20/03/2025

Ալիևի օգնական Հաջիևը չորեքթաթ վազել է Անկարա

Անկարայում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարցերի օգնական, Ադրբեջանի դե ֆակտո «արտգործնախարար» Հիքմեթ Հաջիևի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:

Հաջիևն ինքն է շտապել Անկարա, թե՞ նրան կանչել են՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի այցից հետո: Մի խոսքով, կարելի է ասել՝ Ալիևի օգնական Հաջիևը չորեքթաթ վազել է Անկարա ․․․

Համենայն դեպս, հատկանշական է, որ Լավրովից հետո Ֆիդանը հյուրընկալում է Հաջիևին՝ ըստ ամենայնի նրան որոշակի նորություններ հայտնելու համար: Ինչպիսի՞ն կլինեն դրանք Ռուսաստանի հետ կսմիթների մեջ գտնվող Ադրբեջանի համար՝ հաշվի առնելով այն, որ Թրամփի վարչակազմի հետ երկխոսություն սկսած Ռուսաստանը, անկասկած, իրեն զգում է ավելի ինքնավստահ:

Անկարան Բաքվին հորդորելու է իջեցնե՞լ «փուքսը», թե՞ Հաջիևի Անկարա այցը պայմանավորված է նրանով, որ քննարկվում է շատ կոնկրետ օրակարգ և գաղափար, որ Լավրովը ներկայացրել է նախ Անկարային, իսկ հաջորդ օրը՝ Թեհրանին:

Հիշեցնեմ, որ Լավրովի՝ Թեհրան ժամանելուց առաջ էլ Ժնևում կայացավ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների շփումը: Համենայն դեպս այն, որ Լավրովի Անկարա այցից, ըստ էության, մեկ օր անց Թուրքիայի արտգործնախարարությունում հյուրընկալվում է Հիքմեթ Հաջիևը, թերևս հուշում է, որ Ֆիդան-Հաջիև քննարկումը ենթադրել է որոշակի հրատապություն, իսկ էականության մասին է խոսում նաև թերևս այն, որ Ֆիդանին է այցելել Իլհամ Ալիևի համար ամենից վստահելի անձանցից մեկը:

Ռուսաստանը, ըստ ամենայնի, Լավրովի Անկարա և Թեհրան այցերի ընթացքում ոչ միայն ներկայացրել է Վաշինգտոնի հետ երկխոսության իր տեղեկատվությունը, այլ նաև, ըստ ամենայնի, այդ երկխոսության հանգամանքի վրա հիմնված որոշակի պատկերացումներ, որոնք հնարավոր է օրակարգային նոր դիտանկյուն են ենթադրելու Կովկասի համար:

Հատկանշական է, որ նախօրեին էլ Երևանը հայտարարեց, թե Բաքուն Երևանին փոխանցել է խաղաղության պայմանագրի նախագծի հերթական խմբագրումը, թեև հերթական անգամ հանրային դաշտում չկան դրա մանրամասները: