03/07/2025

Արկածախնդրությու՞ն, ոչ կեմպետենտությու՞ն, թե՞՝ «վիրտուոզ դիվանագիտությու՞ն»

Դնում ենք «պատմությունից դասեր քաղելու» խնդիր, բայց չենք կոնկրետացնում, թե խոսքը կոնկրետ ո՞ր ժամանակի, ի՞նչ իրադարձության և դրա ո՞ր դասի մասին է խոսքը: Օրինակ, արժե՞ վերլուծել, հասկանալ, թե ինչու՞ Տիգրան Մեծի կայրությունը պարտվեց, փլուզվեց:

Կամ՝ ինչո՞ւ հենց Հայաստանը պիտի «աղքատների կրոն» քրիստոնեությունը պետականորեն ընդուներ, Հայաստանի Տրդատ թագավորն էլ իրեն մատներ Էջմիածնի Մայր տաճարի շինարարության «սևագործ բանվորի» տառապանքի: Այդ «հիմարությունից» դաս առնել արժե՞, թե դա մոռացության արժանի՞ է, իսկ Տրդատի «խոզացման» պատմությունն՝ «ուսանելի»:

Քառասունչորսօրյա պատերազմից, պարտությունից, ԼՂ սուբյեկտության կորստից, հայ բնակչության բռանտեղահանությունից հետո որոշակի շրջանակներ ամեն ինչ այնպես են ներկայացնում, ասես ի սկզբանե իրենք անսխալական, քաղաքականապես «Քիսինջեր» կամ «Գրոմիկո» ծալած՝ ոտքների տակ առած գերմարդ են, ամեն ինչ ճիշտ, տեղին և ժամանակին են արել:

Իսկ ո՞վ, ինչու՞ և ինչպե՞ս է տապալել Լեռնային Ղարաբաղի սահմանադրական կարգավիճակը մարզայինից ինքնավար հանրապետության մակարդակի բարձրացնելու՝ Ադրբեջանի հետ գրեթե լիովին համաձայնեցված տարբերակը: Ե՞ս եմ Ստեփանակերտում «Արցախի փափկասուն տիկնանց գունդը» մարզկոմի քարտուղար Հենրիկ Պողոսյանի «փողկապը պատռելու» ուղարկել և նրան հարկադրել, որ մերժի ԼՂԻՄ սոցիալ-տնտեսական զարգացման մասին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշումը, որով ինքնավար մարզին 400 միլիոն ռուբլի էր հատկացվում և որի քաղաքական նշանակությունը ԼՂ-Հայաստան հոգեւոր, կրթական, մշակութային, տեղեկատվա-քարոզչական ինտեգրացիան էր:

Ե՞ս եմ 1989 թվականի մայիսի 9-ին մարզային սպառկոոպի պահեստներից արկղերով օղի տարել Ստփանակերտի հուշահամալիր, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին «քաջության համար հարյուր գրամ» խմցրել, որպեսզի նրանք Արկադի Վոլսկուն «вон из Нагорного Карабаха» ասեն և «երեք մատի կոմբինացիա ցույց տան»: Ե՞ս եմ Հենրի Պողոսյանին սուլել, երբ նա խնդրում էր Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդ չընտրել, Մոսկվայի դեմ անխոհեմ քայլ չանել:

Լեռնային Ղարաբաղի բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումար հրավիրողները, մարզային խորհուրդը և նրա գործկոմն իշխանազուրկ հայտարարողները չգիտեի՞ն, որ Մոսկվան վրեժխնդիր է լինելու: Չէ, դուք պատկերացրեք, ինչպես հիմա են ասում՝ գետնի վրա իրավիճակը. Մոսկվան Լեռնային Ղարաբաղ է գործողում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հանձնաժողով՝ ԳԽ Ազգությունների խորհրդի նախագահի տեղակալ Բորիս Օլեյնիկի գլխավորությամբ, որպեսզի ԼՂ խնդրի կարգավորման առաջարկություններ ներկայացնի, հանձնաժողովը մոտ տասը օր բազմաթիվ հանդիպումներ է ունենում, լսում հանրության ներկայացուցիչներին, վերադառնում Մոսկվա, իսկ ԼՂ «քաղէլիտան» ինկոգնիտո հավաքվում է Շոշ գյուղում և որոշում, որ Շարժման կոմունիստական և դեմոկրատական թեւերը գալիս են Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդ ստեղծելու համաձայնության:

Հիմա ասենք՝ այդ «կոնենսուսն» ինչի՞ կամ ու՞մ համար էր: Սահմանադրական իշխանության լուծարումն ի՞նչ նպատակ էր հետապնդում: Ու դարձյալ հարցնենք՝ պատահակա՞ն էր, որ երբ Ստեփանակերտում Վոլսկու Հատուկ կառավարման կոմիտեին «вон из Нагорного Карабаха» էին ասում, Բաքվում էլ Ադրբեջանի ժողովրդական ճակատն էր Վեզիրովին «կախաղան հանում»՝ պահանջելով, որ վերականգնի «Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սուվերենությունը»:

Այդ ժամանակ ոչ ոք չէ՞ր մտածում, որ եթե Լեռնային Ղարաբաղի սահմանադրական իշխանությունը լուծարվում, կազմավորվում է իշխանության ոչ սահմանադրական մարմին, ապա ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն այլ որոշում, քան ԼՂ-ն Ադրբեջանի իրավազորությանը վերադարձնելն է, չի կայացնի՝ ինչպես և եղավ 1989թ. նոյեմբերի 28-ին, Մոսկվան լուծարեց ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն, փոխարենը կազմավորեց Ադրբեջանի Կազմկոմիտե և նրան լիազորեց, որ անցկացնի մարզխորհրդի ընտրություններ, վերահաստատի ԼՂ սահմանադրական կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ:

Թռուցիկ, ոչ խորքային, քաղաքական գնահատականներից և, մանավանդ, վերագրումներից բացարձակապես զերծ դիտարկում է: Բայց թույլ տամ հարցնել. «Այս և մյուս՝ հրապարակայնացման ոչ ենթակա քայլերն ի՞նչ անվանում ունեն»: Արկածախնդրությու՞ն, ոչ կեմպետենտությու՞ն, թե՞՝ «վիրտուոզ դիվանագիտությու՞ն»: