20/03/2025

Որսորդական զենքերով կռիվ են արել Դավիթ Բեկ գյուղում, վեճի պատճառը կենցաղային բնույթի հարցերն են

Փետրվարի 19-ին միջադեպ էր տեղի ունեցել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում: Երկու հարևանների միջև վեճ էր ծագել՝ վերածվելով ծեծկռտուքի․ լուրեր էին պտտվում նաեւ, որ հնչել են կրակոցներ։ Վիճաբանող կողմերից մեկը Դավիթ Բեկ բնակավայրի նախկին գյուղապետ Արտավազդ Հակոբյանն է։

Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանն ասաց՝ ինքը մանրամասներին չի տիրապետում, հարեւանների միջեւ կենցաղային վեճ է եղել, ոչինչ ավելի, մինչդեռ բնակիչները մեզ ասում են՝ իրար վրա որսորդական հրացան են «քաշել», բայց կրակոց չի արձակվել։

Քննչական կոմիտեից դեպքի վերաբերյալ մեզ փոխանցեցին․ «Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 195-րդ 1-ին մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա, կա մեկ տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»։

Հոդվածները սահմանում են՝ ֆիզկական եւ հոգեկան ներգործություն, նաեւ ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ կրակոց չի եղել, վեճի պատճառը կենցաղային բնույթի հարցերն են։