Ռուսաստանը աշխատում է եվրասիական երկրներին միավորող կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ և դրա համար բանակցում տարբեր երկրների հետ:
Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը, ասելով, թե կա Եվրասիայի բոլոր երկրներին միավորող միության կարիք, ինչպես Աֆրիկյան միությունը: Լավրովը հայտարարել է, որ գոյություն ունի ԵԱՀԿ-ն, որը սակայն եվրաատլանտյան հիմքի վրա է:
Լավրովը Ռուսաստանի այդ աշխատանքի մասին բարձրաձայնել է ամերիկա-ռուսական բանակցության մեկնարկից հետո, թեև ընդհանուր գաղափարի մասին ՌԴ նախագահ Պուտինը բարձրաձայնել էր ամիսներ առաջ, խոսելով անվտանգության համակարգի մասին:
Ըստ նրա, հարկ է երկկողմ ու բազմակողմ մակարդակներում քննարկել եվրասիական անվտանգության համակարգի հարցը, այդ թվում ՆԱՏՕ անդամ եվրոպական երկրների մասնակցությամբ:
Ամերիկա-ռուսական բանակցության օրակարգում ներգրավվա՞ծ է ԵԱՀԿ լուծարման հարցը, դրա փոխարեն եվրասիական մեծ կազմակերպություն ստեղծելու ակնկալիքով: Բայց, այդ դեպքում ի՞նչ դեր պետք է ունենա ԱՄՆ, որը Եվրասիայի պետություն չէ:
Նաև հարց է, թե արդյո՞ք Եվրասիա ասվածը ենթադրելու է Լիսաբոնից մինչև Վլադիվաստոկ: Թե՞ քննարկվում է ԵԱՀԿ-ն այսպես ասած եվրաատլանտյան ու եվրասիական հատվածների տրոհելու տարբերակ:
Ամերիկա-ռուսական բանակցության մեկնարկն այդ իմաստով ստեղծում է հակասական հեռանկարներ Հայաստանի համար էական նշանակություն ունեցող ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության տեսանկյունից:
ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերության վերականգնումը մի կողմից հարց է առաջացնում, թե արդյո՞ք նրանց հարաբերությունն ու շփումները կարող են վերսկսել նաև համանախագահության ձևաչափում, կամ առնվազն դիտարկվել՝ թեկուզ մշուշոտ, ինչը կարող է և փորձել օգտագործել Հայաստանը նրբորեն, թե՞ հարաբերության վերականգնումը ենթադրելու է ընդհանրապես ԵԱՀԿ լուծարման շուրջ պայմանավորվածություն:
Այդ դեպքում կստացվի, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը կարող է «լուծարվել» ինքնաբերաբար: Իհարկե, եթե դիտարկենք այդպիսի սցենարի հնարավորություն, ապա, կարծես թե, մի բան հստակ է, որ դա մոտալուտ հեռանկար ունեցող սցենար չէ: Հետևաբար, այստեղ տրամադրությունները կարող են փոխվել:
Դա նշանակում է, որ այդուհանդերձ հնարավոր է շոշափել թեկուզ մշուշոտ մի ուրվագիծ, որը կարող է թույլ տալ օգտագործել Մինսկի խմբի համանախագահության մանդատի հարցը, թեկուզ մարդասիրական թեմաների համատեքստում:
Բաց մի թողեք
Փաշինյանի հյուրընկալած թուրք լրագրողը Երևանում անցկացրած մեդիատուրի մասին իր ռեպորտաժում «պատմական թուրքական» է որակել
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին ու Միրզոյանին՝ Ուոլցի հայտարարության հետ կապված
Ռումբ Եվրոպայի տակ․ Սերբիան ալեկոծվում է․ Միլորադ Դոդիկը պայքարում է