Ի պաշտպանություն Բաքվի բանտում հացադուլ սկսած Ռուբեն Վարդանյանի՝ նրա թիմակից, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն արդեն 4 օր ու գիշեր հացադուլ է իրականացնում Ազատության հրապարակում: Հացադուլի երրորդ օրը Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել էր։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Թանդիլյանի քաղաքական գործընկեր Մեսրոպ Առաքելյանը «Հրապարակ»-ին ասաց՝ սրտի հետ կապված խնդիր է եղել, բժիշկները պարբերաբար հսկողություն են իրականացնում։ Մանե Թանդիլյանը, չնայած առողջական խնդիրներին, շարունակում է հացադուլը։ Առաքելյանի խոսքով՝ այսպես նա առաջնահերթ խնդրում է արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնել այն։ «Ամեն օրը կյանքին սպառնացող վտանգներ կարող են առաջանալ, դրա համար մեր այս պահի հրատապ խնդիրը Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլի դադարեցումն է»,- ասաց նա։
Գերիների վերջին դատավարությունից հետո սահմռկեցուցիչ նկարներ հրապարակվեցին՝ Ռուբեն Վարդանյանի դեմքը կապտուկների մեջ, Բակո Սահակյանի ատամները կոտրված։ Միջազգային հանրությունն անհաղորդ է այս ամենին։ «Այս պահին դեռ առարկայական որեւէ արձագանք չենք տեսել։ Ստացվում է, որ միջազգային հանրությունն իր լռությամբ աջակցում է այդ վայրագություններին։ Նրանք օր առաջ պետք է իրենց մարդասիրական պարտականությունները կատարեն։ Միջազգային նորմերի բազմաթիվ խախտումներ կան, հետեւաբար ե՛ւ Կարմիր խաչը, ե՛ւ ցանկացած պետություն պարտավոր է հստակ դիրքորոշում հայտնել»,- նշեց նա։
Տեւական ժամանակ անտարբերությամբ եւ լռությամբ՝ Բաքվում պահվող գերիներին մոռացության տված Փաշինյանը Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Բաքվում հայ գերիների դատավարություններից հրապարակված լուսանկարների, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին խոշտանգելու մասին հարցերին, ասել էր, թե նախկինում հայտարարություններ չեն արել, որ չսադրեն։ «Մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ, որ նրանց նկատմամբ կիրառվում են… Արդեն իսկ խոշտանգումների մասին տեղեկությունները բացահայտ են։ Մենք չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում։ Ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում այդ մասին. տեսնում ենք, որ այլեւս սադրել չենք կարող, արդեն դա տեղի է ունեցել»,- ասել էր նա։
Փաշինյանը նույնիսկ այս հարցում է փորձում ջրից չոր դուրս գալ։ Մեսրոպ Առաքելյանը հիշեցնում է ասուլիսի ժամանակ արած նրա հայտարարությունը, երբ «Հրապարակ»-ի լրագրողը հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Ալիեւի հետ հեռախոսազրույց ունեցել է, հետաքրքրվե՞լ է, թե ինչու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը բաց չի թողնում, օրինակ, ինչու Ռուբեն Վարդանյանին բաց չի թողնում։ Այս հարցից Փաշինյանը «ցնցումների» մեջ էր ընկել եւ գերիներին ու մասնավորապես Ռուբեն Վարդանյանին վնասող հայտարարություն էր արել։ «Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ո՞վ նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստան, ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով: Եվ ո՞վ վերջում ասաց՝ դե, գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետեւ ինքը, ոնց որ, այլ երկրի քաղաքացի է: Մենք այս հարցերին ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում: Դա, իրոք, լուրջ խնդիր է, որով մենք պետք է զբաղվենք եւ զբաղվում ենք»,- ասել էր նա՝ սադրելով նոր մեղադրանքների հարուցում եւ նեգատիվ վերաբերմունք Վարդանյանի նկատմամբ։
Արդյո՞ք անկեղծ է Փաշինյանը, երբ ասում է, թե չի խոսում գերիներից, որ չվնասի նրանց։ «Քանի որ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան Ձեր հարցին ասում էր՝ հլը պիտի ճշտի, թե Ռուբեն Վարդանյանին ով է ուղարկել Արցախ․․․ դա՞ էր նրա չվնասելը։ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի միակ ճիշտ բանն իշխանությունից հեռանալն է, որովհետեւ ամեն օրը նրանք միայն խնդիրներ են առաջացնում։ Այս թիմն իրեն պահում է սովորական քաղաքացու պես, ընդամենը մտահոգման մասին են խոսում, մինչդեռ նրանց գործը ոչ թե մտահոգվելն է, այլ կտրուկ քայլեր գործադրելը, միջազգային հանրության հետ աշխատելը։ Այո, իրենք կարող են լուռ զբաղվել դիվանագիտական աշխատանքով, բայց միջազգային հանրությունն առնվազն այդ աշխատանքի արդյունքում գոնե պետք է հստակ դիրքորոշում հայտներ, գործողություններ աներ։ Ինչպես տեսնում եք, ամբողջ աշխարհն է լուռ, ինչպես՝ Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Առաքելյանը։
Բաց մի թողեք
Վարդանյանը գիտակցում է վրեժխնդրության ռիսկերը եւ կրում դրանց փաստացի հետեւանքները․ Սիրանուշ Սահակյան
Ինչ են ասել կալանավորները Սրբուհի Գալյանին. Լուսանկար
Հիմա էլ բոլոլան Մեղրի է տեղափոխվել