28/02/2025

Էրդողանը երկակի խաղ է խաղում, իբր ներկայանոմ է ԵՄ փրկիչ, որ տեղ զբաղեցնի ԱՄՆ – ՌԴ սիրախաղում

Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությանն առնչվում և միջազգային այլ հարցեր:

Ինչպես հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, Էրդողանը նշել է, որ կողմերի ընդհանուր շահերից է բխում Թուրքիայի մասնակցությամբ եվրոպական անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի պլանավորումը։

Էրդողանը նկատելիորեն թեքվել է դեպի եվրոպական տարածություն այն բանից հետո, երբ ձևավորվել է ռուս-ամերիկյան երկխոսության գործընթաց, որի մի ռաունդն էլ ի դեպ անցկացվեց նախօրեին Ստամբուլում, թեև առանց Թուրքիայի որևէ մասնակցության՝ փակ հանդիպման ձևաչափով:

Միջազգային քաղաքականության մեջ տեղի ունեցող շարժերը, հատկապես ԱՄՆ-Ռուսաստան գործընթացը, Էրդողանի համար, թերևս, առաջացրել է խաղային տարածությունից զրկվելու որոշակի մտահոգություն, հատկապես այն ուղղություններում, որոնք, կարծես թե, դարձել էին ամերիկա-ռուսական դիմակայության թիրախային գոտիներ՝ Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա:

Եթե ծավալվում է երկխոսություն, ապա Անկարայի համար առաջանում է «պահանջվածության» որոշակի նվազում, կամ դրա ակտիվ ռեժիմի նվազում, ինչը կարող է նաև ազդել Թուրքիայի աշխարհաքաղաքական կենսունակության վրա:

Անկարան այդ ուղղությամբ իր «պահանջվածության» որոշակի նվազման ռիսկի պայմաններում «փոխհատուցում» է փնտրում Եվրոպայի ուղղությամբ: Դրա մասին է վկայում ոչ միայն եվրոպական անվտանգության համատեքստում Կոստային հայտնած միտքը, այլ նաև ելույթը, որ Էրդողանն ունեցել էր և գնահատել Գերմանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունը՝ ակնարկելով, որ Գերմանիայի խորհրդարանում ընդդիմության կարգավիճակում:

Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության հաջողությունը աջ պոպուլիզմի հաղթանակ է, որից լիբերալ Եվրոպան կարող է փրկվել միայն Թուրքիայի օգնությամբ, ԵՄ-ին Թուրքիայի անդամության շնորհիվ: Իհարկե, «հնչում» է ծաղրանկարի նման՝ Էրդողանը փրկում է Լիբերալ Եվրոպան:

Սակայն ակնառու է, որ Անկարան ձևակերպում ու ներկայացնում է այդ հայտը, ինչը նշանակում է, որ խոսակցության ծավալման պարագայում այդ օրակարգն անխուսափելի առնչվելու է նաև Կովկասին: Հարցն այն է, թե ինչ տրամաբանությամբ, թեև գուցե հռետորական է հարցը: