փորձելու է Անկարային «թանկ գնով» վաճառել այն փոփոխությունները, որ ծավալվում են ռուս-ամերիկյան տիրույթում, բայց որ Անկարային հարկ կլինի հաշվի նստել այդ իրողությունների հետ, կասկածից վեր է:
Մյուս կողմից, սակայն, հաշվի նստելը, իհարկե, բոլորովին չի նշանակելու, որ Անկարան նստելու է ձեռքերը ծալած և չի փորձելու ամեն կերպ գտնել իր տեղն ու դերը կատարվող փոփոխությունների համատեքստում:
Ըստ ամենայնի՝ Լավրովի Անկարա, հետո Թեհրան այցերի օրակարգում առաջնայիններից մեկը լինելու է այն հարցը, որի վերաբերյալ նա բարձրաձայնել էր օրերս՝ ասելով, որ Մոսկվան ձգտում է 3+3 խորհրդակցական ձեւաչափը վերածել կազմակերպության:
Գործնականում կասկածից վեր է, որ ամերիկա-ռուսական բանակցային գործընթացը վերաբերելու է ազդեցության ոլորտների վերաբաշխմանն ու վերաձեւմանը: 3+3-ը, ըստ էության, կարող է դառնալ դրա գործիքներից մեկը, նոմինալ ձևաչափից դուրս հնարավոր բավականին ուշագրավ իրական կոնֆիգուրացիաներով՝ ըստ էության լինելով ամերիկա-ռուսական բանակցության կովկասյան յուրօրինակ ձևաչափ:
Բաց մի թողեք
Հայաստանը նրանց հարաբերությունների տեղատվության փուլերում կարող է լինել առիթ, բայց ոչ պատճառ
Բաքուն Թրամփին նամակ է գրում՝ մատնագիր, որ Էրդողանը գտնվում է նրա մրցակիցներին ազդեցության ներքո
Արդյո՞ք միայն ֆուտբոլային ինտրիգն էր Վրաստանի վարչապետին ու պաշտպանության նախարարին բերել Երևան