28/02/2025

Գնամ նստեմ տունը, դիվա՞ն քշեմ, ի՞նչ անեմ․ Դատավորը՝ հեռանալու մասին․ Լուսանկար

Տարին դեռ նոր սկսված՝ 3 դատավոր հեռացվեց դատական համակարգից՝ Էդուարդ Ամալյանը, Ավագ Գաբրիելյանը եւ Արգիշտի Ղազարյանը։ Երկու դատարանների նախագահներ՝ Գաբրիելյանն ու Ղազարյանը, մի քանի օրվա տարբերությամբ անսպասելիորեն հրաժարականի դիմում ներկայացրին․ հունվարի սկզբին Վարչական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Արգիշտի Ղազարյանը, որը շարունակելու է պաշտոնավարել որպես դատավոր։

Հրապարակ թերթը գրել է․ Դրա նախօրեին էլ հրաժարական տվեց Երեւանի քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանը։ Փետրվարի սկզբին էլ, ըստ պաշտոնական տեղեկատվության, առողջական խնդիրներով պայմանավորված, դադարեցվեցին Կոտայքի մարզի  առաջին ատյանի դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանի լիազորությունները:

Դատավորների՝ իրար հետեւից հեռանալը դատական համակարգում պատահական չեն համարում։ Համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը նոր մեխանիզմ է կիրառում․ թիրախում հայտնված դատավորներին առաջարկում են հոժարակամ դիմում գրել, հեռանալ, որ իրենք չհեռացնեն, եւ հետագայում կարողանա դատավորի բարձր թոշակ ստանալ: Այն անձինք, որոնց ԲԴԽ-ն է հեռացնում, զրկվում են թոշակից:

Ավելին` շշուկներ կան, որ այս «լավությունը» ԲԴԽ-ն հենց այնպես չի անում` «փող է ուզում», որ լիազորությունների դադարեցմամբ չճանապարհի սեւ ցուցակ ընկած դատավորին: Մեր աղբյուրը շեշտեց, որ հիմա «հերթի» մեջ է Արտուշ Գաբրիելյանը։ Ոմանց անգամ խոստանում են որոշ ժամանակ անց նորից հետ վերցնել համակարգ: Եթե դատավորն առողջական պատճառներով է հեռանում, հետագայում` «առողջանալուց» հետո, հնարավորություն ունի վերականգնվել դատավորի պաշտոնում, ինչը չի լինի կարգապահական վարույթով լիազորությունները դադարեցնելու դեպքում։

Ի դեպ, մի արտառոց դեպք հաստատում է այս տեղեկությունները. ԲԴԽ էր հասել դատավոր Էդուարդ Ամալյանի վերաբերյալ կարգապահական վարույթը, սակայն ԲԴԽ-ն այն կարճեց` հիմքում դնելով այն, որ Ամալյանի լիազորությունները դադարեցվել են մինչեւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Այսինքն՝ Ամալյանն արդեն դիմումը գրել էր։

Ինչ վերաբերում է դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ապա նա հոկտեմբերին կարգապահական պատասխանատվության է ենթարկվել` հայտարարել են խիստ նկատողություն: Հաջորդ վարույթն արդեն պետք է ավարտվի լիազորությունների դադարեցմամբ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նոր ներդրված այս «մեխանիզմով» շուտով Գաբրիելյանը դիմում կգրի։

«Հրապարակ»-ը կապ հաստատեց դատավորի հետ, մեր հարցին, թե ազատման դիմո՞ւմ է գրելու՝ առողջական խնդիրներով պայմանավորված, նա պատասխանեց․ «Էս համակարգում ամենաառողջ մարդն ո՞վ ա` էդ ես եմ, ինձնից առողջ մարդ կա՞։ Մի երկու հատ ստենտ ունենք դրած, բայց նորմալ ա, առողջությունից չենք բողոքում»։ Իսկ հնարավո՞ր է դիմում գրեք՝ այլ հանգամանքով պայմանավորված։ «Գնամ՝ ի՞նչ անեմ, տարիքս արդեն թոշակառու․ գնամ նստեմ տունը, դիվա՞ն քշեմ, ի՞նչ անեմ։ Ես մտադրություն չունեմ»։ Ձեզ չե՞ն առաջարկել ինքնակամ հեռանալ։ «Ինձ ո՞վ կարա առաջարկի, ես հո բան չեմ․․․»: Վերեւներից, ԲԴԽ-ից նման առաջարկ չի՞ եղել։ «Չէ, չէ, իմ տարիքը․․․ ո՞վ կարա ինձ զանգի, նման բան ասի»։

«Հրապարակ». Գնամ նստեմ տունը՝ դիվա՞ն քշեմ. դատավորը՝ իր հեռանալու մասին