22/03/2025

Ռուբեն Ռուբինյանն ու Լևոն Զուրաբյանը՝ միմյանց մասին, ով է ստում, ով է ճիշտ

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Լևոն Զուրաբյանի մասնակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի 2 տեսանյութերին և սոցցանցի իր էջում գրել.

«Այսօր Ազատություն ռադիոկայանի երկու տեսանյութ դիտեցի: Առաջինը Լևոն Զուրաբյանի հարցազրույցն էր, որում սույն շատ պետականամետ գործիչը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանը չի կատարել Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը:

Երկրորդը Ազատության ռեպորտաժն էր` նվիրված ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի որոշ հայտարարությունների, և այս ռեպորտաժում, այո` գուշակեցիք, կրկին Լևոն Զուրաբյանը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը տեղի է ունեցել, քանի որ Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի (կնքված 1991 թվականին) հիման վրա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Առաջարկում եմ, որպեսզի Ազատությունը շատ չտանջվի և հաղորդաշար բացի`«100 պատճառ, թե ինչու է ամեն ինչում մեղավոր Հայաստանը Լևոն Զուրաբյանի հետ»:

Համոզված եմ, որ հաղորդաշարին մշտապես սիրով կհյուրընկալվեն Էդմոն Մարուքյանը, Ռոբերտ Քոչարյանը, Մարգարիտա Սիմոնյանը, Վլադիմիր Սոլովյովը և այլք»:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու պնդումների միջեւ, որոնք Ռուբինայնի շարադրմամբ հետեւյալ տեսքն ունեն. 

1. «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանը չի կատարել նոյեմբերի 9֊ի փաստաթղթի 9֊րդ կետը»։

2. «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանը Ալմա֊Աթայի հռչակագրի (կնքված 1991 թվականին) հիման վրա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությյունը»։

Նախ, պետք է ասեմ, որ Ռուբինյանը, ամբողջությամբ հավատարիմ լինելով «ՔՊ»֊ի «Սուտասանության կոդեքսի» դրույթներին, անամոթաբար կեղծել է իմ ասածները։ Որպես էթնիկ զտման պատճառ ես խոսել եմ ոչ թե Ալմա֊Աթայի հռչակագրի մասին (որն, ի դեպ, Հայաստանի վերապահումների շնորհիվ, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում), այլ  Նիկոլ Փաշինյանի կողմից  2022 թվականին Պրահայում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։

Երկրորդ, նոյեմբերի 9֊ի հայտարարության 9-րդ կետի չկատարելը եւ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը ընդամենը նույն քաղաքականության երկու փոխկապակցված տարրերն են, որոնց մերժումով վիժեցվեց Ռուսաստանի «երկու ճանապարհների» կարգավորման պլանը։

Ու այս պրիմիտիվ մանիպուլյացիաների հեղինակն այսօր կարգավորում է հայ֊թուրքական հարաբերությունները։ Պատկերացնում եմ, թե ինչ մեծ հարգանք է վայելում նա իր թուրք գործընկերների մոտ։

Translate »