18/03/2025

Սլաքները ճշգրտված են՝ ՌԴ արտգործնախարարի Թեհրան այցից առաջ

Շվեյցարիայում՝ ՄԱԿ համաժողովի շրջանակում, կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին: Առայժմ հրապարակված չեն նախարարների հանդիպման մանրամասներ:

Ուշադրության է արժանի, որ Ժնևում Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենում Թուրքիայում ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը զուգահեռ, և փաստորեն նախորդում է նաև Իրանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը, որ կկայանա փետրվարի 25-ին Թեհրանում, ուր կայցելի Սերգեյ Լավրովը Անկարայից հետո:

Ավելորդ չէ գուցե նաև հիշատակել, որ մինչ Ժնևում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները, Թեհրանում Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ, Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի հետ՝ քննարկելով երկկողմ և ռեգիոնալ նշանակության հարցեր: Անզեն աչքով նկատելի է, որ Կովկասի շուրջ իրադարձությունները ստանում են որոշակի դինամիկա:

Դրանք, թերևս, ածանցվում են այն փոփոխություններից, որ միջազգային հարաբերություններում նշմարվում են ԱՄՆ նոր վարչակազմի գործողությունների համատեքստում: Այդ դինամիկան նշանակո՞ւմ է որոշումների հասունացում, թե՞ պարզապես տեղի է ունենում վերադիրքավորում, որոշակի միտումների և տրամադրությունների վերանայում, օրակարգերի և շեշտադրումների որոշակի փոփոխություն:

Երկու պարագայում էլ, անշուշտ, Հայաստանի համար շատ էական է լինելու պաշտպանել սեփական շահերը, սակայն մյուս կողմից անելիքները տարբեր են լինելու՝ կախված այն բանից, թե ինչի հետ գործ ունենք՝ Կովկասի վերաբերյալ հասունացող որոշումների կայացմա՞ն, թե՞ վերադիրքավորման ու վերանայումների: Մեծ հավանականությամբ՝ իրավիճակը դեռևս հեռու է որոշումներից, որոնք կարող են ռեգիոնում պայմանավորել որևէ հաստատուն ստատուս քվո:

Առավել հավանական է, որ ամերիկա-ռուսական մեկնարկած երկխոսության և բանակցային գործընթացի բերումով վերանայման ենթակա են դառնում կովկասյան օրակարգին առնչվող հանգամանքներ ու գործոններ:

Իսկ դա ստեղծում է թերևս որոշակի անկանխատեսելիության ռիսկ՝ հաշվի առնելով այն, որ վերանայումներն ու վերադասավորումները նշանակում են նախկին համաձայնությունների ռեժիմի խախտում, մինչ նոր իրողությունների պայմաններում կհաջողվի գալ ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնությունների:

Ժնևում կայացած Միրզոյան-Արաղչի հանդիպումն ըստ ամենայնի սլաքների ճշգրտում է ՌԴ արտգործնախարարի Թեհրան այցից առաջ: