22/03/2025

Վարչապետին էլի են խաբելու, չեն ասելու՝ թերացել ենք․ Դատախազորւթյունը Արամ Դանիելյանի կնոջից գոյություն չունեցող հող է իբր բռնագանձել

Գլխավոր դատախազությունը Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կնոջ՝ Զարիկ Գեւորգյանի դեմ ներկայացրած իր իսկ հայցի ձեռք կրակն է ընկել։

Պարզվում է 2019-2020 թվականներին, երբ Գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել ընդդեմ Զարիկ Գեւորգյանի՝ Ծաղկաձոր քաղաքում գտնվող 0,55 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության վերադարձնելու վերաբերյալ, իրականում նրան չի պատկանել։ Մեզ պատմեցին, որ դատախազությունը հայցադիմումում ներկայացրել է հողամասի գտնվելու վայրի այլ հասցե, իսկ իրականում հողատարածքն այլ հասցեում է եղել։

Զավեշտալին այն է, որ մինչ պաշտպանական կողմը տարիներ շարունակ դատարաններում աղաղակել է հայցադիմումում առկա բազամաթիվ խախտումների վերաբերյալ, Հակակոռուպցիոն դատարանը, հետո նաեւ վերադաս ատյանները բավարարել են դատախազության հայցն ու հօգուտ ՀՀ-ի բռնագանձել խնդրո առարկա հողատարածքն, ինչն իրականում գոյություն չունի։

Մենք կապ հաստատեցինք Արամ Դանիելյանի հետ, նա մեզ ասաց, որ իրավական մանրամասների համար դիմենք փաստաբանին։ Վերջինիս փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեզ ասաց․ «Գխավոր դատախազությունը Արամ Դանիելյանի կնոջ՝ Զարիկ Գեւորգյանի դեմ հայց էր ներկայացրել դատարան՝ ամոթ էլ չեն անում 20 տարվա գյուղատնտեսական հող են ուզում բռնագանձել, հարց չկա։ 4 տարի պայքարեցինք՝ իր բոլոր կանոններով, մինչեւ Վճռաբեկ դատարան, մտավ ուժի մեջ, Վճռաբեկն էլ թողեց ուժի մեջ, թե Զարիկը պետք է հողը հետ տա։ Պարոն վարչապետին էլ պատմել են, որ կես հեկտար հող, շեֆ, հող ենք խլել նախկիններից մեկի կնոջից։ Կադաստրն ասում է՝ ես չգիտեմ ինչ եք խլել, բայց տենց հող գոյություն չունի, ֆիզիկապես գոյություն չունի։ Իրենք, դիցուք, պետք է գրեին, որ Զարիկ Գեւորգյանին պատկանող, օրինակ, Լենինի փողոցի 4-րդ հասցեի հողամասը, գրել են նրան պատկանող Բրեժնեւի փողոցի 8 հողամասը, դատարանը քննել է, կրել են»:

Ըստ փաստաբանի՝ դատախազությունը զրոյից նոր հայց է ներկայացրել դատարան՝ այս անգամ իրենց պատկերացմամբ հողտարածքի ճիշտ հասցեն ներկայացնելով․ «Հիմա էլ 4 տարի պիտի դատվենք, ստեղ էլ մի խնդիր կա, որի մասին ես պիտի պատմեմ 4 տարի հետո։ Վստահ եմ ասում՝ ունենալու են նույն արդյունքը։ Էս ընթացքում վարչապետին էլի են խաբելու, չեն ասելու՝ թերացել ենք։ Իրենք չպատմեն, ես եմ պատմելու, որ խաբել են Ձեզ»:

Translate »