«Մենք մեր լավագույն հայորդուն կորցնում ենք ադրբեջանական բանտում»։
Կառավարության շենքի մոտ այսօր հայ ռազմագերիներին վերադարձնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու պահանջով իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում նման միտք հնչեցրեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Իր բավականին հուզական ելույթում Թանդիլյանը միասնականության, պայքարելու, հայի ճակատագրի համար վերջապես պատասխանատվություն ստանձնելու կոչ էր հնչեցնում: Եվ այո, հայ ռազմաքաղաքական ղեկավարության հետ Բաքվի բանտերում դատվում է մեզնից յուրաքանչյուրը, հայի անունը, մեր պատիվն ու արժանապատվությունն է այս պահին բանտված։ Ու այն, որ յուրաքանչյուր հայի պարտքն է ամեն հարթակ օգտագործել հայ ռազմագերիների՝ Հայաստան վերադարձը պահանջելու համար, անքննելի է։ Բայց այստեղ կա գուցե շատ փոքր թվացող, բայց խիստ կարևոր հանգամանք, որը շատերիս աչքից վրիպում է։
Կառավարության շենքի մոտ, ԱԳՆ-ի դիմաց, սոցհարթակներում ու մեդիադաշտում․․․, մեծամասամբ հնչում է մեկ անուն՝ Ռուբեն Վարդանյան։ Այն, որ Հրապարակում այս պահին իր բողոքի ձայնը հնչեցնող քաղաքացին ազնիվ մղումով է դուրս եկել պայքարի, կամ սոցհարթակներում հիբրիդային պատերազմ վարող քաղաքացիներն իրապես ուզում են, որ ժամ առաջ հայ ռազմագերիները վերադառնան մեր երկիր, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, առնվազն բարոյական չի լինի, բայց արդյո՞ք բարոյական է այս պահին անգամ միայն մեկ անուն դրոշակ դարձնելն ու բարձր թափահարելը։ Թող բնավ կարծիք չստեղծվի, թե Ռուբեն Վարդանյանի ավանդը որևէ կերպ նսեմացնելու կամ ցածրացնելու միտում ունենք՝ այս խնդիրը բարձրացնելով․ բոլորս էլ լավ հիշում ենք՝ ինչը հանուն ինչի է զոհաբերել Ռուբեն Վարդանյանը։
Մեր մատնանշած խնդիրն այլ է․ Բաքվում միայն նրա դեմքով չէ հայ արյունն ու անունը դատվում: Այսօր բոլորիս պայքարը պետք է լինի առնվազն 23 հայորդու համար, որոնցից յուրաքանչյուրի ավանդը հայապահպանության, հայրենիքի պաշտպանության գործում անգնահատելի է։ Իսկ մենք, չգիտես ինչու, անգամ հանուն արդարության պայքարում ենք պառակտված, անգամ այս դեպքում մեզ համար կան «հերոսներ» ու «ոչ այնքան հերոսներ»։
Գուցե այս վիճակի պատճառը նաև այն է, որ մեդիադաշտում հատկապես ու խիստ ակտիվությամբ տարածվում են Ռուբեն Վարդանյանի խոշտանգված նկարները, նրա նամակներն են դառնում հանրային, բայց դա պատճառ չէ մոռանալու ու չգիտակցելու, որ Բաքվի բանտում գտնվող յուրաքանչյուր հայորդի այսօր խոշտանգման վտանգի տակ է, նրանցից յուրաքանչյուրն ամեն օր կյանքի կռիվ է տալիս։ Ու վստահ ենք՝ նրանցից յուրաքանչյուրը նույն կտտանքների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի զոհն է, և զուտ միայն այն բանի համար, որ հայ են:
Ուստի, այսօր ոչ թե մենք մեր լավագույն հայորդուն, այլ մենք մեր լավագույն հայորդիներին, իսկ որ ավելի ճիշտ է՝ հայ տեսակն ենք կորցնում Բաքվի բանտերում, և դուք, տիկին Թանդիլյան, ի տարբերություն շարքային քաղաքացու, շատ ավելի զգուշությամբ պիտի ընտրեք Ձեր խոսքը, քանի որ հանուն վեհ գաղափարների, հանուն արդարության պայքարում պառակտումներն աններելի են։
Բաց մի թողեք
Հայաստանի իշխանություններն իրենց լռությամբ հանցակից են Ադրբեջանի հետ․ Առաքելյան
Հայկ Մարությանը զորակցություն է հայտնել հայ գերիներին, Ռուբեն Վարդանյանին
Այցելում եմ Վայոց ձորի մարզ, որը մասնակիորեն օկուպացված է Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի դեսպան