18/03/2025

Ֆիլհարմոնիկը մեր մշակույթի, պետության, ազգի դեմքն է և համահայկական մշտական հոգածության կարիք ունի. Վարդապետյան

Բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանին ընդառաջ:

«Ֆիլհարմոնիկ նվագախմբի ավելի քան 40 տարվա հանդիսատեսիս ու երկրպագուիս, դասական երաժշտության փորձառու ունկնդրիս ամփոփիչ շնորհավորական խոսքը սիրելի ֆիլհարմոնիկի 100-ամյա հոբելյանի առթիվ։

Էդուարդ Թոփչյանի քառորդդարյա տևական և քրտնաջան գործունեության շնորհիվ այն երաժշտական համույթից վերածվել է բարձրակարգ ու պրոֆեսիոնալ երաժիշտների համաստեղության։ Ֆիլհարմոնիկը ոչ միայն մշակութային-պետական-ազգային մեծագույն արժեք է, այլև համաշխարհային դասական արվեստի բարձրակարգ մատուցման որակներով՝ վերազգային կառույց, Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների, ողջ հայության հպարտության, արժանապատվության հզոր գործոն։

Հանձինս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, անվարան կարող ենք մեզ համարել իրապես մշակութային ազգ և բարձր մշակույթի երկիր։ Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվաճումները մեծապես նպաստում են մեր հեղինակության և վարկանիշի բարձրացմանը։

Ֆիլհարմոնիկը ձևավորում է մշակութային բարձրագույն որակ և ճաշակ, դաստիարակում իրական արվեստասեր հասարակություն, ապահովում երիտասարդ երաժիշտների արժանի հերթափոխ։ Ապացույցը մանկապատանեկան նվագախմբի հայտնությունն է և բարդագույն ծրագրերով ֆանտաստիկ ելույթները։

Չափազանցրած չեմ լինի, եթե այս ողջ գործունեությունը գնահատեմ որպես համընդհանուր մշակութային շարժում մաեստրո Թոփչյանի առաջնորդությամբ։

Հաճախ եմ աշխարհի մշակութային կենտրոններում վայելում բացառիկ մենակատարների, երգիչների ու դիրիժորների կատարումները։ Էդուարդ Թոփչյանի և Ֆիլհարմոնիկի տնօրինության բազմակողմանի գործունեության, հատկապես Նորայր Նազարյանի նվիրական ջանքերի շնորհիվ, հայ հանդիսատեսը հնարավորություն ունի իր մայրաքաղաքում վայելելու համաշխարհային և հռչակավոր երաժիշտ-կատարողների ելույթները։ Անշուշտ, այս ամենը հնարավոր է դառնում երաժշտասեր և ազգասեր բարերարների հովանավորությամբ: Մեր խորին երախտագիտությունը ֆիլհարմոնիկի հովանավորներին, հատկապես Հայկական բարեգործական ընդհանուր միությանը:

Քանիցս եմ համոզվել, թե ինչ սիրով ու պատասխանատվությամբ են նվագախմբի հետ համագործակցել ամենահայտնի մենակատարներն ու դիրիժորները, ինչ հիացմունքով են արտահայտվել նվագախմբի բարձրագույն որակների վերաբերյալ։

Աշխարհի լավագույն համերգասրահներում նվագախմբի ելույթներին տրված միջազգային ամենահեղինակավոր երաժշտագիտական գնահատականներից պարզապես անհնար է չփառավորվել։

Այսօրվա իր որակի, ամրակուռ կառույցի, մասնագիտական-պրոֆեսիոնալ ու կադրային արդյունավետ զարգացումներում և վերջին տասնամյակներում համատարած նահանջի ու որակազրկման ֆոնին փառապանծ պատմության ու կենսագրության կերտման գործընթացներում իր անուրանալի և որոշիչ դերն ունի նվագախմբի 25-ամյա ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը։

Միայն բարձրակարգ և իր ուժերին վստահ երաժիշտը կարող է առանց բարդույթների նվագախումբը տրամադրել մեծագույն դիրիժորների ու հռչակավոր մենակատարների։

Թեև իր պատմության 100-ամյա տարեգրության ընթացքում նվագախմբի հետ աշխատել են բազմաթիվ անվանի դիրիժորներ (ըստ արժանվույն և խոնարհումով գնահատենք յուրաքանչյուրի գործունեությունը), սակայն ոչ մեկը չի արել և չէր էլ կարող անել այն, ինչ արված է Էդուարդ Թոփչյանի կողմից։

Այսօր մաեստրո Թոփչյանը միջազգային հարթակներում ճանաչված և պահանջված մասնագետ է, հանդես է գալիս Արևմտյան և ռուսական նվագախմբերի հետ, ղեկավարում օպերային ներկայացումներ։ Մեծ թատրոնում իր գրանցած փայլուն հաջողություններին բազմիցս ենք անդրադարձել, ուր մաեստրոն ղեկավարեց Վերդիի «Լուիզա Միլլեր» օպերան։ Ի դեպ, Վերդիի 26 օպերաներից 14-ը հասցրել է արդեն ղեկավարել։

Ես ևս մեկ անգամ հաստատեմ իմ հայտնի ձևակերպումը. Ֆիլհարմոնիկը մեր մշակույթի, պետության, ազգի դեմքն է, այցեքարտը, այն համահայկական մշտական հոգածության կարիք ունի։

Մեր սիրո, ակնածանքի, գնահատման և արժևորման վեհ զգացմունքներով աջակցենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությանը, մաղթենք ստեղծագործական վերելք, մտահղացումների և արարումների թռիչք ու անկասելի ճախրանք»:

647.jpg (129 KB)