28/02/2025

Վարչապետի խոսնակի տանից գողացվածը մեծ արժեք է ունեցել

«Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տունը թալանել են:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գողերը նրա տուն են մտել անխոչընդոտ՝ հարմարեցված բանալիով տան դուռը բացելով: Ինքը՝ Նազելի Բաղդասարյանը, հրաժարվում է «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածի մասին որեւէ տեղեկություն կամ մեկնաբանություն տալ (երկու անգամ փորձել ենք, բայց անարդյունք):

Բաղդասարյանը, որ Շիրակի մարզպետն է եղել նախկինում, իր մտերիմ շրջապատին պատմել է եղելությունը: «Ժողովուրդ» օրաթերթը Նազելի Բաղդասարյանի շրջապատից տեղեկացավ, որ նրա տանից գողացել են ոսկյա թանկարժեք զարդեր, ոսկեգույն մետաղյա զարդեր (կարծելով, թե ոսկի է), մեկ ժամացույց, թեւնոց եւ այլ իրեր: Ընդհանուր նախնական հաշվարկով, ըստ Նազելի Բաղդասարյանի մերձավորների, վարչապետի խոսնակին գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Բայց այս հաշվարկը խիստ նախնական է, այն կարող է ավելանալ կամ պակասել»:

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իր բնակարանից գողության դեպքի վերաբերյալ հրապարակումներին և քննարկումներին՝ գրելով.

«Լրատվամիջոցներին արտահոսք ապահովողներին խորհուրդ կտամ գոնե վնասի իրական չափը նշեն, ոչ թե քսանապատիկ ավել, հորինվածքն էլ արժանահավատ պետք է լինի, չէ՞։

Կներեք, որ «որոշների» սպասելիքները չեմ արդարացրել, կներեք, որ նախկին իշխանամերձ շրջանակների նման հարստություն չեմ դիզել, և առանձնակի խոշոր չափերի վնաս չի հասցվել։

«Մեղավոր» եմ, ինչ խոսք։

Էն ինքնահռչակ քաղաքապետացուին էլ ասեք, հաջորդ և մնացած բոլոր դեպքերում, երբ իմ անունը աջ ու ձախ կտա, կատարվածի համատեքստում՝ հրճվանքը չզսպելով կվայրահաչի, թող նաև քաջություն ունենա պարզաբանի, թե քրեական գործերով քանի գույք է իրեն վերագրվում, ապօրինի գույքի բռնագանձմամբ քանի շենք, շինություն ու գույք է կապվում իր և իր մերձավորների հետ։

Հա, մի բան էլ, խեղճն էնքաաաան անճար էր, որ 2018-ից հետո՝ պատգամավոր եղած ժամանակ, ի տարբերություն ինձ, ԱԺ-ից բնակարանային վարձի փոխհատուցում էր ստանում։ (Լրագրողները կարող են հարցում անել ԱԺ):

Թե բա, պետության փողերով հարստացածները…»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: