Դոնակդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու՝ ավելի վաղ պլանավորված մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից։
Տեղի ունեցած վիճաբանությունից հետո կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել։
Հանդիպումից հետո Թրամփը սոցցանցի իր էջում գրել է.
«Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման։ Նա Սպիտակ տանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ։ Ուկրաինայի նախագահը կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի»,- գրել է նա։
Սպիտակ տանը թեժ բանավեճ է տեղի ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վենսի միջև։
Թրամփը քննադատել է Ուկրաինայի ղեկավարին հակամարտության վերաբերյալ ունեցած դիրքորոշման համար, իսկ Զելենսկին պնդել է հակամարտությունը շարունակելու մասին և երաշխիքներ պահանջել, ինչը առաջացրել է ամերիկացի առաջնորդի սուր արձագանքը։
Թրամփը Զելենսկուն հետ վիճաբանության ժամանակ հիշեցրել է «հիմար նախագահ»-ից (խոսքը Ջո Բայդենի վարչակազմի կողմից հատկացված գումարի մասին է եղել) ստացած 350 միլիարդ դոլարի օգնությունն ու Ուկրաինայի նախագահին մեղադրել անշնորհակալ լինելու մեջ՝ ընդգծելով Ուկրաինայի թուլությունը։
«Կամ մենք ստորագրում ենք պայմանագիրը, կամ դուք դուրս եք գալիս դրանից։ Դուք ուժեղ դիրք չունեք։ Դուք պետք է ձեր երախտագիտությունը հայտնեք մեզ: Բայց չեք անում։ Դա վատ է: Դուք դժվար իրավիճակում եք, չունեք ուժեղ խաղաքարտեր։ Մենք ցանկանում ենք փրկել ձեր երկիրը և դադարեցնել հակամարտությունը, և դուք իրավունք չունեք ասելու, որ դա չեք ցանկանում։ Առանց մեզ դուք ոչինչ չունեք»,- ասել է նա՝ հավելելով, որ առանց այդ համաձայնության Ուկրաինայի ղեկավարին մնում է լքել խաղը։
Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը անխուսափելի է, և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում։
Այս մասին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ շեշտելով, որ Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ:
Ուկրաինայի նախագահը, սակայն, ասել է, որ երբեք չի ընդունի կրակի դադարեցումը՝ հակառակ խաղաղ գործընթացի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին։
«Մենք երբեք չենք ընդունի հրադադարը»,- հայտարարել է Զելենսկին՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 25 անգամ խախտել է Ուկրաինայի հետ նախկինում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները, ուստի Ուկրաինան չի պատրաստվում նորից հավատալ Ռուսաստանի խոստումներին։
Անդրադառնալով հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ստորագրվող համաձայնագրին, Զելենսկին նշել է, որ «դա դեռ ամենը չէ»՝ ակնարկելով, որ Կիևը դեռ սպասում է ԱՄՆ-ից նոր աջակցություն։
Զելենսկին Թրամփի հետ սկանդալային հանդիպումից հետո բացառիկ հարցազրույց կտա Fox News-ին: Ուկրաինայի նախագահը հանդես կգա Բայերի «Հատուկ թղթակից» հաղորդաշարում. ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
ԱՄՆ ակտիվության «թեման» Իրանն է
Ղրիմի ռուս – թուրքական «փորձությո՞ւնը», ինչ կհրահանգի Էրդողանին Թրամփը
Փողին մուննաթ․ Թրամփն անգամ կարող է թույլ տալ, որ Պուտինը վերականգնի Սովետը